ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարը դատապարտել է նաև թալիբների որոշումը՝ կանանց բուհերում ուսում ստանալու արգելքի մասին
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը կիրակի օրը քննադատել է թալիբների կողմից վերահսկվող Աֆղանստանի վարչակազմի հրամանը, որն արգելում է կանանց աշխատել երկրի ցանկացած տեղական և արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպություններում (ՀԿ): Ինչպես հայտարարել է Բորելը, դա հավասարազոր է կանանց հասարակական կյանքից դուրս մղելուն։
Թալիբներն ասում են, որ այս քայլը, որը դատապարտվել է ամբողջ աշխարհում, արդարացված է, քանի որ որոշ կանայք հավատարիմ չեն իսլամական տարազ կրելու ավանդույթին:
Your browser doesn’t support HTML5
Բորելն ասել է, որ իրեն ապշեցրել է թալիբների որոշումը, որը հաջորդել է անցած շաբաթ համալսարաններում կանանց մուտքի արգելմանը և այդ քայլի դեմ կանանց խաղաղ ցույցերի դաժան ճնշմանը:
Նա կոչ է արել թալիբներին անհապաղ չեղարկել իրենց որոշումները՝ ցույց տալու համար իրենց հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքին և մարդասիրական սկզբունքներին:
«ԵՄ-ը և Աֆղանստանի ժողովրդին օգնություն տրամադրող այլ կառույցները կքննարկեն, թե ինչ ազդեցություն կունենա այս որոշումը, ինչպես նաև կանանց առջև համալսարանները փակելու Թալիբանի վերջին որոշումը, մեր երկրների և կազմակերպությունների հետ նրանց ներգրավվածության վրա», - ասվում է Բորելի հայտարարության մեջ: .
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա