Մատչելի հղումներ

Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում կունենա Էրդողանի հետ


Երեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին այս շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում՝ քննարկելու համար Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներխուժման հետևանքները և «դաշինքի հավաքական պաշտպանությունն ու անվտանգությունն ամրապնդելու պատմական որոշումները»:

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որը հաստատվելու դեպքում կդառնա եվրոպական անվտանգության համակարգի ամենամեծ փոփոխությունը վերջին տասնամյակների ընթացքում, կասկածի տակ է դրվում, երբ Թուրքիան հանդես է գալիս առարկություններով` այս երկու երկրներին մեղադրելով իր կողմից ահաբեկիչներ համարվող քուրդ զինյալներին և այլ խմբերի աջակցելու և ապաստան հատկացնելու մեջ:

Երեքշաբթի օրը Ֆինլանդիան և Շվեդիան լավատեսություն են հայտնել, որ Մադրիդի գագաթաժողովում Թուրքիան կարող է հանել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտի վրա դրված վետոն: Կան ակնկալիքներ նաեւ, որ այս հարցով Բայդենի հանդիպումն Էրդողանի հետ կգրանցի հաջողություն:

Էրդողանն ասել է, որ երեքշաբթի առավոտյան խոսել է Բայդենի հետ Մադրիդում նախատեսված հանդիպումից առաջ, և պատրաստվում է դաշնակիցներին բացատրել Թուրքիայի դիրքորոշումը:

Նա ասել է, որ Բայդենի հետ քննարկելու է նաեւ Անկարայի կողմից ռուսական S-400 տիպի հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հարցը, ինչը պատճառ էր դարձել, որպեսզի ԱՄՆ-ը սկսեր պատժամիջոցներ ընդդեմ Թուրքիայի: Կողմերը, ի թիվս այլ հարցերի, գուցե կքննարկեն նաեւ Վաշինգտոնից F-16 տիպի 40 ինքնաթիռներ և արդիականացման սարքավորումներ գնելու հարցը:

Մյուս դաշնակիցները, ներառյալ Ֆրանսիան և Իսպանիան, անուղղակիորեն հորդորել են Թուրքիային գնալ զիջումների: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Գերմանիայում Մեծ յոթնյակի գագաթաժողովում, ՆԱՏՕ-ին հղել է «միասնության» կոչ: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ-ի կազմ ընդունելուց զատ այլ ելք չկա: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը ավելի Svenska Dagbladet օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Մենք կարծում ենք, որ ինչ-որ դրական բան տեղի կունենա այսօր, բայց դա կարող է ավելի երկար ժամանակ պահանջել»:

«Մենք հույս ունենք առաջընթաց գրանցել», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը, որը երեքշաբթի օրը Մադրիդում ծրագրում է հանդիպումներ ունենալ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ:

XS
SM
MD
LG