Հանրապետականները թիրախավորում են նախագահ Բայդենին Ներկայացուցիչների պալատում. մեկնարկել է նորընտիր Կոնգրեսի նստաշրջանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները խոստանում են ուշադրությամբ հետաքննել Բայդենի վարչակազմի քայլերը բազմաթիվ հարցերի շուրջ

Անցած ամիս մեկնակել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր նստաշրջանը, ուր մեծամասնություն են կազմում հանրապետականները: Այսպիսով սկիզբ է դրվել Վաշինգտոնում բաժանված կառավարության նոր դարաշրջանի: Հանրապետականները խոստանում են խիստ վերահսկողություն Սպիտակ տան հանդեպ:

«Չեմ կարծում, որ կասկածից վեր է, որ արդարությունը հասանելի է հավասարապես բոլորին: Մենք այս վարչակազմի պարագայում, սակայն, պարզեցինք, թե ինչ է տեղի ունեցել յուրաքանչյուր ընտրություններից առաջ, որոնք նրանք օգտագործում են՝ փորձելով իրենց սեփական համոզմունքների համար տարբեր չափանիշներ սահմանել: Ամերիկայում դա չի անցնում»,- հայտարարել է խոսնակ Մաքքարթին:

Հանրապետականները պնդում են, որ Բայդենի վարչակազմը չարաշահել է իր լիազորությունները: Նրանք մատնանշում են վարչակազմի արձագանքը զանգվածային ներգաղթին Ամերիկայի հարավային սահմաններում:

«Ամիս առ ամիս մենք ռեկորդներ ենք սահմանել ներգաղթի հարցում: Եվ անկեղծ ասած, կարծում եմ, որ դա միտումնավոր էր: Ես չգիտեմ, թե ինչպես կարող է առողջ բանականության կամ տրամաբանության տեր մարդն այլ եզրակացության հանգել։ Դա կարծես թե միտումնավոր և կանխամտածված էր արված»,- պնդում է կոնգրեսական Ջիմ Ջորդանը Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովից։

Your browser doesn’t support HTML5

Նախագահ Բայդենը հանրապետական կոնգրեսականների թիրախում. Ներկայացուցիչների պալատում մեկնարկել է նոր նստաշրջան

Հանրապետականները ակնարկում են նաև քաղաքական նպատակներով դաշնային կառավարությունն օգտագործելու մեղադրանքները:

«Մենք պատրաստվում ենք վերադարձնել այս հանձնաժողովի հիմնական առաքելությունը, որպեսզի վստահ լինենք, որ հարկատուների դոլարները սխալ չկառավարվեն, չչարաշահվեն կամ չվատնվեն, բարելավվի դաշնային բյուրոկրատիայի հետ կապված վիճակը՝ կանխելու համար կոռուպցիան և ինքնագործունեությունը: Պետք է համոզվենք, որ մեր դաշնային կառավարությունն արդյունավետորեն աշխատում է ամերիկյան ժողովրդի համար»,- հայտարարում է կոնգրեսական Ջեյմս Քոմերը Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողից:

Հանրապետականները նաև նախատեսում են հետաքննություն անցկացնել նախագահի ընտանիքի վերաբերյալ, ներառյալ այն մեղադրանքների շուրջ, ըստ որոնց՝ Բայդենի որդի Հանթեր Բայդենը չարաշահել է իր հոր պաշտոնները:

Գործադիր իշխանության վերահսկողությունը Կոնգրեսի դերի առանցքային մասն է, և վերլուծաբանները նկատում են, որ այս հետաքննությունները սովորական են, երբ ԱՄՆ-ի իշխանությունը բաժանված է:

«Նույնիսկ բաժանված կառավարության դեպքում Կոնգրեսի հետաքննությունները կարող են որոշակի լավ արդյունքների հանգեցնել, բայց որպեսզի այն իսկապես շահավետ ազդեցություն ունենա, երկու կողմերն էլ պետք է համագործակցեն»,- ասում է Վիրջինիայի համալսարանի պատմաբան Քեն Հյուզը:

Սակայն դեմոկրատները պնդում են, որ հետաքննությունները անարդարացիորեն թիրախավորում են նախագահին:

«Շատ ցավալի է, որ ականատես ենք ծայրահեղ MAGA հանրապետական օրակարգի, որն, ըստ երևույթի, տարված է իմպիչմենտի և հետաքննությունների գաղափարով: Նրանց նպատակն է վհուկների որսը, այլ ոչ թե աշխատող ընտանիքների բարեկեցությունը»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ, կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիսը:

Բացի այդ, ցանկացած օրենսդրական փոփոխություն Ներկայացուցիչների պալատի կողմից կարող է արգելափակվել դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում:

«Այստեղ օրենսդիրների համար լայն հնարավորություն է ստեղծված՝ օգտագործելու հետաքննություններն ու ստիպելու մարդկանց գալ այստեղ ու վկայություն տալ, թեև ոչ ոք չի ակնկալում, որ դրանք կհանգեցնեն իրական փոփոխությունների»,- նկատում է Բրուքինգսի ինստիտուտից Սառա Բայնդերը:

Բայդենի առանձնատանը գաղտնի փաստաթղթերի հայտնաբերումը ևս առիթ է Ներկայացուցիչների պալատում հետաքննություն սկսելու համար: Այսպիսով, հանրապետականները հույս ունեն թիրախավորել նախագահին 2024 թվականի ընտրություններից առաջ:

«Կոնգրեսի հետաքննությունները, որոնք մենք կարող ենք վերհիշել պատմությունից, անկասկած, խաթարում են նախագահի վարկանիշը:
Նրանք իսկապես ազդում են նախագահի մասին հանրային կարծիքի վրա»,- ասում է Բայնդերը։

Անցյալ շաբաթ արդեն մեկնարկել են առաջին վկայությունները Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների շրջանակում:

Հոդվածը պատրաստվել է Կոնգրեսում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Քեթրին Գիփսոնի նյութի հիման վրա