Հատուկ դատարան կարող է ստեղծվել՝ Ուկրաինայում ներխուժումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նրա նախարարներին և գլխավոր գեներալներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այն կարող է ուղերձ ու նախազգուշացում լինել բոլոր նրանց համար, որոնք մտածում են իրենց խնդիրները պատերազմի միջոցով լուծելու մասին:
Ուկրաինան եւ նրան սատարող Արեւմուտքը հայտարարում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված փետրվարյան ներխուժումը ագրեսիայի հանցագործություն է, որը ՄԱԿ-ի կանոնադրությամբ համարվում է ուժի անօրինական կիրառում ընդդեմ մեկ այլ պետության: Եվրամիությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան պետք է պատասխանատվության ենթարկվի։
Ինչպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է ասել, իրենք առաջարկում ենք ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծել մասնագիտացված դատարան՝ ‘’հետաքննելու և հետապնդելու Ռուսաստանի ագրեսիայի հանցագործությունը’’։
Միջազգային քրեական դատարանն արդեն հետաքննում է ռուսական ենթադրյալ ռազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական անձանց կամայական կալանավորումները, սպանությունները, խոշտանգումները, բռնաբարությունները և Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի թիրախավորումը: Բայց հարցն այն է, որ Ռուսաստանն այս դատարանի հիմնադրումը ստորագրած փաստաթղթի անդամ չէ:
Հատուկ տրիբունալի ստեղծման առաջին քայլն ուրեմն կլինի այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացվի բանաձեւ: Սակայն ինչպես պատերազմական հանցագործությունների հարցերով քննիչ Ֆրենք Լեդվիջն է ասում ‘’Սկայպ’’-ի միջոցով, ‘’Այն կարող է վետոյի ենթարկվել Ռուսաստանի, հավանաբար նաեւ Չինաստանի կողմից: Դրանից հետո այն կուղարկվի Գլխավոր ասամբլեա` քվեարկության համար: Գլխավոր ասամբլեան ամենայն հավանականությամբ մեծամասնությամբ կողմ կլինի տրիբունալի ստեղծմանը: Եվ հետևաբար, նոր դատարանը, որը կկոչվի «ժամանակավոր տրիբունալ», կունենա ՄԱԿ-ի աջակցությունը», ասում է նա:
Ապացույցներ հավաքելու գործընթացը լինելու է բարդ ու ժամանակատար:
‘’Հարկավոր կլինի հաստատել Պուտինի և նրա ռազմական ուժերի միջև կապի շղթան։ Պետք է նաև գաղտնի ապացույցներ ձեռք բերվեն, դրանք դատարան ներկայացնելու համար’’, ասում է քննիչը եւ բերում Հարավսլավիայի օրինակը:
Ի դեպ, Լեդվիջն էր ժամանակին օգնել նախկին Հարավսլավիայում հավաքելու համար գաղտնի փաստեր` մարդկության դեմ իրագործած հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի նկատմամբ 2001 թվականին հետապնդում սկսելու համար:
‘’Իհարկե, այս դատարանը հիմնելու առաջին քայլերը Ռուսաստանի բռնակալի կողմից կարժանանան ծաղրի: Սակայն այդ հարցին այդպես էր վերաբերվում նաեւ Միլոշեւիչը’’, ասում է Լեդվիջը եւ հիշեցնում, որ այդ ժպիտը մարեց Միլոշեւիչի ու նրա ավազակախմբի անդամների դեմքից միայն երկու տարի անց, երբ տապալվեց նրա կառավարությունը, եւ նա կանգնեց Հաագայի միջազգային դատարանի առջեւ: Այնտեղ դեմքին ժպիտ չկար:
‘’Դա տեղի կունենա՞ Պուտինի հետ’’, հարց է տալիս Լեդվիջն ու ինքն էլ պատասխանում. ‘’Կտեսնենք’’:
Ռուսաստանը շարունակ պնդում է, որ ցանկացած ռազմական դատարան, որը սկսի հետաքննել Ուկրաինայում իր ներխուժումը, լեգիտիմություն չի ունենա:
Տրիբունալի կողմնակիցներն ասում են, որ պատասխանատվության առջեւ Ռուսաստանի իշխանություններին կանգնեցնելու հարցն ունի կենսական նշանակություն եւ պիտի լինի ուղերձ բոլոր նրանց, որոնք մտածում են իրենց խնդիրները պատերազմի միջոցով լուծելու մասին:
Արամ Վանեցյան
Հենրի Ռիդջվել