Մատչելի հղումներ

Բայդեն-Էրդողան հանդիպման արդյունքում հարաբերությունները կբարելավվեն, կամ ավելի կխորանան հակասությունները


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Եվրոպա կատարած այցի ամենադժվար պահերից մեկը լինելու է Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը: Պատճառը երկու երկրների միջեւ հարաբերությունների գրեթե լիակատար փլուզումն է, ասում են վերլուծաբանները:

‘’Հարաբերություններում միշտ էլ եղել են խնդիրներ, անհամաձայնություններ, սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր կողմերի միջեւ, կարելի է համարել այդ հարաբերություններում մինչ այժմ ամենացածր կետը’’, ասում է Քադիր Հազի համալսարանի դասախոս Սերհաթ Գուվենչը, որը չի բացառում հարաբերությունների նույնիսկ անվերադարձ փլուզումը:

Լարվածության գլխավոր կետերից մեկը Թուրքիային F-35 մակնիշի կործանիչներ գնելու հնարավորությունից զրկելու հանգամանքն է: Իսկ այդ քայլին Վաշինգտոնը դիմել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 տիպի հակաօդային պաշտպանական հրթիռային համակարգեր գնելու արդյունքում: Չէ որ այդ զենքի գնումը վնասում է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին, հայտարարում է Վաշինգտոնը:

Այնպես որ, Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ամենամեծ խոչընդոտն են: Բայդենն Էրդողանին անցյալ տարի նույնիսկ ավտոկրատ է անվանել: Կա եւս մեկ տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ: Խոսքը Սիրիայի քրդական ուժերի մասին է, որոնց պաշտպանում է ԱՄՆ-ը, իսկ Թուրքիան` համարում ահաբեկիչներ:

Անկարան Բայդեն-Էրդողան հանդիպման հետ կապում է հույսեր, որ հարաբերությունները կմտնեն բնականոն հուն:

‘’Կարծում եմ, որ Թուրքիան ունի պարտականություններ, որոնք կարող են բացել նոր էջ այս հարաբերություններում: Եվ Ամերիկան պետք է մտածի, թե ինչ կարժենա, եթե ԱՄՆ-ը կորցնի Թուրքիային’’, ասում է Ստամբուլի Եդիթեփեի համալսարանի դասախոս եւ նախագահական խորհրդատու Մեսութ Քասինը:

ՆԱՏՕ-ում իր կարեւոր դերն ընդգծելու նպատակով Էրդողանն ասել է, որ իր երկրի կործանիչները շուտով կուղարկվեն բալթյան երկրներ, աջակցելու համար դաշնակից ուժերին ընդդեմ Ռուսաստանի: Մյուս կողմից էլ Թուրքիան ջուր է լցնում Ռուսաստանի ջրաղացին ու խրախուսում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին զերծ մնալ քաղաքացիական օդանավն առեւանգելու պատճառով Բելառուսի իշխանություններին քննադատելուց:

Էրդողանը պնդում է, որ Թուրքիան կարող է լավ հարաբերություններ ունենալ ե՛ւ Մոսկվայի ե՛ւ Արեւմուտքի հետ: Սակայն ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Բայդենն Էրդողանին կհղի հստակ ուղերձ այն մասին, որ վերջինս պիտի կատարի ընտրություն այդ երկուսի միջեւ ու պիտի հրաժարվի ռուսական հրթիռներից:

Էրդողանն ու նրա նախարարները մինչ այժմ շարունակում են համառորեն պնդել, որ ռուսական հրթիռները լինելու են իրենց տարածքում` այդ հարցը համարելով ազգային ինքնիշխանությանն առնչվող հանգամանք:

XS
SM
MD
LG