Մատչելի հղումներ

Նավալնիին հետևել են մասնավոր դետեկտիվներ, հավանաբար` Անվտանգության դաշնային ծառայության պատվերով


Նավալնիի հսկողությունը մինչև նրա թունավորման օրը Տոմսկում իրականացրել են անվտանգության նախկին աշխատակիցները, որոնք ծառայել են այժմ վերացված թմրամիջոցների վերահսկման դաշնային ծառայությունում

Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, բացի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ-ի) սպաներից, հետևում էին Ռյազանում գործող «Տենի» գործակալության մասնավոր հետախույզները, նախքան նրան թունավորումը։ Դա հաստատվում է «Դոսիե» կենտրոնի հետաքննությամբ։

Նավալնիի հսկողությունը մինչև թունավորման օրը՝ 2020 թվականի օգոստոսի 20-ը Տոմսկում իրականացրել են «Տենի»-ի աշխատակիցները, որոնք նախկինում ծառայում էին այժմ վերացված թմրամիջոցների վերահսկման դաշնային ծառայությունում, գրում է «Դոսյեն»։ Հետաքննության տվյալներով՝ ռուսական խոշորագույն պետական կորպորացիաները դետեկտիվ գործակալության հիմնական հաճախորդներից են։ Նրանց թվում է նաև ԱԴԾ-ի գիտատեխնիկական ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էդուարդ Չեռնովոլցևը, ով իբր ղեկավարում է ԱԴԾ-ի դատաբժշկական ինստիտուտը, որտեղ, ըստ բազմաթիվ հետազոտությունների, ստեղծվել են թույներ և որի աշխատակիցները մասնակցել են Նավալնիի թունավորմանը:

«Տենիի» աշխատակիցները, ըստ «Դոսյեի», ի թիվս այլոց, եղել են Կալինինգրադում, որտեղ, Նավալնիի խոսքով, իր կինը թունավորվել է «նովիչոկի» փոքր չափաբաժնով: Ընդդիմադիրին հետևել են արտերկրում։

«Դոսյեն» տալիս է նրանց անունները, ովքեր հետեւել են Նավալնիին նրա ուղեւորությունների ժամանակ։ Դրանք են Ալեքսանդր Բորզունովը, Ալեքսանդր Զարուբինը, Անդրեյ Մալիկովը և Վյաչեսլավ Ռոմաշինը։ Նրանք բոլորը «Տենի» գործակալության աշխատակիցներ են։ Նավալնիի թունավորումից քիչ առաջ նրանցից երկուսը, հավանաբար, հետևել են նաև Նավալնիի գործընկեր Մարիա Պևչիխին։

Ինչպես երևում է օդային ճանապարհորդության տվյալներից, ստվերային հետախույզները Ալեքսեյ Նավալնիին և նրա ընտանիքին ուղեկցել են առնվազն վեց ուղևորությունների ընթացքում, այդ թվում՝ 2019 թվականին Թաիլանդ կատարած այցի ժամանակ։ Նավալնին ավելի ուշ գրել էր, որ ինքը բացահայտել է նրանց։

Գործակալության երկու աշխատակիցներ, որոնք, ինչպես ասում են, հետևել են ընդդիմադիրին, «Դոսյե կենտրոն»-ին ասել են, որ դա սխալմունք է։

Հետաքննությունը պարունակում է ենթադրություն, որ մասնավոր հետախույզները կարող են հետևել Նավալնիին ԱԴԾ-ի հետ համագործակցելով, ըստ էության, նրա պատվերով։ Հետաքննությունը չի նշում՝ արդյոք «Տենի»-ի աշխատակիցները կարող էին անմիջական մասնակցություն ունենալ թունավորմանը։

Ալեքսեյ Նավալնին իրեն վատ էտ զգացել Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում։ Նա մոտ երեք շաբաթ անցկացրեց կոմայի մեջ։ Գերմանիայում, որտեղ նրան տեղափոխել էին բուժման նպատակով, նրա օրգանիզմում հայտնաբերվել են «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի հետքեր։ Մի շարք լրատվամիջոցներ հետաքննության ընթացքում եկել էին այն եզրակացության, որ թունավորմանը մասնակցել են ԱԴԾ-ի մի խումբ աշխատակիցներ։ Ռուսական իշխանությունները հերքում են թունավորման փաստը՝ միաժամանակ պնդելով, որ եթե դա տեղի ունենար, ապա դրան կարող էին ներգրավվել Արևմուտքի գաղտնի ծառայությունները կամ ընդդիմադիրի համախոհները։ 2021 թվականի հունվարից Ռուսաստան վերադարձած Նավալնին կալանքի տակ է։

Հոդվածը պատրաստվել է ''Ազատություն'' ռադիոկայանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG