Բնական գազի հսկայական արտահոսք էր արձանագրվել Բալթիկ ծովով, երբ սեպտեմբերին վնասվել էր Ռուսաստանը Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք» գազատարը:
Ջրի հատակից ստացված տեսանյութերում երևում է, որ վնասվել է առնվազն 50 մետր խողովակաշար: Շվեդ հետաքննողները հայտնաբերեցին պայթեցման հետքեր:
Արևմուտքը Ռուսաստանին կասկածում է դիվերսիայի մեջ: Միջադեպից օրեր անց Մեծ Բրիտանիան հայտարարեց իր ստորջրյա պաշտպանական կարողությունների մեծացման ծրագրերի մասին:
«Ռուսաստանը չի թաքցնում, որ կարող է թիրախավորել նման ենթակառուցվածքներ: Այսպիսով, այդ պատճառով ցանկանում եմ հայտարարել, որ մենք վերջերս պարտավորվել ենք ստեղծել երկու մասնագիտացված նավեր, որոնք կարող են անվտանգ պահել մեր մալուխները և խողովակաշարերը»,- ասում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
Your browser doesn’t support HTML5
Ըստ բրիտանական նավատորմի՝ այդ նավերից մեկը կգործի որպես «մայր նավ»՝ ապահովելով հեռահար և ինքնավար համակարգերի գործունեությունը՝ ստորջրյա վերահսկողության համար ծովի հատակին:
Միլիոնավոր կիլոմետր երկարությամբ ստորջրյա մալուխները և խողովակաշարերը կարևոր գլոբալ նշանակություն ունեն էներգիայի և տվյալների փոխանցման հարցում:
«Արևմուտքի մի շարք հակառակորդներ, հատկապես Ռուսաստանը, մշակում են հատուկ կարողություններ, օրինակ սուզանավեր՝ թիրախավորելու հենց այս ենթակառուցվածքները»,- նշում է Royal United Services Institute-ի վերլուծաբան Սիդհարթ Քաուշելը:
Ռուսաստանը հերքում է «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի նկատմամբ դիվերսիաներ իրականացնելու ակնարկները: Սակայն դիտորդներն ասում են, որ Կրեմլն ավելի ու ավելի է դիտարկում արևմտյան ստորջրյա ենթակառուցվածքները որպես թիրախներ: Դեկտեմբերի վերջին Ռուսաստանը գործարկեց չորս նոր ռազմանավ, այդ թվում՝ երկու միջուկային սուզանավեր։
«Նրանք ունեն բարձր ճշգրտության զենքեր և ռոբոտային համալիրներ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը անցյալ ամիս ստեղծեցին կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ աշխատանքային խումբ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրեց դաշինքի դիրքորոշումը՝ «Հյուսիսային հոսքի» պայթյունից հետո:
«Դաշնակիցների կարևոր ենթակառուցվածքի դեմ ցանկացած կանխամտածված հարձակում կարժանանա միասնական և վճռական պատասխանի։ Հիբրիդային և կիբերհարձակումները կարող են հանգեցնել 5-րդ հոդվածի կիրառմանը և դիտարկվել որպես զինված հարձակում ՆԱՏՕ-ի դաշնակցի դեմ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Արևմուտքը պետք է հստակեցնի իր ներգրավվածության կանոնները, ասում է վերլուծաբան Քաուշալը: Այս տեսակի սպառնալիքներին հակազդելու համար անհրաժեշտ է, ըստ վերլուծաբանի, վերանայել կազմակերպչական կանոնակարգերը՝ մի կողմից մարդկային զոհերից խուսափելու, մյուս կողմից արդյունավետ հակահարված տալու համար:
Վերլուծաբաններն ասում են, որ ռազմածովային ուժերը պետք է արագ հմտանան ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար, քանի որ հակառակորդները հիբրիդային պատերազմում նոր հարձակողական կարողություններ են զարգացնում:
Հոդվածը պատրաստվել է Հենրի Ռիդգվելի նյութի հիման վրա