Երեքշաբթի օրը Սպիտակ տան նախկին օգնականը ցուցմունք է տվել այն մասին, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է մտավախությունները, որ Սպիտակ տան մոտ իր ելույթի համար հավաքված որոշ կողմնակիցներ հնարավոր էր զինված լինեին «AR-15» տեսակի հրացաններով: Փոխարենը նա խնդրել է անվտանգությանը դադարեցնել մասնակիցների մագնիսաչափերով զննումը, որպեսզի հավաքված ամբոխը ավելի մեծանար։
«Հավանաբար, հիմնական պատճառն այն է, որ նա զայրացած էր, որ մենք զենքով մարդկանց չէինք թողնում առաջ անցնել: Երբ մենք գտնվում էինք բեմից դուրս, ես լսեցի զրույցի մի մաս, որտեղ նախագահը ասում էր՝«Ինձ չի հետաքրքրում նրանք զենքերով են, թե՝ ոչ, նրանք այստեղ չեն եկել ինձ վնասելու համար»», - Թրամփի խոսքերն է մեջբերել Սպիտակ տան այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուսի գլխավոր օգնական Քեսսիդի Հաթչինսոնը:
Հաթչինսոնը հունվարի 6-ին Թրամփի հետևորդների կողմից դեպի Կապիտոլիում հարձակման վերաբերյալ ցուցմունք է տվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լսումների վեցերորդ օրը: Լսումները սկսել են նախկին նախագահի կեղծ պնդումների պատճառով, ըստ որի 2020 թվականի ընտրություններում իր պարտությունը կեղծիքի արդյունք էր:
Տասնյակ դատարաններ, ընտրական պաշտոնյաներ և նույնիսկ Թրամփի սեփական վարչակազմի կողմից անցկացված վերանայումները հերքել են ընտրական կեղծիքի մասին նրա պնդումները, որոնք ներառում էին այնպիսի պատմություններ ինչպիսին է իտալական անվտանգության ընկերության և Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի կողմից ԱՄՆ քվեաթերթիկների կեղծումը:
Հարձակման օրը մահացել է չորս մարդ, որոնցից մեկը սպանվել է ոստիկանների կողմից։ Գրանցվել է ավելի քան 100 վիրավոր ոստիկանների շրջանում, որոնցից մեկը մահացել է հաջորդ օրը, իսկ չորս սպաներ ավելի ուշ ինքնասպան են եղել:
Մոտ երկու ժամ տեւած ցուցմունքի վերջում ներկայացուցիչ Լիզ Չեյնին, որը Ներկայացուցիչների պալատի ինը անդամներից բաղկացած հանձնաժողովի երկու հանրապետականներից մեկն է, իր տեսակետը հայտնեց վկաների կեղծման և արդարադատությանը խոչընդոտող հնարավոր ապացույցներով:
Նա ցույց տվեց անհայտ վկաների կողմից ստացած հաղորդագրություններ, որոնք նրանց տեղեկացնուն էին, որ անհայտ անձը ուշադիր հետևելու է նրանց ցուցմունքներին և ակնկալում է հավատարմություն:
Հաթչինսոնը հանձնաժողովին ասել է, որ Մեդոուսը և Թրամփի նախկին փաստաբան Ռուդի Ջուլիանին նախկին նախագահից ներողություն են խնդրել:
Ջուլիանին երեքշաբթի օրը Նյու Յորքի Սիրակուզայում «WSYR» ռադիոյին ասել է, որ ինքը ներում չի խնդրել.
«Միակ դեպքում, երբ նախագահի և իմ միջև ներում խնդրելու խոսակցություն է եղել, կային ներկա երկու վկաներ, ներառյալ նախագահը, և ես նրանց ասել եմ, որ ներում չեմ խնդրել, որովհետև դրա կարիքը չունեմ»:
Հապճեպ հրավիրված լսումները այս ամսվա վեց լսումների ընթացքում առաջին անգամն էին, երբ Սպիտակ տան նախկին պաշտոնյան ներկայացել էր ուղիղ եթերով:
Մեղմ, բայց վստահ տոնով խոսելով, 26-ամյա Հաթչինսոնը նկարագրում էր Սպիտակ տան խուճապի մատնված պաշտոնյաների հոգեվիճակը այն մտքից, որ Թրամփը կարող էր միանալ դեպի Կապիտոլիում ուղևորվող բռնի ամբոխին, ովքեր փնտրում էին այն ժամանակվա փոխնախագահ Մայք Փենսին, խոսնակ Նենսի Փելոսիին և Բայդենի հաղթանակը հաստատած այլ օրենսդիրների:
Նրանց մտահոգությունները կենտրոնացած էին Թրամփի և աշխատակիցների դեմ հնարավոր քրեական մեղադրանքների առաջադրման հնարավորության վրա:
Հաթչինսոնը նաև վկայեց, որ Կապիտոլիումի հարձակումից օրեր առաջ Մեդոուսը գիտեր մոտալուտ բռնությունների հնարավոր ծավալման մասին.
«Ես գտա պարոն Մեդոուսին իր աշխատասենյակում՝ բազմոցի վրա: Նա նայում էր հեռախոսի էկրանին և հիշում եմ, թե ինչպես հենվեց դռան շեմին և ասաց. «Շատ բան է կատարվելու Քասս, Հունվարի 6-ին գործերը իրոք կարող են վատթարանալ»», - մեջբերում է նա Մեդոուսի խոսքերը:
Այս ամսվա լսումները տեսագրված ցուցմունքներ ընդգրկեցին բազում գործիչների կողմից, այդ թվում՝ Թրամփի ավագ դստեր Իվանկա Թրամփից և նրա նախկին գլխավոր դատախազ Բիլ Բարից: Նրանք և այլ վկաներ ցուցմունք են տվել, որ չեն համաձայնվել ընտրությանը վերաբերվող Թրամփի կեղծ պնդումներին և փորձել են փոխել նրա միտքը:
Հոդվածը պատրաստվել է Քոլետ Լյուկի նյութի հիման վրա: