«Պուտինի խոհարարը» հերքում է իրենց զինյալների կողմից ռազմական հանցագործությունների մասին վկայությունները

Եվգենի Պրիգոժինը կրեմլամետ հարթակում հրապարակված հոդվածում պաթոսային և կեղծ կերպով հերքել է իր վարձկանների ռազմական հանցագործությունների մասին պնդումները՝ ԱՄՆ-ում «Վագներ» ՄՌԸ-ն որպես անդրազգային հանցավոր կազմակերպություն ճանաչելու նախաշեմին։

Հունվարի 21-ին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարեց, որ Վագներ խումբը՝ ռուսական մասնավոր ռազմական ընկերությունը, որը հայտնի է նաև որպես «Վագներ» ՄՌԸ, կճանաչվի անդրազգային հանցավոր կազմակերպություն։

Դրանից հետո Միացյալ Նահանգներում «Վագներ» ՄՌԸ-ի բոլոր ակտիվները կսառեցվեն, ամերիկացիներին և ամերիկյան ընկերություններին կարգելվի մատակարարել, ֆինանսավորել կամ սպասարկել այդ կազմակերպությանը։

Քիրբին ասել է, որ Վագներ խումբը, որն ակտիվ դեր է խաղում Ուկրաինայի դեմ և դրա սահմաններից դուրս Ռուսաստանի պատերազմում, «հանցավոր կազմակերպություն է, որը իրականացնում է համատարած վայրագություններ և մարդու իրավունքների խախտումներ»՝ հավելելով, որ այն «դառնում է ռուսական զինվորականների և Ռուսաստանի այլ նախարարությունների ռազմականացված ստորաբաժանումների հետ մրցակցող ուժի կենտրոն»։

«Վագներ» ՄՌԸ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը կտրուկ է արձագանքել ԱՄՆ-ում խմբի՝ որպես անդրազգային հանցավոր կազմակերպություն, մոտալուտ ճանաչման մասին։ Նրա անունից պաթոսային տեքստով հոդված է հրապարակվել կրեմլամետ RT հեռուստաալիքի կայքում։

Պրիգոժինի հոդվածի մեծ մասն ուղղված է ուշադրությունը շեղելուն՝ լի պատմական կեղծիքներով և դավադրական տեսություններով։ Սակայն Պրիգոժինը նաև հերքում է, որ խմբավորումը խախտել է մարդու իրավունքները.

«Վագներ ՄՌԸ-ն որևէ հանցագործություն չի կատարել։ Ուրիշներն ամբողջ օրը փորձում են մեզ վրա բարդել աշխարհի տարբեր անկյուններում կատարվող տարբեր հանցագործություններ։ Սակայն, ի տարբերություն Ամերիկայի ռազմականացված կազմավորումների, «Վագներ» ՄՌԸ-ն վերացնում է միայն խաղաղության թշնամիներին և հանցագործություններ չի կատարում»։

Եվգենի Պրիգոժինի անունից RT-ի այս ստահոդ հրապարակման մասին պատմում է «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Հաշվի առնելով հետզհետե ավելացող վկայությունները Վագների և Աֆրիկայում, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դաժանությունների միջև կապի մասին, Պրիգոժինի խոսքերը նաև ցինիկ են հնչում։

Պատժիչներն Աֆրիկայում

Պրիգոժինը, որը լայնորեն հայտնի է որպես «Պուտինի խոհարար» իր ռեստորանների համար, որոնք հաճախ սպասարկում էին Վլադիմիր Պուտինին, և հանրային սննդի ձեռնարկությունների համար, որոնք ապահովում էին ռուսական կառավարության սննդի պատվերները, երկար ժամանակ հերքում էր իր կապը զինված խմբավորման հետ, որը ստեղծվել էր 2014 թվականին Ուկրաինա Ռուսաստանի գաղտնի ներխուժմանն աջակցելու համար։

Անցյալ տարվա սեպտեմբերին, այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց լայնածավալ ներխուժումը Ուկրաինա, Պրիգոժինը խոստովանեց, որ հիմնադրել է Wagner ընկերությունը (չնայած, որ նախկինում դատի էր տվել լրագրողներին նման հաղորդագրությունների համար)։

Նախքան Ուկրաինայում իր ուժերի տեղակայումը Վագները վարձկաններ էր ուղարկում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Լիբիա, Մալի, Մոզամբիկ, Սիրիա և Սուդան։

Լիբիայում «Վագներ» ՄՌԸ-ի զինյալները մարտնչում էին Բենգազիում տեղակայված Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ միասին՝ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ։ 2021 թվականի օգոստոսին BBC-ի ռեպորտաժում ասվում էր Լիբիայում «Վագներ» ՄՌԸ-ի գործունեության մասին. «որևէ կասկած չկա, որ նրանք սպանում են բանտարկյալներին»՝ վկայակոչելով նախկին մարտիկին, որը խոստովանել է, որ՝ «[ոչ ոք] չի ուզում լրացուցիչ ուտող բերան պահել»։

Այդ ռեպորտաժը կապված է BBC News Arabic-ի և BBC News Russian-ի կողմից 2021 թվականին թողարկված վավերագրական ֆիլմի հետ, որը ներառել է «ռեպորտաժներ այլ ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին», այդ թվում՝ քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և գերիների սպանությունների։

Մալիի կառավարությունն օգտագործել է «Վագներ» ՄՌԸ-ի ուժերը ջիհադիստների դեմ պայքարելու համար։ Թեև իսլամիստական ծայրահեղականները ներգրավված էին խաղաղ բնակիչների մահվան մեջ, դիտորդները Վագներ խմբի վարձկանների տեղակայումը կապել են արևմտաաֆրիկյան երկրում «քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի էքսպոնենցիալ աճի հետ»։

Human Rights Watch-ը (HRW) մատնանշել է «Վագներ» ՄՌԸ-ի կապը (Մալիի զինված ուժերի հետ միասին) 2022 թվականի մարտին առանց դատ ու դատաստանի շուրջ 300 քաղաքացիական անձանց մահապատժի հետ։

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել հետաքննել այդ սպանությունները, սակայն Ռուսաստանն օգտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր վետոյի իրավունքից՝ արգելափակելու այդ ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերը։

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) «Վագներ» ՄՌԸ-ի ուժերը օգնել են սատարել Ֆոսթեն-Արքանժի Տուադերայի կառավարությանը՝ հսկելով ոսկու և ադամանդի հանքերը և պայքարելով զինված խմբավորումների դեմ։

HRW-ն հայտնել է, որ կան «համոզիչ ապացույցներ, որ Ռուսաստանի կողմից նույնականացված ուժերը, որոնք աջակցում են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության կառավարությանը, լուրջ իրավախախտումներ են կատարել երկրի խաղաղ բնակիչների նկատմամբ՝ լիակատար անպատժելիության պայմաններում»:

Այդ թվում ապացույցներ են հաստատվել այն մասին, որ «ռուսալեզու ուժերը» 2021 թվականի հուլիսին սպանել են 12 անզեն տղամարդկանց Բոսսանգոա քաղաքից ոչ հեռու։

2021 թվականի մարտին ՄԱԿ-ի փորձագետները հայտնել են, որ հաղորդումներում ասվում է «Վագներ» ՄՌԸ-ի մասնակցության մասին «մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի համակարգված և լուրջ խախտումներին, այդ թվում՝ կամայական կալանավորումներին, խոշտանգումներին, մարդկանց անհետացման դեպքերին և առանց պատշաճ դատավարության մահապատիժներին, ինչը շարունակվում է և մնում անպատիժ»։

ՄԱԿ-ի փորձագետները նաև հաղորդումներ են ստացել այն մասին, որ «Վագներ» ՄՌԸ-ի աշխատակիցները կատարել են բռնաբարություններ և սեռական բռնություն կանանց, տղամարդկանց և երիտասարդ աղջիկների նկատմամբ»։

2022 թվականի օգոստոսին Միացյալ Թագավորության Արտաքին գործերի կոմիտեի հետաքննությունը պարզել է, որ «ԿԱՀ-ում և Մալիում քաղաքացիական բնակչության նկատմամբ քաղաքական բռնության մեջ «Վագներ» ՄՌԸ-ի ներգրավվածությունը կազմում է համապատասխանաբար 52% և 71%»։

Հետաքննության մեջ նաև ասվում է, որ դա զգալիորեն գերազանցում է դաշնակից պետական ուժերի, խոշոր ապստամբ խմբավորումների և այլ զինյալների կողմից խաղաղ բնակչության դեմ իրականացված հարձակումների ընդհանուր թիվը։

Բռնապետերին պաշտպանող վարձկանները

Կան նաև ապացույցներ, որ Վագների վարձկանները ռազմական հանցագործություններ են կատարել Սիրիայում, որտեղ զինված կազմավորումները մարտնչում են նախագահ Բաշար Ասադի ուժերի կողքին։

Այդ վկայությունների թվում է 2019 թվականի տեսանյութը, որում ռուսախոս տղամարդիկ ծեծում, խոշտանգում և գլխատում են սիրիական բանակը դասալքած անզեն տղամարդուն։ Ռուսական «Նովայա գազետա» թերթը ներկայացրել է ապացույցներ, որոնք «գրեթե կասկած չեն թողնում», որ սպանության ենթադրյալ մասնակիցներից մեկը «Վագներ» ՄՌԸ-ի վարձկաններից էր։

Ռուսաստանը արգելափակել է այդ միջադեպի մեղավորներին գտնելու փորձերը ռուսական իրավական համակարգի միջոցով։

Սուդանում «Վագներ» ՄՌԸ-ի զինյալները, ենթադրաբար, թալանում են ոսկի և ադամանդներ, որոնք մասամբ օգտագործվում են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորման համար՝ Սուդանում ժողովրդի համակրանքը չվայելող ռազմական առաջնորդին պաշտպանելու դիմաց։

«Վագներ» ՄՌԸ-ն ներգրավված է Սուդանի ոսկու արդյունահանման շրջանի խաղաղ բնակիչների վրա հարձակումների մեջ, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները։


Խաղաղ բնակիչների դաժան մարդասպանները

Այնուհետև Ուկրաինան էր, որտեղ, ինչպես ենթադրվում է, «Վագներ» ՄՌԸ-ն տեղակայել է մոտ 50,000 զինյալներ (որոնց 80%-ը, ենթադրվում է, որ հավաքագրվել են ռուսական բանտերից)։

Գերմանական հետախուզությունը գաղտնալսել է ռադիոհաղորդակցություններ, որոնցում ռուս զինվորականները քննարկում էին խաղաղ բնակիչների սպանությունը «Կիևից հյուսիս ընկած տարածքում», գրում է գերմանական Der Spiegel հրատարակությունը։

Գաղտնալսումը համընկավ Բուչայում տեղի ունեցած սպանությունների հետ, որտեղ 2022 թվականի մարտին գազանաբար սպանվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ (և հավանաբար ավելի շատ)։ Գերմանական հետախուզությունը ներկայացրել է ապացույցներ, որ «Վագների խումբը առաջատար դեր է խաղացել Բուչայի վայրագություններում»։

Դահիճներ անհամաձայնների համար

Ավելի վաղ այս ամիս «Վագներ» ՄՌԸ-ի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատարը ապաստան է խնդրել Նորվեգիայում՝ հայտնելով, որ պատրաստ է օգնել հետաքննելու ՄՌԸ-ի կողմից կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունները։ Նա պնդում է, որ ականատես է եղել «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկների արագացված մահապատիժներին, որոնք մեղադրվում էին վախկոտության և դասալքության մեջ»։

CNN-ը հայտնել է ուկրաինական հետախուզության աղբյուրից ստացված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների մասին, որոնք վկայում են իր վարձկանների նկատմամբ «Վագներ» ՄՌԸ-ի անողոք վերաբերմունքի մասին՝ ներառյալ հանձնվել փորձող զինյալի ենթադրյալ ամորձատումը։

Թերևս ամենաամոթալին այն է, որ «Վագներ» ՄՌԸ-ին մեղադրել են վերադարձած ռազմագերիներից մեկին մուրճով դաժանորեն սպանելու մեջ։

«Վագներ» ՄՌԸ-ին մոտ կանգնած մարդիկ անանունության պայմանով BBC Russian-ին հայտնել են, որ մուրճով սպանությունը նման է երեք այլ բռնի սպանություններին, թեև BBC-ն չի կարողացել հաստատել այդ մանրամասները։

Այն բանից հետո, երբ Եվրոպական միության օրենսդիրները պահանջեցին «Վագներ» ՄՌԸ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, Պրիգոժինը Եվրախորհրդարան ուղարկեց «Վագներ» ՄՌԸ-ի պատկերանշանով և կեղծ արյունով պատված մուրճ։