Boeing ընկերության արտադրության ցամաքային փոքր տրամաչափի ռումբերը (GLSDB) կօգնեն Ուկրաինային կարևոր ռազմական օբյետները թիրախավորելու հարցում, որոնք այժմ հասանելի չեն Ուկրաինայի զինված ուժերի համար
ԱՄՆ-ը պատրաստում է 2,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթ տրամադրել Ուկրաինային, որն առաջին անգամ կներառի ավելի մեծ հեռահարության հրթիռներ և այլ զինատեսակներ, երեքշաբթի Reuters-ին հայտնել են Ջո Բայդենի վարչակազմից:
Սպասվում է, որ անվտանգության աջակցության նոր փաթեթի մասին կհայտարարվի արդեն այս շաբաթ, ասել են պաշտոնյաները: Ակնկալվում է, որ փաթեթը կներառի նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգի օժանդակ սարքավորումներ, ճշգրիտ կառավարվող զինատեսակներ և Javelin հակատանկային հրթիռներ, ավելացրել են աղբյուրները։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ 1,725 միլիարդ դոլարի բեռնափոխադրումը կարող է ֆինանսավորվել հատուկ հիմնադրամից, որը հայտնի է որպես Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնություն (USAI): Այն Բայդենի վարչակազմին թույլ է տալիս նոր զենքեր ստանալ արտադրողներից, այլ ոչ թե դրանք հանել Պենտագոնի առկա պաշարներից:
Միջոցները կուղղվեն զենքի նոր տեսակի՝ ցամաքային փոքր տրամաչափի ռումբերի (GLSDB) գնմանը, որի հեռահարությունը հասնում է 150 կմ-ի։ Միաժամանակ Վաշինգտոնը չի բավարարել Կիևի 297 կմ հեռահարությամբ ATACMS տեսակի հրթիռների մատակարարման խնդրանքը։
GLSDB-ի հեռահարությունը կարող է թույլ տալ Ուկրաինային հարվածել կարևոր ռազմական թիրախներին, որոնք այժմ գտնվում են հասանելիության շառավղից դուրս: Դա կօգնի ուկրաիանական բանակին շարունակել հակահարձակումները՝ միաժամանակ դժվարացնելով ռուսական կողմի գործողությունները:
Դեռ նոյեմբերին Reuters-ը հայտնել էր GLSDB-ն արտադրող Boeing-ի առաջարկի մասին՝ այդ զինատեսակները Ուկրաինային մատակարարելու մասին։
GLSDB-ը համատեղ արտադրվում է Boeing կորպորացիայի և շվեդական SAAB ընկերության կողմից: Համակարգը բաղկացած է GBU-39 փոքր տրամաչափի ռումբից՝ M26 հրթիռային շարժիչով։
SAAB-ի կայքում հրապարակված համակարգի նկարագրության մեջ նշվում է, որ GLSDB-ն կառավարվում է գլոբալ GPS նավիգացիոն համակարգով, ի վիճակի է վերացնել որոշ էլեկտրոնային միջամտություններ, կարող է օգտագործվել եղանակային բոլոր պայմաններում և զրահապատ մեքենաների դեմ:
GBU-39 մարտագլխիկը հագեցած է փոքր, ծալովի թևերով, որոնք թույլ են տալիս սավառնել ավելի քան 100 կմ, երբ նետվում են ինքնաթիռից և կարող են խոցել մինչև 1 մետր տրամագծով թիրախներ:
Սպիտակ տունը հրաժարվել է տրամադրել մեկնաբանություն:
Բացի USAI հիմնադրամի միջոցներից, ավելի քան 400 միլիոն դոլարի օգնություն կտրամադրվի այն միջոցներից, որոնք նախագահը կարող է օգտագործել ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում։ Միջոցները կուղղվեն ականներից և դարանից պաշտպանված (MRAP) զրահափոխադրիչներ, GMLRS կառավարվող բազմակի հրթիռային համակարգեր և զինամթերք ձեռք բերելու համար:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա