Միացյալ Նահանգների Կոնգրեսի ավելի քան 80 անդամներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իրավիճակը եզակի է, քանի որ նախագահ Թրամփին ուղղված նամակի տակ իրենց ստորագրություններն են դրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների եւ Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների կարեւոր ղեկավարներ՝ հանրապետական Էդ Ռոյսը եւ Դեւին Նունեզը եւ հանձնաժողովի ղեկավարի տեղակալներ, դեմոկրատ կոնգրեսականներ Էլիոթ Էնգելը եւ Ադամ Շիֆը: Դոնալդ Թրամփին ուղղված կոչին են միացել նաեւ մի շարք սենատորներ: Նրանցից է Մասաչուսեթսը ներկայացնող սենատոր Էդ Մարքին.
«Ես նամակ եմ ուղղելու նախագահ Թրամփին, կոչ եմ անելու նրան հետեւել Հանրապետական կուսակցության առաջնորդներին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Սենատորը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության փաստն անցյալում ճանաչել են ԱՄՆ-ի մի շարք հանրապետական առաջնորդներ.
«Նախագահ Ռեյգանից մինչեւ սենատոր Բոբ Դոլ, Հանրապետական կուսակցությունն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հսկայական ժառանգություն»:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունիի խոսքով, Սպիտակ տանը նոր նախագահի առկայությունը նոր հնարավորություններ է բացում.
«Մենք ունենք նոր Կոնգրես, նոր վարչակազմ եւ ցանկանում ենք համոզված լինել, որ այս փոփոխվող միջավայրում մեր ձայնը լսվելու է»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանն իր կողմից ընդգծեց, որ նախագահ Թրամփին ուղղված նամակը կոչ է անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առաջնորդվել պատմական ճշմարտությամբ.
«Ապրիլի 24-ին նախագահ Թրամփը հստակ առիթ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որպես ցեղասպանություն»:
Նամակը ստորագրած Կոնգրեսի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ կոնգրեսական Ադամ Շիֆը լավատեսորեն է տրամադրված.
«Սա մեր լավագույն հնարավորությունն է կոչ անելու այս նախագահին ճիշտ քայլ կատարել եւ ճանաչել Ցեղասպանությունը»: