Մատչելի հղումներ

Ռուսաստանը ստիպված է զինամթերք գնել Հյուսիսային Կորեայից


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Հյուսիսային Կորեայից միլիոնավոր հրթիռներ և հրետանային արկեր գնելու գործընթաց: Այս մասին է տեղեկացնում ԱՄՆ-ի հետախուզությունը:

Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակն է ասում, ‘’կան տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեային է դիմել զինամթերք գնելու խնդրանքով’’: Պետնագոնը, սակայն, դեռեւս չունի տեղեկություններ այն մասին, թե արդյոք գումարն արդեն փոխանցվել է, թե ոչ եւ թե արդյոք արդեն սկսվել են փոխադրումներ:

Սակայն, ինչպես խոսնակն է ասել, այս ամենը ցույց է տալիս, թե այս պատերազմի արդյունքում ինչ իրավիճակում է հայտնվել Ռուսաստանը նյութատեխնիկական և զինամթերքի պաշարի առումով:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին նույնպես այն կարծիքն է հայտնել, որ միայն սկսված բանակցություններն արդեն խոսում են այն մասին, թե ‘’որքան հուսահատ է Պուտինը դառնում’’:

‘’Պուտինն Իրանից անօդաչու թռչող սարքեր էր գնում, հիմա պատրաստվում է հրետանի գնել Հյուսիսային Կորեայից: Դա վկայում է այն մասին, թե որքան է տուժել Պուտինի պաշտպանական արդյունաբերությունը այս պատերազմի հետևանքով, և ինչ աստիճանի հուսահատության մեջ է նա ընկել, որ հայացքը հառում է դեպի այլ երկրներ’’, ասել է Քըրբին:

Քիրբին ասել է, թե ԱՄՆ-ի հետախուզությունը ենթադրում է, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեայից «միլիոնավոր փամփուշտներ ու արկեր գնելու հայց է ներկայացրել:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան ԱՄՆ-ի հետախուզության հրապարակած այս տեղեկություններն անվանել է «մեկ այլ կեղծիք»: Նեբենզիան ասել է. «Ես կարող եմ միայն ծիծաղել դրա վրա»:

Հյուսիսի կողմից դեպի Ռուսաստան զենքի արտահանումը կհամարվի ՄԱԿ-ի բանաձևերի խախտում: Ըստ հատուկ բանաձեւի, ՄԱԿ-ն այս երկրին արգելում է զենք արտահանել կամ ներմուծել այլ երկրներից:

Սակայն Փհենյանը սովոր է ՄԱԿ-ի բանաձեւերը խախտել, երկիր, որը ճանաչել է ռուսների կողմից գրավված Դոնեցկի եւ Լուհանսի անկախությունը եւ պատրաստ է շինարարական ջոկատներ ուղարկել այստեղ, պատարազմից տուժած բնակավայրերը վերակառուցելու համար:

Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընը վերջերս նամակներ են փոխանակել, որտեղ երկուստեք կոչ են արել իրականացնել «համապարփակ» և «ռազմավարական ու մարտավարական» համագործակցություն:

2000-ին իր ընտրվելուց հետո Պուտինը ակտիվորեն ձգտում է վերականգնել իր երկրի կապերը Հյուսիսային Կորեայի հետ, ինչը համարվում է Ռուսաստանի ավանդական ազդեցության տիրույթները վերականգնելու ծրագրի մի մաս` ընդդեմ Արեւմուտքի:

Վերադառնալով Հյուսիսային Կորեայից զինամթերք գնելու Ռուսաստանի կողմից ներկայացված հայցին, ասենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում մամլո ասուլիս ժամանակ բարձրացված հարցին, թե ինչու է այս տեղեկությունը գաղտնազերծվում, Պենտագոնի խոսնակը տվել է հետեւյալ պատասխանը.

’Որպեսզի մարդիկ ավելի լավ պատկերացում կազմեն շարունակվող ռազմական արշավի հետեւանքով Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին’’:

XS
SM
MD
LG