Արդյո՞ք Ռուսաստանը «ձեռնպահ է մնացել Կիևի վրա հարձակվելուց»։ Ոչ, այն հետ է մղվել։

Ապրիլի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նախազգուշացրել է Ուկրաինային ռուսական հողում հարվածներ հասցնելու կամ դիվերսիա իրականացնելու հետևանքների մասին։

«Մենք տեսնում ենք ուկրաինական զորքերի կողմից դիվերսիաների և հարվածների փորձեր Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ Եթե նման դեպքերը շարունակվեն, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարվածներ կհասցնի որոշումների կայացման կենտրոններին, այդ թվում՝ Կիևին, ինչից մենք առայժմ ձեռնպահ ենք մնացել», RT ռուսական պետական լրատվականին ասել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նախազգուշացումը հնչել է այն հաղորդումներից հետո, ըստ որոնց՝ հարձակման թիրախ են դարձել Ռուսաստանի ռազմական գործողությունների համար կենսական կարևոր ենթակառուցվածքները Բելգորոդի մարզում, որը Ուկրաինայի Լուգանսկի, Խարկովի և Սումի մարզերի հետ ունի 550 կիլոմետր ձգվող ընդհանուր սահման։

Ուկրաինան չի հաստատել, որ նման հարվածներ է հասցրել։ Ամեն դեպքում սխալ է ասել, թե Ռուսաստանը «ձեռնպահ է մնացել» Կիևի վրա հարձակումից։ Իրականում ռուսական ուժերը սահմանափակ գործողություններ են ձեռնարկել մայրաքաղաքում, և ապացույցներ կան, որ Ռուսաստանը «կայծակնային» հարձակում էր ծրագրել Կիևը գրավելու նպատակով։

Միացյալ Նահանգները, որը ճշգրիտ կանխատեսել էր Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանը մտադիր էր պատերազմի սկզբից ևեթ գրավել Կիևը և «գլխատել» կառավարությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սանձազերծել է այս պատերազմը՝ Ուկրաինայի այսպես կոչված «դենացիֆիկացիայի» և այնտեղ ռուսախոսների դեմ իրականացվող ցեղասպանության դադարեցման անհասկանալի նպատակով, մի պատրվակ, որը չի ընդունվել Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

Ռուսական պետական լրատվամիջոցի մի հոդված, որը հրապարակվել էր Ռուսաստանի հաղթանակի ակնկալիքով, իսկ ավելի ուշ` ջնջվել, հայտարարում էր, որ «Ուկրաինան վերադարձել է Ռուսաստանի կազմ»։

«Կիև-Մոհիլա ակադեմիա» ազգային համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Տարաս Կուզիոն այդ հոդվածի մասին գրել է. «Այս սարսափելի տեքստը ուրվագծում է Ուկրաինայի ամբողջ ռազմական նվաճման պատկերը, որին պետք է հաջորդեին երկրի մասնատումը և խաղաղ բնակչության զանգվածային զտումները»։

Ռուսական այլ պետական լրատվամիջոցներ պնդումներ են արել ուկրաինական պետականության և մշակույթի վերացման մասին։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է Ուկրաինայի պատմական պետականությունը «Ուկրաինայի դենացիֆիկացիայի» ապակողմնորոշիչ կարգախոսով քարոզարշավի ընթացքում։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա՝ հարձակվելով երկրի հյուսիսային, հարավային և արևելյան շրջանների վրա։ Հարձակման ուղղություններից մեկը Կիևն էր։

Երկու օր անց, երբ ռուսական զորքերը մոտեցան մայրաքաղաքին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան «խափանել է» երկիրը տապալելու և Ուկրաինայում խամաճիկ պետություն ստեղծելու Ռուսաստանի ծրագիրը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները, որոնց ինքնությունը չի բացահայտվում, Reuters-ին հայտնել են, որ Ռուսաստանը «հուսախաբված է» Ուկրաինայի վճռական դիմադրությունից, ինչի արդյունքում դանդաղել է ռուսական զորքերի առաջխաղացումը։

Հաղորդվել է նաև, որ ռուս դիվերսանտները ներթափանցել են Կիևի Օբոլոն թաղամաս՝ Ուկրաինայի խորհրդարանի շենքից մոտ տասը կիլոմետր դեպի հյուսիս։ Ըստ հաղորդումների՝ դիվերսիոն խումբը չեզոքացվել է։ Բացի այդ, հաղորդվել է, որ Ռուսաստանին չի հաջողվել հասնել օդում գերազանցության, ինչը խոչընդոտել է ուկրաինական մայրաքաղաքի արագ գրավմանն ուղղված ջանքերը։

