Չորեքշաբթի օրը լրացավ 22-ամյա Մահսա Ամինիի մահվան 40-րդ օրը: Հիշեցնենք, որ նա մահացել էր Թեհրանի «բարոյականության ոստիկանության» կողմից կալանավորվելուց հետո և մեղադրվում էր իր հիջաբը «ոչ պատշաճ կրելու» մեջ: Այժմ Ամինին դարձել է հակակառավարական ցույցերի խորհրդանիշ ոչ միայն Իրանում, այլև՝ ամբողջ աշխարհում:Նա թաղված է Իրանում՝ Սաքեզի գերեզմանատանը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը կարող է օգնել Իրանին՝ ցույցերը ճնշելու հարցում:
«Մենք մտահոգված ենք, որ Մոսկվան կարող է խորհուրդ տալ Իրանին ցույցերը կառավարելու հարցում՝ հիմնվելով իր սեփական ցույցերը ճնշելու մեծ փորձի վրա»,- նշել է Կարինե Ժան-Պիեռը:
Փորձագետը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Ռուսաստանը իրոք կարող է Իրանին օգնել, արդեն վեց շաբաթ տևած բողոքի ցույցերը ճնշելու գործում:
«Հեշտ է ասել, որ իրանական ռեժիմը տասնամյակներ շարունակ տիրապետում է բնակիչներին ճնշելու արվեստին և որ նրանք, անշուշտ, Ռուսաստանի օգնության կարիքը չունեն. Սակայն կարծում եմ ռուսները կարող են օգնել իրանական ռեժիմին այնպիսի հարցերում ինչպիսին է իրանական հանրության հասանելիությունը ինտերնետին և հաղորդակցության այլ միջոցների սահմանափակումների հարցում»,- հայտնել է Մերձավոր Արևելքի ինստիտուտիցԱլեքս Վաթանկան
Վաթանկան հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկար պատմություն ունի Իրանի բարձրագույն ղեկավարության հետ:
«Վլադիմիր Պուտինը մոտ 22 տարի է, ինչ ճանաչում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Խամենեին, ամենայն հավանականությամբ, չունի վստահության նմանատիպ մակարդակ որևէ այլ օտարերկրյա առաջնորդի նկատմամբ»,- հավելել է նա
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Եվրամիությունը և Իսրայելը հաստատել են, որ Ռուսաստանը, Ուկրաինայի քաղաքացիների տների և կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար օգտագործել է իրանական Shahed-136 անօդաչու թռչող սարքեր, որոնք հայտնի են իրենց «կամիկաձե» անվանումով : Սակայն, Մոսկվան հերքում է, որ Ուկրաինայում իրանական անօդաչու սարքեր են օգտագործվում։
Հոդվածը պատրաստվել է Սինդի Սեյնի նյութի հիման վրա: