Հետաքննությունների դաշնային բյուրոն լրացուցիչ գաղտնի փաստաթղթեր է հայտնաբերել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի Դելավերի առանձնատանը խուզարկության ժամանակ, որը տեղի էր ունեցել առաջնորդի համաձայնությամբ:
Որոշ փաստաթղթեր թվագրված են այն ժամանակներով, երբ Բայդենը սենատոր էր: Դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը չի բացառում , որ այստեղ առկա է ընթացակարգային բացթողում: Նա դա որակում է պատահականություն, որն արժանի չէ այդչափ ուշադրության:
ABC/NEWS Ipsos-ի նոր հարցումը, որն անցկացվել է նախքան ՀԴԲ-ի վերջին բացահայտումները, ցույց է տալիս, որ ամերիկացիների 64%-ը կարծում է, որ նախագահ Բայդենը թերացել է գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելիս: Հարցվածների 77%-ը, սակայն, ավելի լուրջ է համարում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնը լքելուց հետո իր տանը գաղտնի նյութերի հայտնաբերումը:
Երկու ղեկավարներն էլ ներկայումս հետաքննվում են արդարադատության նախարարության կողմից նշանակված հատուկ հետաքննողների կողմից: ՀԴԲ-ի խուզարկումից մեկ օր առաջ նախագահ Բայդենը կրկնեց, որ ամբողջությամբ համագործակցում է հետաքննության հետ:
«Ես կարծում եմ, որ այստեղ որևէ հանցանք չի հայտնաբերվի: Ես հետևում եմ այն ամենին, ինչ ասում են ինձ իմ փաստաբանները»,- ասում է նախագահ Բայդենը:
Հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլն ABC-ին ասել է, թե հնարավոր քաղաքական հետևանքների չափը կախված կլինի մի քանի գործոններից:
«Ուոթերգեյթը սկսել է որպես շատ փոքր գործ: Դա իսկապես հանգեցրեց Միացյալ Նահանգների նախագահի հրաժարականին: Այնպես որ, ես չգիտեմ, թե ինչ կա այնտեղ, մինչև չտեսնենք փաստաթղթերը»:
Թե ինչու և՛ ներկայիս, և՛ նախկին նախագահները գաղտնի փաստաթղթեր ունեին իրենց մոտ Ազգային արխիվում դրանք պահելու փոխարեն պետք է պարզաբանեն իրավապահները:
«Մտադրվել ե՞ք որևէ մեկին վնասել կամ որևէ անպատասխանատու քայլի դիմել: Չեմ կարծում և հուսով եմ, որ նրանցից ոչ մեկն էլ նման քայլի չի դիմել, բայց անշուշտ, դա անպատասխանատու է»,- պնդում է սենատոր Ջո Մանչինը:
Նա ընդգծել է, որ ամերիկացի ժողովուրդը ցանկանում է տեսնել հաշվետու գործիչների, և որ անհրաժեշտ է բարելավել համակարգում առկա զսպումներն ու հակակշիռները։
Հոդվածը պատրաստվել է Վերոնիկա Բալդերաս Իգլեսիասի նյութի հիման վրա