Ռուսաստանի հարձակումը Կիևի վրա գլխավորել են օդադեսանտային էլիտար ուժերը։ Ռուսական առավել տխրահռչակ ենթադրյալ ռազմական հանցագործություններից շատերը տեղի են ունեցել Կիևի սահմաններից դուրս գտնվող քաղաքներում՝ Բուչայում, Իրպինում և Հոստոմելում ընթացող մարտերի ժամանակ։ Ռուսաստանի կողմից Հոստոմելը (կամ Անտոնովի օդանավակայանը) չգրավելը ևս վճռորոշ նշանակություն է ունեցել մայրաքաղաքի դիմակայման համար։

Միջազգային անվտանգության և պատմության մեջ մասնագիտացած լրագրող Սեբաստիան Ռոբլինը «1945» պարբերականի իր հոդվածում պնդել է, որ Անտոնովի օդանավակայանը գրավելու դեպքում ռուսական զորքերը կարող էին այն օգտագործել «հազարավոր լրացուցիչ օդադեսանտային զինվորներ և նրանց թեթև զրահատեխնիկան բեռնատար ինքնաթիռով իջեցնելու համար»։

Այդ դեպքում, գրել է նա, ռուսական զորքերը կարող էին սկսել «սեղմել օղակը ուկրաինական մայրաքաղաքի շուրջ դեռևս նախքան ռուսական մեխանիզացված ստորաբաժանումների մոտենալը»։

Ռուսաստանը չի հաջողել նաև լոգիստիկ հարցերում։ Շոտլանդիայի Սուրբ Էնդրյուսի համալսարանի ռազմավարական հետազոտությունների պրոֆեսոր Ֆիլիփս Փեյսոն Օ'Բրայենը գրել է The Atlantic ամսագրի համար, որ Ռուսաստանի և Բելառուսի մերձսահմանային քաղաքները պահելով՝ Ուկրաինան «անհնարին դարձրեց Ռուսաստանի համար զորքերը երկաթուղով տեղափոխել Ուկրաինայի ավելի խորք»։

Այդ իրողությունները ստիպել են ռուսական զորքերին ցեխոտ սեզոնի ընթացքում տեղաշարժվել ավտոմոբիլային ճանապարհով, ինչը խոցելի էր դարձնում երկար շարասյուները հարձակման համար։

Առավել ակնառու օրինակ էր, երբ 64 կիլոմետրանոց ռուսական ռազմական շարասյունը կանգ էր առել Կիևի մատույցներում, BBC-ի և այլ լրատվականների նկարագրմամբ՝ լոգիստիկ ձախողումների, ուկրաինական ուժերի դիմադրության և ռուսական զորքերի շրջանում բարոյական ցածր ոգու պատճառով։

«Ուկրաինական հարձակումների պատճառած կորուստները խոչընդոտել են Կիևը գրոհելու համար բավականաչափ ուժեր կուտակելու Ռուսաստանի փորձերը։ Թեև ռուսները փորձել են առաջ շարժվել երեք տարբեր ճանապարհներով՝ Սումիից, Չեռնիգովից և հյուսիս-արևմուտքից, ուկրաինական դիմադրության արդյունքում նրանց չի հաջողվել բավարար ուժ կուտակել Կիևը շրջապատելու և, առավել ևս, գրոհելու համար», գրել է Օ'Բրայենը։ «Հարձակման բոլոր երեք գծերը այժմ արգելափակված են, և ռուսական ուժերը նահանջում են»։

Կիևից մոտ 130 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Չերնիգովը պաշարած ռուսական զորքերը նույնպես չեն կարողացել առաջ շարժվել դեպի Կիև։

Մարտի 14-ին ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ ռուսական զորքերը կանգ են առել Կիևի մատույցներում, և քաղաքը շրջապատելու «հնարավոր ջանքերը» այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Այդ ձախողումները, ըստ երևույթին, դրդել են Ռուսաստանին մեղմել իր հավակնությունները, հաղորդում է Forbes-ը։

Որոշ վերլուծաբաններ այդ ձախողումները ներկայացրել են որպես Կիևում ուկրաինական ուժերին կաշկանդելու միտումնավոր հնարք, որպեսզի Ռուսաստանը կարողանա առաջխաղացում ունենալ դեպի արևելք։ Մյուսները համամիտ չեն։

«Ռեժիմի փոփոխությունը [Ռուսաստանի] գործողության լավագույն բացատրությունն է։ Սկզբնական գրոհի ձախողումից հետո ռուսական զորքերը փորձել են շրջապատել Կիևը՝ հավանաբար, որպես հարկադրման ռազմավարության մաս, սակայն դա նրանց չի հաջողվել։ Այժմ Ռուսաստանը տևական հյուծումից հետո սևեռվում է ավելի հասանելի նպատակների վրա», թվիթերում գրել է Արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի ռուսական ռազմական քաղաքականության փորձագետ Ռոբ Լին։

Նա մատնանշել է Հոստոմելի վրա «շատ ռիսկային» հարձակումը, գործողություն, որը «անիմաստ էր ուկրաինական ուժերին սոսկ ճնշելու համար»։

«Բացի այդ, Ռուսաստանը սկզբնական շրջանում համեմատաբար քիչ հրթիռային հարվածներ է հասցրել Կիևում, ինչը կարող էր ակնկալվել խաբուսիկ գրոհի դեպքում, ընդ որում՝ այդ նպատակով կիրառված ուժերը չափազանց մեծ էին», գրել է Լին։

Պենտագոնի պնդմամբ՝ Ռուսաստանն այժմ պատրաստվում է հարձակման արևելքում։ Այս պարագայում պետք է հաշվի առնել Ռուսաստանի նախազգուշացումները դիվերսիայի դեպքում ձեռնարկվելիք գործողությունների մասին։

Ապրիլի 12-ին Ռուսաստանի Բելգորոդի մարզում լրջորեն վնասվեց Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկով քաղաքից մոտ 6,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկաթուղային գիծը, ըստ երևույթին, դիվերսիոն գործուղության հետևանքով։ Ապրիլի 1-ին Ռուսաստանը մեղադրել էր Ուկրաինային Բելգորոդում վառելիքի պահեստի վրա ավիահարվածներ հասցնելու մեջ։

Խարկովի մարզը արևելքից սահմանակից է Լուգանսկին, իսկ հարավ-արևելքից՝ Դոնեցկին։ Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի պատմական Դոնբասում գտնվող Լուգանսկի և Դոնեցկի որոշ հատվածներ 2014 թվականին այնտեղ ծածուկ պատերազմ հրահրելուց հետո։

Բելգորոդը Ռուսաստանի ռազմական գործողությունների հիմնական լոգիստիկ կենտրոնն է և ռազմական գործողությունների մարտահենադաշտը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից օրեր առաջ Պուտինը ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, որոնք կազմում են Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մոտավորապես մեկ երրորդը։

Մարտի 25-ին Ռուսաստանի զինված ուժերը հայտարարեցին, որ իրենց «հատուկ ռազմական գործողության» առաջին փուլի հիմնական խնդիրները կատարվել են, և որ Լուգանսկի մարզի 93 տոկոսը և Դոնեցկի մարզի 54 տոկոսը անցել են իրենց վերահսկողության տակ:

Սակայն Associated Press-ը հաղորդում է, որ «Կիևը և այլ խոշոր քաղաքներ գրոհելու ռուսական անհաջող փորձը մեծ վնաս է հասցրել անձնակազմին և տեխնիկային»։ Դա բարձրացրել է ուկրաինական զորքերի մարտական ոգին՝ միաժամանակ խթանելով միջազգային աջակցությունը։

Բրիտանացի պաշտոնաթող գեներալ սըր Ռիչարդ Բերոնսը AP-ին հայտնել է, որ Ռուսաստանը «հավանաբար կորցրել է իր ցամաքային զորքերի մոտ 25 տոկոսը» մարտական արդյունավետության տեսանկյունից։ «Նրանք միավորում, վերազինում, ամրապնդում և հետո նորից տեղաբաշխում են իրենց զորքերը», ասել է նա։ «Նրանք ջախջախված են և ընդամենը մի քանի շաբաթ ունեն մարտունակությունը վերականգնելու համար»։

Ռազմական վերլուծաբան Մարք Հարթլինգի կարծիքով՝ Ռուսաստանը, չնայած իր հակառակ պնդումներին, «մոտ ժամանակներում չի կարողանա մարտի դաշտ վերադարձնել նույն ուժերը, որոնք օգտագործել է Կիևի և Խարկովի հարձակումների ընթացքում»։

«Այդ ուժերը սպառվել են ու ծվատվել։ Որոշ ուժեր գուցեև ի վիճակի են պայքարել, սակայն նրանք, ամենայն հավանականությամբ, արդյունավետ չեն լինի», թվիթերում գրել է Հարթլինգը։