Փորձագետներն այն մասին, թե ինչ էր փորձում ժողովրդին փոխանցել ՌԴ նախագահը
Ուկրաինայում պատերազմի զոհերի թվի աճի պայմաններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովայի իր նստավայրում, ըստ պաշտոնական հաղորդումների, հանդիպում է անցկացրել Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների մայրերի հետ: Հանդիպման մասնակիցների կազմը շատ հարցեր առաջացրեց: Լրատվամիջոցները միջոցառումն անվանել են բեմադրված շոու, իսկ «Զինծառայողների մայրերի եւ կանանց խորհուրդ» հասարակական կազմակերպությունում վստահ են, որ նախագահական նստավայրում հավաքվել են միայն այսպես կոչված «գրպանային մայրեր»։ Նովո-Օգարյովայում ներկայացված չէր նաև «Զինվորների մայրերի կոմիտեն»։
Ինչպես գրում է Telegram-յան մի ալիք, Պուտինի հետ նույն սեղանի շուրջ նստածների զգալի մասը, եթե ոչ գերակշռողը, եղել են կամ պաշտոնյաներ կամ իշխանամետ և ծայրահեղ հայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այսպիսով 17 անձանց թվում էին «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Օլգա Բելցևան, Ժողովրդական ճակատի Մոսկվայի շրջանի գործադիր կոմիտեի ղեկավար Յուլիա Բելեխովան, Օրեխովո-Զուևայի հանրային պալատի անդամ Մարինա Միգունովան, Կաա-Խեմսկի շրջանի վարչակազմում ընտանիքի, երիտասարդության և սպորտի բաժնի վարիչ Իրինա Թաս-ոլը և ռեժիսոր Օլեսյա Շիգինան, ով նկարահանում է ուղղափառ քրիստոնեական բովանդակությամբ հայրենասիրական ֆիլմեր, Նադեժդա Ուզունովան, ով 2019-ին Խակասիայի ղեկավարի ներքին քաղաքականության հարցերով խորհրդականն էր, իսկ այժմ պատասխանատու է Ուստ-Աբականում մոբիլիզացվածների համար մարդասիրական օգնություն հավաքելու համար «Մարտական եղբայրություն» կառույցի համար: Անհայտ է, թե իրականում հանդիպմանը ներկա կանայք ունեն Ուկրաինայում զոհված կամ կռվող որդիներ:
Your browser doesn’t support HTML5
Հանրությունը հատկապես ցնցվեց Պուտինի խոսքերից՝ ուղղված «Լուհանսկի հանրային պալատի» անդամ Նինա Պշենիչկինային, ում որդին մահացել է 2019 թվականին Լուհանսկի մարզում: «Մենք բոլորս մի օր կլքենք այս աշխարհը։ Դա անխուսափելի է: Հարցն այն է, թե ինչպես ենք մենք ապրում։ Ոմանք ի վերջո պարզ չէ՝ ապրում են, թե չեն ապրում։ Իսկ ինչպե՞ս են հեռանում։ Օղու չարաշահումից կամ այլ բանից։ Հեռանում են աննկատ ու անհասկանալի է ապրեցին, թե ոչ: Իսկ ձեր տղան ապրեց: Եվ նրա նպատակն իրականացվեց։ Սա նշանակում է, որ նա իզուր չէ հեռացել կյանքից.,- ասել է Պուտինը:
Ըստ վերջին գնահատականների, որոնք անցկացրել են BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona-ն կամավորների թիմի հետ միասին, նոյեմբերի 25-ի դրությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 9311 ռուս զինծառայող, որոնցից ավելի քան երեք հարյուրը մոբիլիզացված քաղաքացիներ են։ Եվ սա միայն նրանց մասին է, ում անունները հաստատված են։
Պուտինը նման հանդիպում է անցկացնել, որպեսզի ցույց տա, որ իրեն խորթ չեն իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում իր համաքաղաքացիների դժբախտությունները, ասել է «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում իրավապաշտպան Նատալյա Պելևինան։ Նրա կարծիքով, այս նախաձեռնությունից Կրեմլը ստացավ ճիշտ հակառակ արդյունք:
«Նրանք որոշեցին շոու կազմակերպել՝ հավաքելով, իբրև թե, մայրերին, որոնց որդիները պատերազմում են,- ավելացրեց նա,- բայց դա ամեն իմաստով տգեղ տեսք ուներ: Եվ այս տպավորությունը հատկապես ամրապնդվեց, երբ պարզվեց, որ հիմնականում ներկա էին դրածոներ պաշտոնյաներից և ուլտրահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներից»։
Նույնիսկ առանց այդ փաստի Պուտինի ելույթը շատ տգեղ էր հնչում, ասում է Նատալյա Պելևինան: Երբ նա նրանց ասաց, որ, այնուամենայնիվ, իրենց որդիները վաղ թե ուշ կմահանան, քանի որ բոլորը մահանում են, դա ցինիզմի գագաթնակետն էր։ Չէ՞ որ խոսքը կյանքի ծաղկման շրջանում երիտասարդների մասին էր, որոնց Պուտինը ուղարկել էր անիմաստ մահի... Իհարկե, աղաղակող տեսարան էր։ Կարծում եմ՝ դա կմնա պատմության մեջ»:
Նախկինում էլ պարզ էր, որ Պուտինն անհոգի ու անխիղճ մարդ է, բայց երբ դա դրսևորվում է բացահայտ, ապա այն դառնում է ցնցող, շեշտում է քաղաքական գործիչն ու իրավապաշտպանը։
«Նախագահը լիովին կտրված է իրականությունից և նույնիսկ չի կարողանում իր ելույթը հարմարեցնել կոնկրետ լսարանին։ Կարծես ինչ-որ անշրջելի գործընթաց է սկսվել, ինչը հուշում է, որ վերջը մոտ է։ Նա այլևս ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը»,- ամփոփում է Պելևինան:
Կրեմլում, ըստ երևույթին, ցանկանում էին Պուտինին ներկայացնել որպես մարդ, ով հետաքրքրված է պատերազմից տուժած մարդկանց ճակատագրով և լավ է տրամադրված մայրերի հանդեպ, կարծում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովը։ Բայց, ըստ նրա, քարոզչական այս արշավը տապալվեց:
«Կրեմլի ցանկությունը բնական էր թվում, քանի որ մոբիլիզացիայի հետևանքները սկսում են դրսևորվել. կան զոհեր, և անհրաժեշտ է ինչ-որ կերպ հարթել իրավիճակը»,- ասում է «Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցը՝ շեշտելով, որ ամեն ինչ անհաջող անցավ:
Միաժամանակ, Անդրեյ Կոլեսնիկովը վստահ է, որ նախագահի գլխավոր ուղերձն ուղղված է եղել բնակչությանը. «Նորմալ մարդկանց համար այս ելույթը ևս մեկ ապացույց էր, որ Պուտինը ոչ ադեկվատ է, որ չի ցանկանում հաշվի նստել իրականության հետ և շարունակելու է պատերազմը։ Սա նշանակում է, որ զոհերի թիվը կաճի», - եզրակացնում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբանը:
Հոդվածը պատրաստվել է Վիկտոր Վլադիմիրովի նյութի հիման վրա