Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակի գլխավոր խնդիրներից մեկը Ռուսաստանի տնտեսությանը հասցվող վնասի ծավալները մեծացնելն է


Մեծ յոթնյակի առաջնորդները երկուշաբթի օրը սկսեցին իրենց գագաթաժողովը, որին մասնակցում էին նաեւ նոր հզորացող տնտեսություններ ունեցող երկրների` Արգենտինայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջնորդները:

Գագաթաժողովը հյուրընկալող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր ելույթում դատապարտեց Ուկրաինայում Ռուսաստանի պահվածքը։ «Ես նախկինում էլ եմ ասել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պատճառով խախտվել են բոլոր կանոնները, բոլոր պայմանավորվածությունները: Խախտվել է հատկապես այն ըմբռնումը, որ սահմաններն ուժով չի կարելի փոխել», ասել է նա։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին է դիմել գագաթաժողովի մասնակիցներին, նորից կոչ արել նրանց ավելի շատ ռազմական օգնություն առաքել: Զելենսկին հայտարարել է, որ անհանգստացած է հակամարտության սրման և տարածման հնարավորությամբ:

«Ուզում եմ դիմել Բելառուսի քաղաքացիներին՝ թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ համազգեստով ծառայողներին: Ձեզ ներքաշում են պատերազմի մեջ, նույնիսկ ավելի ակտիվ, քան փետրվարին և գարնան ամիսներին։ Նրանք ձեզ համար ամեն ինչ որոշել են Կրեմլում։ Ձեր կյանքը ոչինչ չի նշանակում նրանց համար։ Դուք ստրուկներ կամ թնդանոթի միս չպիտի դառնաք», ասել է նա։

Աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են խորացնել Ռուսաստանի տնտեսական ցավը: Ըստ էության, նրանք հրաժարվելու են որոշակի գնից բարձր գին վճարել ռուսական նավթի դիմաց:

Վերլուծաբաններն ասում են, որ պարզ չէ, թե արդյոք այդ գաղափարը կաշխատի առանց Հնդկաստանի համագործակցության, թե ոչ: Չէ որ վերջինս Ռուսաստանից զեղչված գներով է նավթ գնում:

Բրուքինգսի հաստատությունից Դեն Հեմիլթոնի խոսքերով,

«Իսկապես արդյունավետ լինելու համար պետք է ներգրավել նավթի բոլոր գնորդներին: Սակայն քիչ հավանական եմ համարում, որ օրինակ Չինաստանը միանա այս հարցում, երկիր, որը մինչ այժմ որդեգրել է ռուսամետ դիրքորոշում պատերազմի հարցում’’, ասում է նա, այնուամենայնիվ հույս հայտնելով, որ առանց Չինաստանի էլ համախմբվածությունը լուրջ վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը:

Ռուսաստանի դեմ տնտեսական ճնշումներ կիրառելու հարցը ամենայն հավանականությամբ գերիշխելու է նաեւ Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ:

XS
SM
MD
LG