Դմիտրի Կուլեբա. «Պուտինն ահաբեկիչ է, ով խոսում է հրթիռներով»

Ռուսաստանի հրթիռակոծման հետևանքները Կիևում, 10 հոկտեմբերի, 2022թ.

Երկուշաբթի օրը ռուսական զորքերը հրթիռակոծել են Կիևը, Լվովը, Տերնոպոլին ու Ժիտոմիրը Ուկրաինայի արևմուտքում, ինչպես նաև Դնեպրը և Կրեմենչուգը երկրի կենտրոնական հատվածում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա։

«Խոսել եմ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ և դատապարտել Ռուսաստանի սարսափելի և համատարած հարձակումները Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - գրել է Ստոլտենբերգը Twitter-ում: «ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել ուկրաինացի խիզախ ժողովրդին Կրեմլի ագրեսիայի դեմ պայքարում այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը, երբ Ռուսաստանը մեղադրեց Ուկրաինային Ղրիմի կամրջի վրա ուժեղ պայթյուն կազմակերպելու մեջ, իսկ ռուսական զորքերը հրթիռակոծեցին Կիևը, Լվովը, Տերնոպոլին և Ժիտոմիրը Ուկրաինայի արևմտյան հատվածում, ինչպես նաև Դնեպրը և Կրեմենչուգը Ուկրաինայի կենտրոնական հատվածում: Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ զոհվել է առնվազն 11 մարդ, վիրավորվել՝ 64-ը, իսկ երկրի ամբողջ տարածքը մնացել է առանց էլեկտրականության։

Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով փրկարար ծառայություններին, հայտնել է, որ Կիևում կան զոհեր և վիրավորներ, սակայն զոհերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրել։

«Մի քանի պայթյուն Շևչենկովսկի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում», - Telegram-ում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ասել է, որ երկուշաբթի օրվա պիկ ժամի հարձակումները միտումնավոր ծրագրված էին մարդկանց սպանելու, ինչպես նաև Ուկրաինայի էլեկտրացանցը վնասելու համար:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտնել է, որ ութ շրջաններում հարվածել են 11 խոշոր ենթակառուցվածքային օբյեկտներին, ինչի հետևանքով երկրի որոշ շրջաններում չկա էլեկտրականություն, ջուր, ջերմություն։

Գերմանիան հայտարարել է, որ երկուշաբթի օրվա հարվածները վնասել են Կիևում այն շենքին, որտեղ գտնվում է իր հյուպատոսությունը, թեև այն չի օգտագործվել պատերազմի սկզբից ի վեր: ԵՄ-ը դատապարտել է «բարբարոսական հարձակումները» Ուկրաինայի դեմ։

Առավոտյան Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը 81 թեւավոր հրթիռ է արձակել, իսկ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել է դրանցից 43-ը։

«Նրանք փորձում են ոչնչացնել մեզ և ջնջել մեզ աշխարհի երեսից», - ասել է Զելենսկին Telegram-ում։ «Օդային հարվածների ազդանշանները չեն դադարում ամբողջ Ուկրաինայում».

Ավելի ուշ Զելենսկին բջջային հեռախոսով տեսաուղերձ է նկարահանել Կիևի դատարկ կենտրոնական փողոցից։ Նա ասել է, որ հարվածները երկու հիմնական թիրախ են ունեցել՝ էներգետիկ ենթակառուցվածքները և մարդկանց:

«Նման ժամանակները և նման թիրախները միտումնավոր են ընտրվել՝ հնարավորինս շատ վնաս հասցնելու համար», - ասաց նա:

Շմիգալը խոստացել է հնարավորինս արագ վերականգնել կոմունալ ծառայությունների աշխատանքը։ Պաշտոնյաները հայտնել են, որ էլեկտրաէներգիան անջատվել է Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում և մոտակա Պոլտավայում:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան թվիթերյան իր էջում գրել է. «Պուտինի միակ մարտավարությունն ահաբեկությունն է խաղաղ ուկրաինական քաղաքների դեմ, բայց դա չի կոտրի Ուկրաինան։ Սա նաև նրա պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խոսել նրա հետ խաղաղության մասին. Պուտինը ահաբեկիչ է, ով խոսում է հրթիռներով»։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա