Հայտնի չէ՝ ուր են տանում ռուս ընդդիմության առաջնորդին
Կրեմլի հայտնի քննադատ Ալեքսեյ Նավալնին անհայտ վայր է տեղափոխվել կալանավայրից, վերջինս գտնվում է անազատության մեջ ՌԴ դատարանի որոշումից հետո։
Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Նավալնիի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը։
«Մենք չգիտենք, թե որտեղ է այժմ Ալեքսեյը և որ կալանավայր են նրան տեղափոխում», - ասել է Վոլկովը Telegram-ում։
Ռուսաստանի վերջին տասնամյակի ամենահայտնի ընդդիմադիր առաջնորդ Նավալնին արդեն 2,5 տարվա պատիժ էր կրում պայմանական ազատազրկման կանոնները խախտելու համար:
Հիշեցնենք, որ Նավալնին վերականգնվում էր մահափորձից հետո։ Նա և իր կողմնակիցները թունավորման մեջ մեղադրում են Կրեմլին։
Մարտի 24-ին Նավալնին դատապարտվել է լրացուցիչ ինը տարվա ազատազրկման՝ խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Ընդդիմության առաջնորդը պնդում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները շինծու են և նպատակ ունեն խոչընդոտել իր քաղաքական նկրտումները։
Դատավորը կարգադրել է Նավալնիին, ով քննադատել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, տեղափոխել խիստ ռեժիմով կալանավայր, որտեղ սահմանափակվելու են նրա տեսակցության և նամակագրության իրավունքները։
Նավալնին ավելի վաղ իր պատիժը կրել է թիվ 2 ուղղիչ գաղութում՝ Պոկրովի բանտային ճամբարում, որը գտնվում է Մոսկվայից 119 կմ. դեպի արևելք:
Նավալնիի գլխավորած կառույցը նրա ազատազրկումից հետո արգելվել է Ռուսատանում ՝ որակվելով «ծայրահեղական» կազմակերպություն։ Նրա կողմնակիցներն ու համախոհները կա՛մ կալանավորված են, կա՛մ հեռացել են երկրից։
Երկու շաբաթ առաջ Նավալնին հայտարարեց, որ իր դեմ նոր քրեական գործ է հարուցվել ծայրահեղական կազմակերպություն ստեղծելու և իշխանությունների դեմ ատելություն սերմանելու համար, հանցագործություններ, որոնց համար առավելագույն ազատազրկման ժամկետը 15 տարի է։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա