ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը կքվեարկի հայամետ մի շարք օրինագծերի վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականները հանդես են եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով՝ փոփոխություններ առաջարկելով 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում (FY 2023 National Defense Authorization Act)

Այս պահին օրենսդրական այս նախաձեռնություններից չորսը դրական եզրակացություն են ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների տան Կանոնների հանձնաժողովի կողմից, որի համաձայնությամբ օրենսդրական այս նախագծերը քվեարկության կդրվեն ԱՄՆ Ներկայացուցիչների տան լիագումար նիստում: ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը պատրաստվում է քվեարկել Կանոնների հանձնաժողովի կողմից հաստատված չորս փոփոխությունների վերաբերյալ, որոնց թվում են հայ գերիների ազատ արձակման, Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին հաշվետվության, Թուրքիային F-16-ների վաճառքի սահմանափակման, Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի մասին օրենքի փոփոխությունների նախագծեր:

Փոփոխությունները կարող են քվեարկվել անհատապես կամ մի շարք այլ օրինագծերի հետ փաթեթում: Քվեարկությունը կկայանա նաև Ներկայացուցիչների տան քննարկման ժամանակ, որը կարող է սկսվել արդեն հուլիսի 13-ից: Առաջարկվող երկկուսակցական փոփոխությունները կլրացնեն 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքը, եթե նախ Ներկայացուցիչների պալատը, ապա հետագայում` Սենատը քվեարկեն ի օգուտ դրանց ներառմանը:

Այսպիսով, մոտ ժամանակներում Ներկայացուցիչնեի տունը կքվեարկի հետևյալ փոփոխությունների համար՝

Փոփոխություն #611 (նախկինում՝ #698). Ներկայացված է կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Այն պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց: Այս օրինագծին են որպես համահեղինակներ միացել ավելի քան 25 կոնգրեսականներ:

Փոփոխություն #121 (նախկինում՝ #837). Այն ներկայացրել են կոնգրեսականներ Թոնի Քարդենասը և Բրեդ Շերմանը: Օրինագիծը պահանջում է պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից պատրաստել զեկույց, որը մանրամասն կներկայացնի ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործումը Թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը օգտագործել է ԼՂ պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, 2020 թվականի ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին: Այս նախաձեռնությունը աջակցել են շուրջ երկու տասնյակ այլ կոնգրեսականներ:

Փոփոխություն #337 (նախկինում՝ #992) ներկայացվել է կոնգրեսական Ջեքի Սփեյերի կողմից, որը հանձնարարում է պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ համաձայնեցնելով, ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Օրինագիծն աջակցել են շուրջ 15 կոնգրեսականներ:

Փոփոխություն #399 (նախկինում՝ #478) առաջ են քաշել կոնգրեսականներ Քրիս Պապպասը և Գաս Բիլիրակիսը: Այն համապատասխան պահանջներ առաջ կքաշի F-16-ների կամ F-16-ների արդիականացման փաթեթների վաճառքի կամ փոխանցմանը Թուրքիային: Այն աջակցել են շուրջ 17 կոնգրեսականներ: