Freedom House-ը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, ուր գնահատել է բազմաթիվ երկրների, այդ թվում Հայաստանի համացանցի ազատության մակարդակը
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանը դասել է «ազատ» երկրների շարքին կազմակերպության «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցում: Զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր՝ 3 միավորով առաջ անցնելով անցած տարվա զեկույցի արդյունքից, ուր Հայաստանը նույնպես ազատ երկրների շարքում էր:
Զեկույցի համաձայն, համացանցի ազատությունը Հայաստանում բարելավվել է 2021-2022թթ. հետազոտման ժամանակահատվածում՝ հիմնականում տեղեկատվության ազատ հոսքի սահմանափակումների վերացման շնորհիվ, որն ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ կառավարությունը կիրառել էր նախորդ ժամանակահատվածում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Բացի այդ, Freedom House-ի հաղորդման համաձայն, լրատվամիջոցները հետազոտման այս փուլում բախվեցին ավելի քիչ կիբերհարձակումների, քան նախորդ լուսաբանման ժամանակաշրջանում:
Զեկույցը հիշեցնում է, որ անցած տարի Հայաստանի կառավարությունը փոփոխեց քրեական օրենսգիրքը՝ քրեականացնելով ծանր վիրավորանքները, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Freedom House-ը նախկինում բազմիցս քննադատել էր այս որոշումը՝ այն որակելով հետընթաց ժողովրդավարական գործընթացից: Այն լայն քննադատության ալիք էր բարձրացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան գլոբալ կառույցների շրջանում: Զեկույցն ընդգծում է, որ հետագայում կառավարությունը հայտարարեց, որ այս օրենքը չի ներառվի քրեական նոր օրենսգրքում՝ չնայած իր կիրառման ժամանակահատվածում այս մեղադրանքով հարուցվել էր ավելի քան 800 քրեական գործ։
Զեկույցում նշված է, որ համացանցի հասանելիությունը լայնորեն տարածված է Հայաստանի մայրաքաղաք Երևանում և ընդլայնվում է ողջ երկրով մեկ։ Հայաստանում համացանցի կապի հուսալիությունն ու արագությունը հիմնականում բարելավվել են վերջին տարիների ընթացքում։ Ըստ զեկույցի, Հայաստանում համացանցից օգտվելը ընդհանուր առմամբ մատչելի է:
Freedom House-ը շեշտում է՝ համացանցի անջատումները և սոցիալական մեդիա հարթակների արգելափակումները Հայաստանում սովորական չեն, իսկ զեկույցի հետազոտման ժամանակահատվածում համացանց մուտք գործելու սահմանափակումներ չեն արձանագրվել:
Your browser doesn’t support HTML5
Ըստ զեկույցի՝ ակտիվիստներն ու բողոքի ակցիաների ու շարժումների կազմակերպիչները իրենց քարոզարշավներում ազատ կերպով օգտագործում են սոցիալական ցանցերը՝ քաղաքացիներին մոբիլիզացնելու և աջակիցներին հավաքելու համար: Զեկույցը հիշեցնում է, որ 2022 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Հայաստանի ընդդիմությունը սոցցանցերի միջոցով բողոքի ցույցեր էր կազմակերպում՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ոստիկանության կարգադրությունները չկատարելու համար մի շարք ցուցարարների բերման ենթարկելու տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական հարթակներում և համացանցում:
Ըստ զեկույցի՝ «թավշյա հեղափոխությունից» հետո լրատվամիջոցները և այլ օգտատերերը չեն բախվում կամայական տնտեսական կամ կարգավորող մարմինների սահմանափակումների հետ, որը զգալի չափով նպաստեց թվային մեդիայի ոլորտի զարգացմանը:
Անդրադառնալով կառավարության ու այլ ազդեցիկ շրջանակների՝ օնլայն տեղեկատվական հարթակների վերահսկողությանը՝ զեկույցը ընդգծում է, որ որոշ վերլուծաբաններ նշում են, որ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը ձեռք է բերել արտոնյալ հասանելիություն մեծ չափով տեղեկատվության հաղորդման համար: Դրա հետ մեկտեղ, զեկույցում նշվում է, որ չնայած այս մտահոգությունների, վերլուծաբանների պնդմամբ վարչապետ Փաշինյանի օրոք անտեղի քաղաքական ազդեցությունն առցանց տեղեկատվական դաշտում նվազել է:
Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում ապատեղեկատվության տարածման խնդրին: Ըստ Freedom House-ի, հետազոտվող ժամանակահատվածում մեծ չափով ապատեղեկատվություն է տարածվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին կամ դրա հետ կապված: «Օրինակ, Ուկրաինա ներխուժումից հետո ռուսական պետական հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները և բլոգերները պնդում էին, որ Հայաստանի կառավարությունը սատարում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ինչը իրականությանը չի համապատասխանում»: Մեկ այլ բերված օրինակներից է ամերիկյան բիոլաբարատորիաների մասին ապատեղեկատվությունը, ըստ որի՝ հայկական այն լրատվամիջոցները, որոնք կապված են քաղաքական ընդդիմության հետ, ռուսական լրատվամիջոցները, ռուսաստանյան կառավարության պաշտոնյաները և հայկական քաղաքական մի շարք կուսակցություններ պնդել են, որ երկրում ամերիկյան լաբորատորիաները արտադրում են կենսաբանական զենք՝ այսպիսով կրկնելով Ուկրաինայում նմանատիպ օբյեկտների մասին կեղծ հայտարարությունները:
Զեկույցի հաղորդմամբ՝ օգտատերերին հասանելի է առցանց բովանդակության լայն ու բազմազան տեսականի, հիմնականում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Զեկույցը մեջբերում է IREX-ի 2022 թ.-ի հետազոտության եզրակացությունը, ըստ որի՝ «տեղեկատվության որակը հաճախ ցածր է և դրանով իսկ չի ապահովվում իրական բազմազանությունը»: Զեկույցում ներկայացված են նաև «Կովկասյան բարոմետրի 2021-2022 թթ» հետազոտության տվյալները, ըստ որոնց՝ համացանցը տեղեկատվության առաջնային աղբյուր է հայաստանցիների 46 տոկոսի համար, որը հավասար է հեռուստատեսության միջոցով տեղեկություն ստացող բնակչության հատվածին: