Լեհաստանում կստեղծվի ԱՄՆ մշտական ռազմական շտաբ, կործանիչներ կուղարկվեն նաև Մեծ Բրիտանիա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կամրապնդի իր ռազմական դիրքրեը Եվրոպայում՝ տարածաշրջանային անվտանգությունը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ուժեղացնելու համար:
Դաշինքի առաջնորդների տարեկան գագաթնաժողովի շրջանակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Մադրիդում իր հանդիպման ընթացքում, Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը մշտական շտաբ կստեղծի Լեհաստանում և լրացուցիչ F-35 կործանիչների երկու էսկադրիլիա կուղարկի Մեծ Բրիտանիա: Բացի այդ, ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ կտեղակայվեն Գերմանիայում և Իտալիայում:
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները կամրապնդի մեր ուժային կազմավորումը Եվրոպայում և կարձագանքի փոփոխվող միջավայրին, ինչպես նաև կամրապնդի մեր հավաքական անվտանգությունը», - ասել է Բայդենը՝ ներկայացնելով առաջիկա միջոցառումները։
«Լեհաստանում մենք կստեղծենք մշտական շտաբ՝ կապված ԱՄՆ հինգերորդ բանակային կորպուսի հետ և կուժեղացնենք ԱՄՆ-ՆԱՏՕ փոխգործունակությունը ամբողջ արևելյան թևի երկայնքով», - ասել է Բայդենը։
Your browser doesn’t support HTML5
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը նաև կավելացնի ռոտացիոն զորքերի տեղակայումը Բալթյան տարածաշրջանում։
Սթոլթենբերգն էլ իր հերթն նշել է, որ ՆԱՏՕ-ն բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենամեծ մարտահրավերին Ուկրաինայում ռուսական ներխուժման արդյունքում՝ հավելելով, որ Մոսկվան ուղղակի վտանգ է ներկայացնում դաշինքի անդամների անվտանգությանը։
Սթոլթենբերգի խոսքով՝ դաշնակիցները առերեսվում են «անվտանգության ամենալուրջ ճգնաժամին, որին մենք հանդիպել ենք»։
Նա հավելել է, որ «դա կլինի պատմական և փոխակերպող գագաթնաժողով»։
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա