Ադրբեջանը պատրաստվում է կրկնապատկել իր էներգակիրների ներմուծումը Եվրոպա 

Կօգնեն արդյո՞ք Ադրբեջանի և Թուրքմենստանի գազը մեղմել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից: Քննարկում են փորձագետները

Երկուշաբթի օրը Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նախատեսում է մինչև 2027 թվականը ադրբեջանական բնական գազի ներմուծման ծավալը հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։ Այսպիսով, Ադրբեջանից ԵՄ երկրներ գազի ներկրումը կկրկնապատկվի։ ԵՄ-ը փնտրում է Ռուսաստանի էներգակիրների այլընտրանքային մատակարարող՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի պատճառով։

«Եվրամիությունը որոշել է դիվերսիֆիկացնել ներմուծվող էներգակիրները՝ հրաժարվելով Ռուսաստանից և դիմել ավելի վստահելի գործընկերների: Ուրախ եմ, որ նրանց թվում է նաև Ադրբեջանը», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Իր խոսքում ֆոն դեր Լեյենը շեշտել է Փոխըմբռնման հուշագրի երեք հիմնական կետեր, ըստ որոնց՝ կկրկնապատկվի Ադրբեջանից գազի մատակարարումը Եվրամիություն: Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ այս հուշագիրը պարտավորեցնում է ընդլայնել Հարավային գազային միջանցքը, որն իրենից ներկայացնում, է ըստ եվրոպացի դիվանագետի, «շատ կարևոր մատակարարման ուղի Եվրամիության համար»: Այս պահին, ըստ նրա, այն արդեն մատակարարում է տարեկան ավելի քան 8 միլիարդ խորանարդ մետր գազ, և մի քանի տարի հետո դրա հզորությունը պետք է հասնի մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի, ասում է ֆոն դեր Լեյենը:

Your browser doesn’t support HTML5

Բաքվում ստորագրվել է ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիր

2022 թվականին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ադրբեջանական նավթագազատարն էլ ավելի արդիական դարձրեց, ընդգծում է Ադրբեջանի համալսարանի պրոֆեսոր և Baku Dialogues քաղաքական ամսագրի խմբագիր Դամյան Միսկովիչը: Ընդամենը մի քանի օր առաջ ավարտվեց Հունաստանի և Բուլղարիայի միջև գազային կապող հանգույցի կառուցումը, և դրա գործարկումը նախատեսվում է հաջորդ ամիս, ասում է Միսկովիչը՝ շեշտելով՝ ''հուլիսի 1-ից Բուլղարիան ռուսական գազից արդեն անցել է ադրբեջանականի''։

Նրա պնդմամբ՝ Հարավային գազային միջանցքի ընդլայնումը կարժենա մոտ 10 մլրդ դոլար, իսկ նախագիծը կտևի չորսից հինգ տարի: Ըստ Միսկովիչի՝ շատ կարևոր է Կասպից ծովի միջով կառուցել մեկ այլ գազատար, որը թույլ կտա թուրքմենական գազը տեղափոխել Հարավային գազային միջանցքի միջոցով դեպի Եվրոպա: Նրա պնդմամբ՝ նման միացնող գազատարի ստեղծումը կտևի վեց ամսից մինչև մեկ տարի, սակայն խնդիրը նրանում է, թե արդյոք Թուրքմենստանը պատրաստ է դիմակայել ռուսական ճնշումներին՝ համեմատաբար փոքր քանակությամբ գազ դեպի Եվրոպա փոխադրելու դիմաց, ասում է նա:

Orbis ամսագրի խմբագիր վերլուծաբան Նիկոլայ Գվոզդևի կարծիքով՝ Ադրբեջանից Եվրոպա նավթի և գազի արտահանումն անուղղակիորեն ազդում է Եվրոպայում Ռուսաստանի դիրքերի վրա, քանի որ Կրեմլը փորձում է նվազեցնել իր մատակարարումները՝ ԵՄ վրա ճնշում գործադրելու համար, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, փրկօղակի դեր է ստանձնում ԵՄ համար։ Բայց պետք է խոսել հարավային միջանցքի մասին ավելի լայն իմաստով, գտնում է վերլուծաբանը: Ըստ նրա՝ հեռանկարն այն է, որ ողջ հարավային միջանցքը կարող է կարևոր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ՌԴ-ի համար՝ որպես հետագայում նոր արտահանման շուկաներ մուտք գործելու միջոց։

Իր հերթին ստամբուլաբնակ էներգետիկ վերլուծաբան Դեյվիդ Օբըրնը Eurasianet պարբերականում հրապարակած իր հոդվածում վստահ չէ, որ Բաքուն կարող է կրկնապատկել էներգակիրների փոխադրումը Եվրոպա: Ըստ նրա՝ Ադրբեջանն ունի արտադրության ավելացման սահմանափակ հնարավորություններ, ինչպես նաև սեփական գազի պահանջարկը բավարարելու կարիք: Օբըրնը հիշեցնում է, որ անցած տարվա վերջին ներքին դեֆիցիտը վերացնելու համար, Բաքուն համաձայնագիր էր կնքել Իրան հետ՝ գազ ներկրելու վերաբերյալ: Բացի այդ, ըստ Օբըրնի, Ադրբեջանի խոշորագույն գազի հանքավայր՝ «Շահ Դենիզ»-ի օպերատոր BP ընկերությունը հայտարարել էր, որ հանքավայրը չի կարող մատակարարել ողջ գազը՝ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումը կրկնապատկելու համար: Նրա կարծիքով՝ ադրբեջանական մյուս փոքր հանքավայրերը չունեն բավարար քանակությամբ գազ արտահանելու հնարավորություն:

Հոդվածը պատրաստվել է ռուսական ծառայության լրագրող Եվգենի Կոմարովի ու Reuters գործակալության նյութերի հիման վրա