Թրամփը հրաժարվում է պատասխանել Նյու Յորքի գլխավոր դատախազի հարցերին

Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազը հետաքննում է Trump Organization կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները

Չորեքշաբթի օրը Trump Organization ընկերության ֆինանսական հաշվետվությունների հարցով դատաքննության շրջանակում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազի հարցերին՝ վկայակոչելով իրեն չմեղադրելու իր սահմանադրական իրավունքը:

Թրամփը, նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը և դուստրը՝ Իվանկա Թրամփը, փորձել էին խուսափել ցուցմունք տալուց Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հետաքննության շրջանակում այն մասին, թե արդյոք Թրամփի ընկերությունը չի ուռճացրել իրեն պատկանող գույքի արժեքը և թե արդյոք ավելի փոքր թվեր չի ներկայացրել իր ակտիվների մասին՝ հարկային արտոնություններ և շահութաբեր վարկեր ստանալու նպատակով։

Չնայած Սահմանադրության հինգերորդ փոփոխությանը, հարցերին չպատասխանելու Թրամփի որոշումը կարող է հետևանքներ ունենալ։ Եթե հետաքննությունը հասնի դատարան, երդվյալ ատենակալները կարող են հաշվի առնել նրա լռությունը։ Քաղաքական առումով դա ևս կարող է հետևաքներ ունենալ ու ազդել Թրամփի վարկանիշի վրա, քանի որ Թրամփը դիտարկվում է 2024 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու:

Your browser doesn’t support HTML5

Թրամփն ընդդեմ Նյու Յորքի գլխավոր դատախազի. նախակին նախագահը հրաժարվում է ցուցմունք տալ

Նահանգի գլխավոր դատախազն ասել է, որ իր հետաքննությունը զգալի ապացույցներ է ձեռք բերել, որ Trump Organization-ը, որը շահագործում է հյուրանոցներ, գոլֆի դաշտեր և այլ անշարժ գույք, կեղծ ֆինանսական տեղեկություններ է տրամադրել բանկերին և հարկային մարմիններին՝ արտոնություններ ստանալու համար:

Հանրապետական Թրամփն իր հայտարարության մեջ կրկին հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և փորձել հետաքննությունը ներկայացնել որպես իր նկատմամբ երկար տարիների վենդետա:

Դոնալդ Թրամփ կրտսերը և Իվանկա Թրամփը ցուցմունքներ են տվել վերջին շաբաթներին Նյու Յորքի գլխավոր դատախազի հետաքննության շրջանակներում, հայտնել է խնդրին ծանոթ մի աղբյուր: Reuters-ին չի հաջողվել պարզել՝ արդյոք նրանք նույնպես հրաժարվել են պատասխանել հարցերին, թե ոչ։ Նրանց եղբայրը՝ Էրիկ Թրամփը, ավելի քան 500 անգամ մատնանշել է Հինգերորդ փոփոխությունը՝ 2020 թվականի հոկտեմբերին ցուցմունք տալուց։

Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Թրամփը բախվել է մի շարք իրավական խնդիրների:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՀԴԲ-ի աշխատակիցները խուզարկել էին Թրամփի Մար-ա-Լագոյի տունը Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում` կապված նախագահական փաստաթղթերի գործի հետ, որոնք Թրամփը դուրս է հանել Սպիտակ տնից պաշտոնից հեռանալուց հետո: Փաստաթղթերը, ըստ Ազգային արխիվի, պարունակում են «ազգային անվտանգության գաղտնի տեղեկատվություն» ու Թրամփի և օտարերկրյա պետությունների ղեկավարների միջեւ պաշտոնական նամակագրություն:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա