Նախագահը Կոնգրեսին է ներկայացրել 37 միլիարդ դոլարի օրինագիծ 2023 թ.-ի ֆինանսական տարվա համար
Նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 37 միլիարդ դոլար կխնդրի հանցագործության կանխարգելման ծրագրերի համար։
Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից առաջ հանցավորության դեմ պայքարը դարձել է օրակարգային խնդիր:
Նախագահ Բայդենի վարչակազմը ձգտում է 37 միլիարդ դոլար կազմող «Ապահով Ամերիկա» օրենքի նախագիծն ընդգրկել ԱՄՆ Կոնգրեսի 2023 թ. ֆինանսական տարում, որը սկսվում է հոկտեմբերի 1-ից:
Ըստ Սպիտակ տան, նախագիծը ներառում է 13 միլիարդ դոլար հաջորդ հինգ տարիների ընթացքում՝ լրացուցիչ 100,000 ոստիկանների վարձատրության և վերապատրաստման համար:
Բայդենը մերժում է որոշ առաջադեմ դեմոկրատների կոչերը՝ դադարեցնել ոստիկանության ֆինանսավորումը։ Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները հանցագործությունը համարում են երկրի գլխավոր խնդիրներից մեկը, և Բայդենը ցանկանում է աջակցել իր գործընկեր դեմոկրատներին նոյեմբերին սպասվող միջանկյալ ընտրություններում՝ Կոնգրեսում դեմոկրատների մեծամասնությունը պահպանելու համար:
Նախագահը մտադիր է 3 միլիարդ դոլար ծախսել՝ դատական գործընթացի ձգձգումները վերացնելու համար և ստեղծել հետախուզական տեղեկությունների փոխանակման աշխատանքային խմբեր՝ զենքի կիրառմամբ հանցագործությունները նվազեցնելու համար: Նրա ծրագիրը նաև նախատեսում է ավելի խիստ պատիժներ թմրանյութի թրաֆիքինգի համար:
Կազմակերպված մանր գողության դեմ պայքարելու համար ծրագիրը կոչ է անում Կոնգրեսին ընդունել օրենսդրություն, որը կպահանջի առցանց հարթակներից, ինչպիսին է Amazon-ը, ստուգել վաճառողի տեղեկատվությունը և պատասխանատվության ենթարկել առցանց հարթակները իրենց տիրույթներում գողացված ապրանքների վաճառքի համար:
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենի նախաձեռնությունը ներառում է 15 միլիարդ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագիր, որը կոչվում է «Արդարադատության արագացված բարեփոխում»: Քաղաքներն ու նահանգները կարող են օգտագործել այն առաջիկա 10 տարիների ընթացքում հանցագործությունների կանխարգելման ռազմավարություններ իրականացնելու և որոշ ոչ մտադրված մանր իրավախախտումների պարագայում հանրային առողջապահության միջոցով ոստիկանության բեռը թեթևացնելու համար: