Վերջերս Ռուսաստանի ողջ հասարակության մեջ պատերազմի դեմ բողոքի
ձայները շատանում են ՝ չնայած այլախոհության դեմ կառավարության կողմից արվող
ճնշումներին: Պատերազմի ընդդիմության կենտրոն դարձած Սանկտ Պետերբուրգ
քաղաքը քաղաքացիների հուզումների առաջնագծում է։
Արդեն քանի տարի է, ինչ Սանկտ Պետերբուրգի քաղաքային ժողովի ընդդիմադիր
անդամները հավաքվում են պիցցերիայում, քանի որ իշխանությունները նրանց
թույլ չեն տալիս մտնել խորհրդարան։ Վերջին շաբաթներին օրենսդիրների
փոքրիկ խումբը ցնցել է ռուսական քաղաքականությունը՝ ներկայացնելով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իմփիչմենթի պաշտոնական
ստորագրահավաք:
«Նախընտրեցինք օգտագործել նոր հռետորաբանություն: Մենք լիբերալ
պատգամավորներ ենք, և մինչ այժմ մեզ ավելի շատ մտահոգում էին սոցիալական
խնդիրները։ Պուտինի հեռացման այս խնդրագրում մենք կենտրոնանում ենք այն
փաստի վրա, որ նա հիմնարար վնաս է հասցրել ոչ թե միայն մեկ այլ պետության, այլ
նաեւ հենց Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Սմոլնիի շրջանի ներկայացուցիչ
Դիմիտրի Պալիուգան:
Պուտինին իշխանությունից հեռացնելու նրանց պահանջը հիմնված է այն
համոզմունքի վրա, որ Ուկրաինայում սկսված պատերազմը, որը Պուտինը անվանում
է «հատուկ ռազմական գործողություն», Ռուսաստանի նախագահի անձնական
նախագիծն է:
«Ես համոզված եմ, որ եթե Պուտինը դադարի նախագահ լինել, ապա
Ուկրաինայում սկսված «հատուկ գործողությունը» այլևս չի շարունակվի»,-
հավելել է Պալիուգան:
Այս ընդդիմադիր պատգամավորներն արդեն տուգանվել են, և ընդունում են, որ
կարող են նաև ենթարկվել քրեական մեղադրանքների:
«Շատերն անհանգստանում են, որ մենք այսպես վտանգում ենք ինքներս մեզ, բայց չէ
որ մեկը պետք է ինչ-որ մի բան անի",- ասել է Սմոլնիի շրջանի ներկայացուցիչ
Դմիտրի Բալտրուկովը:
Սանկտ Պետերբուրգի փոքրիկ բարում, երիտասարդ բանաստեղծները
հավաքվում են կարդալու իրենց քննադատական բանաստեղծությունները Պուտինի
պատերազմի մասին:
«Պատերազմի դեմ կանգնած մտավորականների խիզախությունը մարդկանց հույս է
տալիս, քանի որ նրանք հասականում են, որ մենակ չեն",- ասում է բանաստեղծ
Արթուր Յամալետդինովը:
«Մարդկանց մեծ մասը մինչ օրս լռում է: Գուցե դա փոխվում է, բայց այս ամենը
ժամանակ է պահանջում",- ասում է բանաստեղծ Յուրի Զավորոտնին:
Նրանք ասում են, որ մշտապես առկա է այն մտավախությունը, որ իրենց
գործողությունները կարող են ձերբակալության հանգեցնել:
«Բոլորն էլ վախենում են, եւ դա բնականոն ռեակցիա է։ Միայն հիմարները և Ալեքսեյ
Նավալնին են, որ չեն վախենում. Ես ո՜չ Նավալնին եմ ո՜չ էլ ապուշ եմ, այնպես որ այո՜,
վախենում եմ",- ասում է բանաստեղծ Ջամիլ Նիլովը:
Պուտինի ներխուժումն Ուկրաինա ոչ միայն խարխլել է համաշխարհային
անվտանգությունը, այլ նաև ընկղմել է Ռուսաստանը քաղաքական և սոցիալական
անկայունության մեջ: Այս ամենի հետևանքները դժվար է կանխատեսել, սակայն
ակնհայտ է, որ ռուս միլիոնավոր երիտասարդների ամբողջ մի սերունդ այժմ
կանգնած է անորոշ ապագայի առջև:
Հոդվածը պատրաաաստվել է Հենրի Ռիջվելի նյութի հիման վրա: