Անկարան ռմբակոծում է քրդական ուժերի դիրքերը Սիրիայում

Թուրքական զինուժը շարունակում է ռմբակոծել քրդական ուժերի դիրքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Թալ Թամր քաղաքի մոտ՝ ստիպելով շատերին տեղի բնակչության շրջանից լքել իրենց տները

Վերջին մի քանի օրերի ընթացքում թուրքական զինուժը ակտիվացրել է իր հարձակումները Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող քաղաքի ուղղությամբ՝ թիրախավորելով Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ գտնվող մի շարք գյուղեր:

Բնակիչները անհանգստացած են, որ այս ագրեսիան նախանշան է, որ թուրքական զինուժը պատրաստվում է ռազմական հարձակման, որը ուղղված է տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերի դեմ, որոնք Անկարան որակում է որպես ահաբեկիչներ:

Ռմբակոծությունները հարյուրավոր գյուղացիներին ստիպել են լքել իրենց տները և տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր մոտակա Թալ Թամր քաղաքում:

«Մենք չգիտենք, թե ուր գնանք: Մենք շփոթված ենք և տեղ չունենք գնալու»,- ասում է տեղահանված Ում Օմարը։

Your browser doesn’t support HTML5

Քրդական բնակավայրերը Սիրիայում թուրքական զինուժի թիրախի ներքո

Տեղահանվածներից ոմանք ասում են, որ նրանց ստիպել են թողնել իրենց ողջ ունեցվածքը:

«Մենք մեծ քանակությամբ գույք, գյուղատնտեսական նշանակության հողեր ունեինք։ Այժմ մեր ութ հոգանոց ընտանիքը ապրում է մեկ սենյակում»,- ասում է տեղահանված Աբու Ղասանը։

Սիրիական հակամարտությունն ընթանում է ավելի քան մեկ տասնամյակ: Ռազմական գոտում հայտնված խաղաղ բնակիչներն ասում են, որ ամենից շատ ցանկանում են, որ պատերազմն ի վերջո դադարի:

«Ես ցանկանում եմ, որ Սիրիայում ներգրավված բոլոր երկրները խնդրի լուծում գտնեն, որպեսզի մեզ նման մարդիկ ապահով վերադառնան իրենց տները: Նրանք պետք է զգան, թե ինչի միջով ենք մենք անցնում»,- նշում է տեղահանված Ում Մահմուդը։

Ըստ տեղական պաշտոնյաների, ներկայումս Սիրիայի հյուսիս-արևելքում տեղահանվածների համար 16 պաշտոնական և ոչ պաշտոնական ճամբարներ են ստեղծված:

Նրանք ասում են, որ թուրքական նոր ռազմական գործողությունը տարածաշրջանում ևս մեկ մարդասիրական ճգնաժամ կստեղծի և կմեծացնի տեղահանվածների թիվը:

Հոդվածը պատրաստվել է Զանա Օմարի, Սիրվան Քաջոյի նյութի հիման վրա