ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի անդրադարձել է վարչակազմի ձեռնարկած քայլերին Silicon Valley Bank-ի (SVB) և Signature Bank-ի սննկացման վեաբերյալ և հայտարարել, որ Կոնգրեսին կխնդրի խստացնել բանկերի կանոնակարգերը:
Նախագահն ընդգծել է, որ վարչակազմի արագ գործողությունները պետք է ամերիկացիներին վստահություն հաղորդեն երկրի ֆինանսական համակարգի անվտանգության նկատմամբ։
«ԱՄՆ բանկային համակարգը առողջ է»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը։
Կիրակի ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ նախագահն ասել է, որ «ֆինանսների նախարարը և Ազգային տնտեսական խորհրդի (NEC) տնօրենը ջանասիրաբար աշխատում են բանկային կարգավորիչների հետ՝ կարգավորելու սննկացած բանկերի հետ կապված խնդիրները:
Երկուշաբթի օրը ելույթ ունենալով` նախագահն ասել է, որ հարկատուների գումարները չեն օգտագործվի խնդիրը լուծելու համար։
«Ողջ գումարը ճգնաժամից դուրս գալու համար կհատկացվի ապահովագրական հիմնադրամից», - նշել է Բայդենը:
Նոր միջոցները ներառում են երկու բանկերում ավանդների երաշխավորում, նոր հնարավորությունների ստեղծում բանկերի համար՝ արտակարգ հիմնադրամերից օգտվելու համար և արտակարգ իրավիճակներում Դաշնային պահուստից վարկ տրամադրելու մեխանիզմների դյուրացում բանկերի համար:
Your browser doesn’t support HTML5
Բայդենն ընդգծել է, որ բանկերի ղեկավարությունը պատասխանատվության կենթարկվի։ «Ոչ ոք օրենքից վեր չէ», հայտարարել է նախագահը։
Նրա կիրակնօրյա հայտարարության մեջ ասված է, որ «ամերիկյան ժողովուրդը և ամերիկյան բիզնեսը կարող են վստահ լինել, որ իրենց բանկային հաշիվները կլինեն անվտանգ և առողջ»:
Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան երկուշաբթի հայտնել է, որ փոխանցել է սիլիկոնյան հովտի բանկի բոլոր ավանդները նորաստեղծ «անցումային» բանկի հաշվին, և որ երկուշաբթի առավոտվանից բոլոր ավանդատուներին հասանելի կլինեն իրենց գումարները:
«Մենք չպետք է թույլ տանք, որ այս իրավիճակը կրկնվի», - ընդգծել է նախագահ Բայդենը։
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն իր հերթին կիրակի հայտարարել է, որ սերտորեն համագործակցում է բանկերի կարգավորիչների հետ՝ սննկացած բանկերի հարցով, որպեսզի ապահովվեն ավանդատուների գումարները: Նա ընդգծել է, սակայն, որ սննկացած բանկերի փրկության հարցը չի քննարկվում:
CBS-ի հետ զրույցում ֆինանսների նախարարն ասել է, որ ինքը փոխգործակցում է կարգավորիչների հետ՝ «իրավիճակը շտկելու նպատակով համապատասխան քաղաքականություն մշակելու ուղղությամբ», և որ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո իրականացված բարեփոխումների արդյունքում բանկի փրկության միջոցառումներ անցկացնելու կարիք չկա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները շտապեցին իրենց վերահսկողության տակ առնել Silicon Valley Bank-ի բանկային ակտիվները այն բանից հետո, երբ բազմաթիվ ավանդատուներ ցանկություն հայտնեցին հանել իրենց գումարները: Երկրի 16-րդ ամենախոշոր բանկի կապիտալի զգալի մասը կազմում են տեխնոլոգիական և վենչուրային կապիտալի ընկերությունների աշխատակիցների ավանդներ, ովքեր որոշեցին հանել իրենց գումարներն այս շաբաթ:
«Քանի որ ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը վերջին մեկուկես տարում բարձրացրեց տոկոսադրույքները՝ գնաճի դեմ պայքարելու համար, ներդրողներից գումար ստանալու հնարավորությունը գնալով ավելի դժվարացավ ստարտափների համար: Այսպիսով, այդ բանկային հաշվին նստած գումարը պարզապես բանկային միջոցներից վերածվեց ներդրումային գումարի, որի կարիքն ունեն այստեղ ավանդներ ունեցող ստարտափները: Արդյունքում, նրանք սկսեցին գումար հանել Սիլիկոն Վելի բանկից՝ իրենց ծախսերը հոգալու համար»,- բացատրում է Associated Press-ի ֆինանսական վերլուծաբան Քեն Սվիթը:
Սա ԱՄՆ պատմության մեջ երկրորդ խոշորագույն բանկային ցնցումն էր՝ ավելի քան մեկ տասնամյակ առաջ ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահին Washington Mutual-ի սննկացումից հետո: Ֆինանսական վերլուծաբան Ալեքսանդր Յոկումի կարծիքով սակայն բանկերի մեծամասնությունը խնդիր չեն ունենա այս դեպքում:
«Սա, համենայն դեպս, 2008 թվականի իրավիճակը չէ: Բանկերը շատ ավելի լավ վիճակում են, քան նախկինում: Կարևոր է նշել, որ խնդիրը կապված չէ վարկավորման հետ: Այնպես չէ, որ մարդիկ մեծ չափով դեֆոլտի են ենթարկվում: Նրանք պարզապես հանում են իրենց գումարները, ուստի դա մի տեսակ ինքնանպատակ է»,- ասում է նա:
Բանկային հատվածում լարված վիճակը շարունակվեց ողջ շաբաթվա ընթացքում, և Silicon Valley Bank-ի սնանկացման արդյունքում անկում ապրեցին գրեթե բոլոր ֆինանսական հաստատությունների բաժնետոմսերը:
Silicon Valley Bank-ի սնանկացումը տեղի ունեցավ շատ արագ: Արդյունաբերության որոշ վերլուծաբաններ դեռ վերջերս դրական էին արտահայտվում ընկերության հասցեին: Բանկի ղեկավարությունն ուրբաթ առավոտյան փորձել է կապիտալ ներգրավել և լրացուցիչ ներդրողներ գտնել։ Այնուամենայնիվ, բանկի բաժնետոմսերի վաճառքը դադարեցվել էր Ուոլ Սթրիթում՝ ծայրահեղ անկայունության պատճառով:
Կեսօրից քիչ առաջ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC) որոշել է փակել բանկը: Կորպորացիան անմիջապես չի կարողացել գնորդ գտնել բանկի ակտիվների համար, ինչը վկայում է ավանդատուների զգալի մասի կողմից գումարների դուրսբերման մասին։ Մնացած չապահովագրված ավանդները կլինեն արտաքին կառավարման ներքո։
Ըստ ապահովագրման դաշնային կորպորացիայի՝ սնանկացման պահին բանկի ընդհանուր ակտիվները կազմում էին 209 միլիարդ դոլար: Պարզ չէ, թե ավանդների որ մասն է գերազանցել $250,000 ապահովագրական սահմանաչափը, սակայն նախկին զեկույցները ցույց են տվել, որ այդ համամասնությունը զգալի է եղել: Ապահովագրման դաշնային կորպորացիան ուրբաթ օրն ասել է, որ մինչև 250,000 դոլար ավանդները հասանելի կլինեն ավանդատուներին երկուշաբթի՝ մարտի 13-ի առավոտվանից:
Հոդվածը պատրաստվել է Associated Press, Reuters գործակալությունների նյութերի հիման վրա