Մայիսի 9-ին, Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ, ըստ «ОВД-Инфо» իրավապաշտպան նախագծի, Ռուսաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն 125 մարդ։
Նրանցից ավելի քան 80-ը բերման են ենթարկվել հակապատերազմական ակցիաների և խորհրդանիշների ցուցաբերման հետևանքով:
Մոսկվայում՝ Պուշկինսկայայի հրապարակում ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի, ով պատերազմի դեմ արտահայտվող անցորդներին քաղցրավենիք էր հյուրասիրում։ Նրա հետ բերման է ենթարկվել նաև «SOTA» հրատարակության լրագրող Եգոր Շատովը, ով այդ պահին հարցազրույց էր վերցնում կոնֆետ բաժանողից։
Պուշկինսկայայի հրապարակից բերման ենթարկվածների թվում է Դմիտրի Կովալը, ով կրել է պաստառ` «Պատերազմը խաղաղություն չէ, ազատությունը ստրկություն չէ, տգիտությունը ուժ չէ» գրություններով։
Բացի այդ, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Օրենբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում բերման են ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր հակապատերազմական պաստառներով մասկանցել էին «Անմահ գնդի» երթին։ Ըստ «ОВД-Инфо»-ի՝ նրանցից մի քանիսին քննում են բանակը վարկաբեկելու պատճառաբանությամբ:
Դեմքերի ճանաչման սարքի միջոցով, Մոսկվայի մետրոյում ձերբակալվել է առնվազն 37 մարդ։ Նրանցից 5-ը բերման են ենթարկվել Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած ակցիաներին մասնակցելու հետևանքով: Մյուսներին ոստիկանությունը որոնում է նախորդ հավաքներից ի վեր։ Ձերբակալվածների թվում են «ОВД-Инфоc»-ի հետ համագործակցած փաստաբաններ Միխայիլ Բիրյուկովը և Յուլիա Տրեգուբովան։
Հոդվածը պատրաստվել է «Свобода» ռադիոկայանի նյութի հիման վրա: