Մատչելի հղումներ

Անկարան խստացրել է Ռուսաստանի մուտքը Սիրիա


ՍՏԱՄԲՈՒԼ —Անկարան Սիրիայում ուժեղացրել է ճնշումը Ռուսաստանի ռազմական ներկայության վրա՝ Սիրիա զորքեր տեղափոխող ռուսական քաղաքացիական և ռազմական ինքնաթիռների համար իր օդային տարածքը մինչև հուլիս փակելու որոշմամբ:

Քայլի պաշտոնական պատճառը Անկարան չի հայտնել: Անկարան և Մոսկվան աջակցում են սիրիական քաղաքացիական պատերազմի հակառակորդ կողմերին, սակայն նրանք համագործակցում են հակամարտությունը կարգավորելու համար:

Անկարայում Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի ղեկավար Հուսեյն Բաղջին ասել է, որ գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի արևմտյան դաշնակիցների հետ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման դեմ ընդհանուր հակազդեցության ժամանակ, որը Անկարայի համար հիմք է Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ լարված հարաբերությունները վերականգնելու համար:

«Սա կարևոր որոշում է, որովհետև այս առումով թուրք-ամերիկյան հարաբերությունները կտրուկ բարելավվել են: Հավանաբար ամերիկացիները և ՆԱՏՕ-ն դա պնդել են փորձելով փակել Ռուսաստանի աճող ազդեցությունը Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում: Սա իհարկե այն որոշումը չէ, որը կցանկանային տեսնել ռուսները»,- ասել է Բաղջընը։

Թուրքիայի օդային տարածքն ամենահեշտ երթուղին է ռուսական ինքնաթիռների համար: Բոնի համալսարանի ռուս փորձագետ Զաուր Գասիմովն ասում է, որ Թուրքիայի օդային տարածքի փակումը Մոսկվայում մտավախություն կառաջացնի, որ Անկարան համագործակցում է Վաշինգտոնի հետ Սիրիա ռուսական մատակարարման ուղիները կտրելու համար:

«Սիրիայում իրենց ավիաբազան պահպանելու համար նրանք թռչում են Թուրքիայի օդային տարածքով, սակայն, Ռուսաստանը նաև կարող է օգտագործել Իրաքի և Իրանի օդային տարածքը»,- ասել է Գասիմովը։ «Հնարավոր է, որ Վաշինգտոնը կոչ է անում ճնշում գործադրել Բաղդադի վրա՝ փակելու իր օդային տարածքը»:

Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական ուժերի մատակարարումն արդեն բարդացել էր Մոնտրոյի միջազգային կոնվենցիայի Անկարայի թուրքական ջրերի օգտագործումը Սև ծովում տեղակայված ռուսական ռազմանավերի սահմանափակման որոշմամբ: Կոնվենցիան Թուրքիային թույլ է տվել սևծովյան երկրների միջև պատերազմի դեպքում սահմանափակումներ կիրառել։

Մինչ Անկարայի վերահսկողության հաստատումը, ռուսական սևծովյան նավահանգիստները Սիրիայում ռուսական ուժերի մատակարարման հիմնական ուղին էին, ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի աշխարհավերլուծաբան Յորուկ Իշիկը:

«Ռուսաստանն օգտագործում էր թուրքական նեղուցները դեպի Սիրիա շարժվելու համար և մենք մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ նավեր էինք տեսնում…», - ասել է Իշիկը: «Հիմա այդ նավերն անհետացել են: Վերջին ամսվա ընթացքում ընդամենը երկու նավ է անցել, իսկ սովորաբար շաբաթական չորս կամ հինգ նավ էր անցնում»:

Վերլուծաբանները նշում են, որ Մոսկվան դեռ հզոր ազդեցություն ունի Անկարայի վրա, քանի որ Թուրքիան մեծապես կախված է ռուսական էներգիայից: Բացի այդ, ռուսական զորքերի ցանկացած հարձակում թուրքական սահմանին փակված սիրիացի ապստամբների վրա կարող է դեպի Թուրքիա փախստականների արտահոսքի պատճառ դառնալ:

Սակայն վերլուծաբան Գասիմովն ասում է, որ ուկրաինական հակամարտությունը լրջորեն սահմանափակել է ռուսական ազդեցությունը:

«Ռուսական ազդեցությունը Անկարայի նկատմամբ իրականում սահմանափակ է: Թուրքիան այն երկրներից է, որը դեռևս չի միացել հակառուսական պատժամիջոցներին», - նշել է Գասիմովը: «Այդ պատճառով էլ Մոսկվայի համար կարևոր է չավելացնել այն երկրների շարքերը, որոնք միանում են այդ պատժամիջոցներին»:

Մոսկվան ձեռնպահ է մնացել Անկարային հրապարակայնորեն քննադատելուց, իսկ Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովն անցյալ ամիս թուրք-ռուսական հարաբերությունները որակել է գերազանց: Վերլուծաբանները նշում են, որ Մոսկվայի աճող միջազգային մեկուսացումը Անկարային հազվագյուտ հնարավորություն է ընձեռում երկու երկրների միջև հարաբերությունները փոփոխել իր օգտին:

Հոդվածը պատրաստվել է Դորիան Ջոնսի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG