Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում որակվել են «բարբարոսություն» 

Արևմտյան տերությունները Ռուսաստանի կողմից հարևան Ուկրաինայում շարունակվող պատերազմը բարբարոսություն են որակել: Ձմեռային ցրտերին Կրեմլը ավելացնում է հարձակումները ուկրաինական կարևոր ենթակառուցվածքների վրա:

Խերսոնում գիշերային ուժեղ հրթիռակոծություններից հետո մոլեգնում են հրդեհներ։ Հարձակումները հարավային ուկրաինական այս քաղաքի վրա, որը նախկինում օկուպացված էր ռուսական ուժերի կողմից, ուժեղացան, երբ ուկրաինական բանակը շաբաթներ առաջ ազատագրեց այն: Այստեղ բուժաշխատողները փրկում են մի տուժածի, ով պատմում է, որ իր տան մի հատվածը ոչնչացված է:

Խերսոնի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրի, իսկ ջերմաստիճանը դրսում շատ ցածր է: Նահանջող ռուսական ուժերը վնասել են այստեղի կարևոր ենթակառուցվածքների մեծ մասը, սակայն ուկրաինացիներն ասում են, որ նրանք մասնակիորեն վերականգնել են էլեկտրական ցանցերը: Միևնույն ժամանակ, արևմտյան տերությունները դատապարտեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտավարությունը Ուկրաինայում:

Վերջերս Ինդոնեզիայում 20 խոշորագույն տնտեսությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը միասնաբար հանդես եկան՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը բարբարոսություն անվանելու համար և կոչ արեցին վերջ տալ դրան: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին ևս այս գործողությունները որակել է «բարբարոսություն»:

Այդ նույն գագաթնաժողովին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Ուկրաինային՝ պատերազմը դադարեցնելու համար անիրատեսական նախապայմաններ առաջ քաշելու մեջ։

Your browser doesn’t support HTML5

Արևմտյան տերությունները Ռուսաստանի կողմից հարևան Ուկրաինայում շարունակվող պատերազմը բարբարոսություն են որակել

Անցյալ շաբաթվա վերջին Մեծ յոթնյակի երկրները և Ավստրալիան միավորվեցին Կրեմլի վրա նոր ճնշում գործադրելու հարցում՝ ռուսական նավթի վերին շեմը սահմանելով 60 դոլար մեկ բարելի դիմաց: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, որին մեջբերում է Reuters լրատվական գործակալությունը, ասել է, որ Մոսկվան չի վաճառի նավթ արևմտյան տերությունների գնի սահմանաչափով, նույնիսկ եթե ստիպված լինի կրճատել արդյունահանումը:

Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ եվրոպական վեց երկրներում Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները հայտնել են, որ ստացել են արյունոտ փաթեթներ են սպանված կենդանիների աչքերով: Իսկ Իսպանիայի ոստիկանությունը պայթեցրել է Մադրիդում ԱՄՆ դեսպանատանը հայտնաբերված կասկածելի մի ծրար: Իշխանությունները ասում են, որ ռումբը վերջերս հայտնաբերված մի քանի ռումբերից մեկն է: Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսըն ասել է, որ իրավապահները դեռևս տեղեկություն չեն հայտնել կասկածյալների անունների վերաբերյալ և ուժեղացրել են հասարակական շենքերի անվտանգությունը:

Այդ ընթացքում Մադրիդում ուկրաինական դեսպանատանն ուղարկված նամակը պայթել է այն բացելուց հետո, ինչի հետևանքով մեկ աշխատակից վիրավորվել է: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կատարվածը որակել է ահաբեկչություն։

Այսօր մոտ 10 ամիս անց պատերազմի բռնկումից հետո հաճախակի հնչում են կոչեր ինչպես Ուկրաինայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ռուսական ռազմական հանցագործությունները հետաքննելու մասին: Խարկով քաղաքում, որը ռուսական հրետակոծությունների հաճախակի թիրախներից է, հիմնվել է հրթիռների և զինամթերքի գերեզմանոց՝ ապագա հետաքննության համար: Ռուսաստանը հերքել է, որ թիրախավորում է Ուկրաինայում խաղաղ բնակիչներին:

Հոդվածը պատրաստվել է Արաշ Արաբասադիի նյութի հիման վրա