Մատչելի հղումներ

Հարձակում` ռուսական օդանավակայանի դեմ ԱԹՍ-ի կողմից


Անօդաչու թռչող մի սարքի կողմից հարձակում է իրականացվել Ռուսաստանի Սարատովի մարզում տեղակայված ռազմավարական օդանավակայանի դեմ: Անօդաչու թռչող սարքը դեկտեմբերի 5-ի առավոտյան ընկել է Սարատովի մարզի օդանավակայանի թռիչքուղու վրա։ Այս մասին հայտնում է Baza telegram ալիքը՝ առանց որեւն աղբյուր նշելու:

Edition Astra-ն գրում է, որ սարքն ընկել է Էնգելս քաղաքի մոտ գտնվող ավիաբազայում։ Այս սարքն օգտագործվում է ռուսական հեռահար ավիացիայի կողմից, որը ռազմավարական միջուկային ուժերի մաս է կազմում։ Ըստ հրապարակման, վնասվել են Տու-95 տիպի երկու ռմբակոծիչներ։ Երկու զինծառայող վիրավորվել է:

Էնգելսի և Սարատովի բնակիչները սոցիալական ցանցերում գրում են, որ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ուժեղ պայթյուն են լսել։

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը գրել է, որ բնակելի տարածքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները չեն տուժել:

RIA Novosti-ից ստացված հաղորդագրությունների համաձայն էլ, որը վկայակոչում է արտակարգ իրավիճակների ծառայությունները, Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայանում վառելիքի պահոց է պայթել։ Երեք մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Վնասվել է մեկ ինքնաթիռ:

Ռյազանի սոցիալական ցանցերում և տեղական լրատվամիջոցներում ականատեսները հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել Դյագիլևոյի օդանավակայանում, որը գտնվում է Ռյազանից դեպի արևմուտք։ Դյագիլևոյի ավիաբազայում գործում է թռիչքային անձնակազմերի վերապատրաստման կենտրոն: Այստեղ են պահվում գործածությունից հանված Իլ-76 ինքնաթիռներ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ նախագահին են ներկայացվել Սարատովի և Ռյազանի շրջաններում տեղի ունեցած միջադեպերի մասին զեկույցներ։ Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նրանց նաև խորհուրդ է տվել մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել պայթյունների մասին լուրերը։

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը թվիթերում գրել է, որ «եթե շարունակեք հաճախ ինչ-որ բան արձակել այլ երկրի օդային տարածքի ուղղությամբ, վաղ թե ուշ անհայտ թռչող օբյեկտները կվերադառնան ելման վայր»։

Այս ընթացքում ռուսական կողմը շարունակում է

հրթիռային հարվածներն ընդդեմ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի անջատումների ամբողջ երկրում:

Ռուսական հրթիռները հարվածել են Զապորոժժիայի շրջանի շենքերին: Այստեղ մի քանի տուն է ավերվել, զոհվել է երկու քաղաքացի:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է հրթիռների մեծ մասը, և աշխատանքներ են տարվում էներգիայի մատակարարումները վերականգնելու ուղղությամբ:

''Ազատություն'' ռադիոկայան

XS
SM
MD
LG