Փորձագետները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը համարում են Բայդենի առաջնորդության կարևոր փորձություն 

Նրանց կարծիքով՝ ԱՄՆ նախագահը պետք է լուծի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ արագացնի Շվեդիայի ու Ֆինլանդիայի մուտքը դաշինք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երեքշաբթի օրը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ներկայանալը ի ցույց է դնում դաշինքը միասնականությունը: Այն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը հակազդելու Բայդենի վարչակազմի ջանքերի կարևոր մի փորձություն է:

ԱՄՆ-ն ավանդաբար համարվում է աշխարհի ամենահզոր ռազմական կառույցի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր ուժը։

«ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովը Բայդենի առաջնորդության վերջնական փորձությունն է»,- Fox News-ին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Մարշալ Բիլինգսլին։ -Առաջին, և ամենակարևորը, նա պետք է ճանապարհ հարթի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը դաշինքին՝ համաձայնության գալով Թուրքիայի հետ։ Երկրորդ՝ նա պետք է համոզի երկրներին զգալի լրացուցիչ ծանր սպառազինություն մատակարարել Ուկրաինային: Դա հատկապես վերաբերում է Գերմանիային, որը, հիմնականում, միայն բանավոր է ռազմական օգնություն ցուցաբերում։

«Երրորդ, նա պետք է դաշինքը տեղափոխի հակազդող կոնֆիգուրացիայից դեպի մշտական ներկայություն Բալթյան երկրներում», - շարունակում է Բիլինգսլին, ով այժմ Հադսոնի ինստիտուտի ավագ վերլուծաբան է:

Կհաջողվի արդյո՞ք Բայդենին իրականացնել դա, դեռևս անորոշ է։ Նա ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ միասին պետք է պատասխան գտնի նաև մեկ այլ հարցին. որքանո՞վ կոշտ կլինի նոր ռազմավարական հայեցակարգը կոմունիստական Չինաստանի նկատմամբ:

ԱՄՆ-ը հույս ունի, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի ընթացիկ գագաթնաժողովը կօգնի Ֆինլանդիային և Շվեդիային միանալ դաշինքին՝ հաղթահարելով Թուրքիայի անհամաձայնությունը։

Սպիտակ տան խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ հիմնական նպատակը «հնարավորինս շատ դրական լիցքեր ստեղծելն է»։

«Ես չեմ ասում, որ բոլոր խնդիրները կլուծվեն Մադրիդում, բայց մենք կփորձենք լուծել հնարավորինս շատ հարցեր, որպեսզի Մադրիդն արագացնի [Շվեդիայի և Ֆինլանդիայի] թեկնածությունների քննարկման գործընթացը, նույնիսկ եթե Թուրքիան դեռ որոշակի մտահոգություններ ունենա, որոնք պետք է կարգավորվեն»,- ասել է Սալիվանը:

Հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ ակնկալում է, որ դաշինքի անդամները հստակ կհայտարարեն, որ Ռուսաստանը «իրենց անվտանգության ամենակարևոր և անմիջական սպառնալիքն է»:

Նա հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն՝ որպես «ռազմավարական մրցակցության դարաշրջանին» իր արձագանք, կավելացնի իր արագ արձագանքման ուժերը գրեթե ութ անգամ՝ այն հասցնելով մինչև 300,000 զինծառայողի:

Ներկայում այդ ուժերի թիվը, որոնք կարող են արագ տեղակայվել, կազմում է մոտ 40 հազար մարդ։

Սթոլթենբերգն ասել է, որ դաշնակիցները կհամաձայնեն Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հարցցում: Նրանք կընդունեն «ուժեղացված համապարփակ օգնության փաթեթը», որը ներառում է անվտանգ կապի և հակադրոնային համակարգերի մատակարարումը։

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի իր նոր ռազմավարական փաստաթղթում ՆԱՏՕ-ն կնշի Չինաստանի աճող ռազմական ազդեցությունը ինչպես Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս:

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովին հրավիրել է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդներին՝ ցույց տալու համար դաշինքի հետաքրքրությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցցիչ Ջոն Քիրբին վերջերս հայտարարել է. «Կարծում եմ, սա արտացոլում է դաշնակիցների հավասար մտահոգությունը չինական տնտեսական գործունեությանը, հարկադիր աշխատանքի, մտավոր սեփականության գողության և ագրեսիվ վարքագծի ազդեցության վերաբերյալ ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում: Նրանք կարեւոր են համարում Չինաստանի ընդգրկումը նոր ռազմավարական հայեցակարգում»։

Հոդվածը պատրաստվել է Associated Press, Reuters, Agence France-Presse գործակալությունների նյութերի հիման վրա