Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության նպատակները


Հիմա, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին վերջապես տվեց այս պաշտոնում իր երդումը, հանրապետական օրենսդիրները կարող են սկսել աշխատել իրենց օրակարգի վրա։ Հարցերը լի են թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում:

Չորս օր տեւեց, որպեսզի Ներկայացուցիչների պալատն ընտրեր իր նոր խոսնակին: Հաղթահարելով ծայրահեղ աջ մի շարք հանրապետական կոնգրեսականների արգելքը`Քևին Մաքքարթին ի վերջո ստանձնեց այս պաշտոնը, եւ խոստացավ զսպել Ջո Բայդենի վարչակազմի գործողությունները: «Մենք ճահճին պատասխանատվության կենթարկենք` Աֆղանստանի դուրսբերումից մինչև COVID-ի ակունքները’’, հայտարարեց նա:

Իսկ մինչեւ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում հաստատվելը, Մաքքարթին ստիպված եղավ գնալ մի շարք զիջումների: Եվ նա ստիպված է լինելու հարգել իր տված խոստումները, քանի որ, ըստ օրենքի, ստորին պալատի որեւէ անդամ կարող է հրավիրել ներքին ընտրություն, նրան այս պաշտոնից հեռացնելու համար:

Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակն այժմ պետք է նաեւ ուղիներ որոնի Բայդենի վարչակազմի հետ բանակցություններ վարելու համար այնպիսի ծանր հարցերի շուրջ, ինչպիսիք են ներգաղթը և ծախսերի կրճատումը:

Նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որտեղ շնորհավորում է Մաքքարթիին և ասում, որ ինքը «պատրաստ է աշխատել հանրապետականների հետ»:

Ներկայացուցիչների պալատի հանրապետականներն էլ ցանկանում են հետաքննություն սկսել նախագահի վարչակազմում եւ ուսումնասիրել նրա ընտանիքի բիզնես գործարքները:

Դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսը NBC-ի Meet the Press-ին ասել է, թե հուսով է, որ կկարողանա ընդհանուր լեզու գտնել նոր խոսնակի հետ՝ հանուն Ամերիկայի ժողովրդի:

«Ամերիկայի Ձայն»-ի լրագրողներին վաշինգտոնաբնիկներից շատերն են ասում, թե հույս ունեն, որ կողմերը կկարողանան գտնել երկրի ներսում ծառացած խնդիրների լուծման ուղիները:

Ոմանք էլ ասում են, թե արտաքին քաղաքականության մեջ չափազանց մեծ փոփոխություն չեն տեսնում, ու կարծում են, որ հանրապետականները պատրաստվում են իրականացնել ֆինանսական մեծ ներդրումներ՝ զսպելու համար անօրինական ներգաղթը»։

Իսկ սրանք զգայուն թեմաներ են, որոնք կարող են վերածվել կոշտ բանակցությունների, երբ դեռեւս մեկ թափուր աթոռ ունեցող Ներկայացուցիչների պալատում հանրապետականները դեմոկրատների նկատմամբ ունեն փոքր առավելություն` ձայների 222-ը 212-ի հարաբերակցությամբ:

Արամ Վանեցյան

Վերոնիկա Իգլեսիաս,

XS
SM
MD
LG