Մատչելի հղումներ

Ուկրաինական ուժերն առաջընթաց են գրանցել Խերսոնի շրջանում


Ռուսաստանը խոստովանել է, որ ուկրաինացի զինվորականները կարողացել են «ներթափանցել իրենց պաշտպանության խորքերը»։

Ուկրաինական ուժերը նոր ձեռքբերումներ են գրանցել Խերսոնի շրջանում ի լրացումն երկրի արևելքում ձեռք բերված նվաճումների՝ ռուսական զորքերի կողմից գրավված տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ընթացքում:

Խերսոնի շրջանի Ռուսաստանի կողմից նշանակված օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ ուկրաինական ուժերը հետ են գրավել մի քանի բնակավայր, մինչդեռ ՌԴ ՊՆ-ն խոստովանել է, որ ուկրաինական զորքերի տանկային ստորաբաժանումները կարողացել են ներթափանցել ռուսական ուժերի պաշտպանության խորքերը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին իր գիշերային ուղերձում ասել է, որ ուկրաինացի զինվորականներն առաջ են շարժվում։ Առանց մանրամասներ տրամադրելու նա նշել է, որ բանակը մի քանի շրջաններում վերագրավել է մի շարք գյուղեր։

«Մի քանի շրջաններում ազատագրված նոր բնակավայրեր կան։ Ծանր մարտեր են տեղի ունենում ճակատի մի քանի հատվածներում»,- ասել է նա։

Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը Խերսոնի շրջանում ազատագրել են Արխանգելսկոյե և Միրոլյուբովկա գյուղերը։

Միևնույն ժամանակ, ՌԴ ՊՆ խոսնակը հայտարարել է, որ ռուսական զորքերը «գրավել են նախապես պատրաստված պաշտպանական գծեր և շարունակում են հակառակորդին հասցնել զանգվածային կրակային վնասներ»։

Խերսոնի շրջանը մեկն է այն չորս շրջաններից, որոնք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապօրինի կերպով բռնակցեց անցյալ շաբաթ:

Իր հերթին, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ուկրաինան առաջընթաց է գրանցել երկրի հյուսիս-արևելքում, Լուգանսկի շրջանում։

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը առաջընթաց է գրանցում նաև հարավում։

''Ինչպես դուք լսել եք նախագահ Բայդենից, մենք կշարունակենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք զենք, ուժեր և միջոցներ փոխանցել նրանց, որպեսզի նրանք կարողանան զարգացնել իրենց հաջողությունը'', ավելացրել է նա:

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG