Փորձագետները կարծում են, որ Լուկաշենկոն, ամենայն հավանականությամբ, կփորձի խուսափել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողություններին հյուսիսից ուղղակի մասնակցությունից։
Հոկտեմբերի կեսերին Բելառուսի տարածք սկսեցին ժամանել «Միացյալ տարածաշրջանային խմբի» ռուս զինծառայողների գնացքները։ Մոսկվայի և Մինսկի պաշտոնական վարկածի համաձայն՝ տարածաշրջանային խումբ ստեղծելու որոշումը «ընդունվել է բացառապես Միութենական պետության պետական սահմանի պաշտպանության և դրա ամրապնդման շահերից ելնելով»։
Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրում կտեղակայվի մինչև 9000 ռուս զինծառայող։
Եվրոպական «Euronews» լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն հայտարարել է, որ իրավիճակը Բելառուսի հետ սահմանին շարունակում է մնալ «լարված, բայց վերահսկելի»։ Միևնույն ժամանակ, Դեմչենկոն հավելել է, որ Ուկրաինայի հետախուզության և անվտանգության ուժերի ստորաբաժանումներն ուսումնասիրում և վերահսկում են իրավիճակը Բելառուսի ներսում «այդ երկրի ղեկավարության հայտարարությունների պատճառով»։
Ուկրաինայի դեմ պատերազմի սկսելուց հետո շատ քաղաքական և ռազմական փորձագետներ քննարկում էին, թե արդյոք Ալեքսանդր Լուկաշենկոն կհամարձակվի բելառուսական զորքեր ուղարկել հարևան երկրի տարածք՝ Վլադիմիր Պուտինի սանձազերծած պատերազմին աջակցելու համար։
Կարծիքներից գերակշռողն այն էր, որ Լուկաշենկոն կփորձի խուսափել Ռուսաստանի զինված ուժերին թույլ տալ իր տարածքով Ուկրաինայի և նյութատեխնիկական բազայի ուղղությամբ հրթիռներ արձակել։ Նա ձեռնպահ կմնա նաև բելառուս զինվորներին ու սպաներին ուկրաինական ռազմաճակատ ուղարկելուց։
Թե ինչպես է իրավիճակը փոխվել վերջին օրերին՝ հաշվի առնելով այն, որ ռուսական բանակը զգալի կորուստներ է կրում Խարկովի և Խերսոնի ուղղություններում, տարածաշրջանային փորձագետներից հետաքրքրվել է «Ամերիկայի Ձայն»-ը։
Ուկրաինացի ռազմական դիտորդ Միխայլո Պրիտուլան կարծում է, որ եթե Բելառուսն ունենար մարտունակ բանակ, ապա տեսականորեն նա կարող էր մասնակցել «ռուսական բանակի հատուկ ռազմական գործողությանը։ Բայց քանի որ Բելառուսում գործնականում բանակ չկա, այն չի կարող որևէ բանի մասնակցել»։
Միաժամանակ նա կարծում է, որ ռուսները կարող են գործել Բելառուսի տարածքից։ «Իմ կարծիքով, այս երկրի տարածքն այսօր ամբողջությամբ օկուպացված է։ Եվ, իհարկե, օկուպանտներն այնտեղ վաղուց են տնօրինում, ինչպես ուզում են։ Նշենք նաեւ, որ ռուսները լիովին չեն վստահում բելառուսներին։ Ռուսների համար նրանց զենք տալ, նշանակում է նրանց ավելի շատ ուղղել իրենց դեմ։ Ամենայն հավանականությամբ, բելառուս ժողովուրդը չի կռվի ուկրաինացի ժողովրդի դեմ։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում Բելառուսի ռուսական օկուպացիոն վարչակազմը։ Իսկ այն, որ ռուսները կարող են գործել բելառուսական սահմանին, ակնհայտ է։ Նրանք կարող են բելառուսական դրոշներ կախել իրենց զորքերի վրա և գործել այնպես, ասես բելառուսական բանակը»,- կարծում է Միխայիլո Պրիտուլան։
Փորձագետի խոսքով՝ Կրեմլի քարոզիչները բավականին ընդունակ են ամեն տեսակ գովազդային հնարքներ կրառել. «Ինչո՞վ կարող են բելառուսական հատուկ ջոկատայինների պատրաստության մասին պատմությունները տարբերվել Կադիրովի «Տիկ-Տոկներից»՝ թփերի ու դատարկ շենքերի վրա կրակոցներով։ Սկզբունքորեն դրանք նույն կարգի երեւույթներ են։ Սա ռազմական քարոզչություն է, որն աշխատում է մարդկանց ոգեշնչելու համար: Պուտինը երևակայություններ ունի, թե իբր պետք է վերականգնել Խորհրդային Միությունը, և դա պահանջում է առանձին թեմա, որը կոչվում է Բելառուս։ Պուտինի կամ ռուսական քարոզչական ավազանի խոսքերով՝ դա կանվանեն «պատմական առաքելություն»։
Պարզ է, որ նրանք հարձակում են նախապատրաստում դեպի Ուկրաինա հյուսիսից՝ Բելառուսի տարածքից։ Եվ այս դեպքում հարվածը կարող է լինել ոչ միայն Կիևի վրա, այլ կողքից դեպի հարավ, որպեսզի կտրվեն Կիևի մատակարարման ուղիները Արևմուտքից»,- կարծում է «Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցը։
Ըստ ուկրաինացի ռազմական փորձագետի՝ Ալեքսանդր Լուկաշենկոն չունի բավարար սուվերենություն Բելառուսից զինված ուժերի հարձակման ուղին որոշելու համար. «Այս դեպքում նա անում է այն, ինչ իրեն ասում են Կրեմլից: Լուկաշենկոյին չարժե նախանձել, քանի որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մի կողմից ռուսները, որոնք պարզապես կարող են սպանել նրան, մյուս կողմից՝ բելառուս ժողովուրդը, երրորդում՝ Ուկրաինայի զինված ուժերը, չորրորդում՝ հավաքական Արեւմուտքը։ Իսկ հինգերորդը՝ Բելառուսի ինքնիշխանությունը պահպանելու նրա ցանկությունը՝ պատմության մեջ մտնելու որպես անկախ երկրի նախագահ։ Իսկ Լուկաշենկոյի համար դժվար է այս հինգ ուղիները հավասարակշռել։ Եվ ես չէի ասի, որ նա Պուտինի կամքի այդքան հնազանդ կատարողն է, բայց կտեսնենք, թե որքանով նա կկարողանա պահպանել այդ հավասարակշռությունը»։
Ամփոփելով միտքը՝ Միխայլո Պրիտուլան նշեց, որ Լուկաշենկոյի հիմնական դրդապատճառը իշխանությունը պահելն է, քանի որ նա նույնիսկ ավելի երկար է եղել իշխանության ղեկին, քան Պուտինը։
«Լուկաշենկոյի ռեժիմը Մոսկվայի ճնշման տակ արդեն ներքաշվել է պատերազմի մեջ».
«Delfi.lt» լրատվական գործակալության ռազմական դիտորդ Վայդաս Սալջինասը չգիտի, թե Լուկաշենկոն կենթարկվի՞ Պուտինի ճնշմանը և կուղարկի իր զինվորականներին Ուկրաինայի տարածք, թե՞ կսահմանափակվի իր երկրի տարածքից հրթիռներ և ռմբակոծիչներ բաց թողնելով։
«Դիտարկելով վերջին ամիսների ընթացքում այն, ինչ Ռուսաստանում անվանում են «հատուկ ռազմական օպերացիա» և այն տրամադրությունները, որոնցում Լուկաշենկոն էր՝ ակնհայտ է, որ նա չի պատրաստվում իր զորքերը ուղարկել Ուկրաինա։ Բայց Ռուսաստանը կարող է ռուսական զորքեր ուղարկել Բելառուսի տարածքով, քանի որ այն դարձել է «դարպաս» Ուկրաինայում ռուսական ագրեսիայի համար»,- կարծում է Վայդաս Սալջունասը։
Վերջինիս հիմնավորմամբ՝ ռուսական ռմբակոծիչները թռչում են բելառուսական օդանավակայաններից, «Իսկանդերները» գործարկվում են այնտեղից, ուստի այնքան էլ կարևոր չէ, որ ցամաքային ուժերը Բելառուսից շարժվեն դեպի Ուկրաինայի հյուսիս։
«Իսկ Բելառուսը դարձել է նաև ուսումնական կենտրոն, ինչպես արդեն հայտարարվում էր պատերազմից առաջ։ Բայց բոլորը լավ գիտեն, որ Լուկաշենկոյի զորքերը ոչ մի օգուտ չեն տալիս այս պատերազմում։ Ամբողջ աշխարհն արդեն ծիծաղում է բելառուսական հատուկ ջոկատայինների վրա։ Իսկ լիտվացի և այլ փորձագետները բելառուսական բանակին նայում են որպես «երրորդ աշխարհի» բանակ։ Չկա մի բան, որից ուկրաինացիները, նույնիսկ այն փոքրաթիվ զորքերով, որոնք գտնվում են սահմանին, չկարողանան գլուխ հանել»,- կարծում է ռազմական դիտորդը։
Սակայն, նրա խոսքով, Ուկրաինան չպետք է ամբողջությամբ բացառի ռազմական սպառնալիքը Բելառուսի տարածքից։
Ուկրաինացիներն էլ արդեն կարծում են, որ Լուկաշենկոյի ռեժիմը, Մոսկվայի ճնշման ներքո, արդեն ներքաշված է պատերազմում։ «Ռուսական զորքերն արդեն առաջ էին շարժվում այդ տարածքից, և Բելառուսը դարձավ պատերազմի մասնակից, թեև ոչ ուղղակիորեն։ Իսկ ռուսների կողմից բելառուսական բանակի համազգեստ հագնելը նույնն է, ինչ Իսկանդերների վրա գրելը, որ դրանք «բելառուսական զենքեր են»,- ամփոփում է լիտվացի փորձագետը։
Նյութը պատրաստվել է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության վերլուծության հիման վրա։