Մատչելի հղումներ

 
ԱՄՆ կոնգրեսականները հայտարարություն են արել ԼՂ հակամարտության մասին

ԱՄՆ կոնգրեսականները հայտարարություն են արել ԼՂ հակամարտության մասին


ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիյերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանական ռազմական ուժերի տեղաշարժի և լարվածության աճի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է.

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի զորքերի տեղաշարժերը դեպի Արցախի տարածք, նրանց կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և այդ տարածքում խաղաղ բնակչության դեմ բնական գազի հիմնական աղբյուրներից մեկի օգտագործումը որպես ճնշմն գործիք ակնհայտորեն խախտում է 2020 թվականի հրադադարը և սպառնում անմեղ մարդկանց կյանքերին։ Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի վտանգավոր գործողությունների այս հստակ օրինաչափության վրա, և մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանը օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ նախագահ Ալիևի ռազմատենչ գործողություններին վերջ տալու և նրան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի ներքո բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ջալինա Փորթերը, մարտի 25-ին լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի և դրան հաջորդած ամերիկյան կողմի արձագանքների վերաբերյալ հարցին, նշել է, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո շփման գծում ստեղծված իրավիճակին։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական զորքերի տեղաշարժով: Զորքերի տեղաշարժերը և լարվածությանը նպաստող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդը ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցերի ընթացքում վերահաստատել է այն, ինչ ասել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մարտի 21-ին և 22-ին ՀՀ վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցներում, ուր պետքարտուղարը երկու կողմերին կոչ էր անում զսպվածություն դրսևորել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ բոլոր առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։ «Հայաստանին և Ադրբեջանին ուղղակի անհրաժեշտ է օգտագործել ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ դեէսկալացիայի համար»,- շեշտել է Ջալինա Փորթերը։

Վերջինս հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատելու իր հանձնառությանը՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։

XS
SM
MD
LG