Մատչելի հղումներ

Զելենսկի՝ ռուսական քարոզչության դեմ ''սուպեր չարագործը''


Ռուսաստանը սաստկացրեց հակաուկրաինական ապատեղեկատվությունը այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով զինված ուժերը հարձակում սկսեցին ընդդեմ Ուկրաինայի: «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվականի հոդվածներից մեկը ներխուժումից երկու օր անց նույնիսկ հռչակեց Ուկրաինայի անվերապահ պարտությունը։ «Ուկրաինան վերադարձավ Ռուսաստանի կազմ», ասված էր հայտարարության մեջ։

Ավելի ուշ նյութը հեռացվեց։

Կրեմլի կեղծիքների տարափում առանձնանում է մեկ թիրախ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որի՝ իր երկիրը համախմբելու խարիզմատիկ ջանքերը համաշխարհային արձագանք են ստացել։ Ռուսական մեդիան միանգամայն այլ Զելենսկի է ներկայացնում։

Կրեմլյան Զելենսկին թույլ է, վախկոտ և անվստահելի, հոգեպես անկայուն մի առաջնորդ, որը դավաճանել է ուկրաինացի ժողովրդին։

Ռուսական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արևմուտքը հիասթափված է Զելենսկիից և ցանկանում է փոխարինել նրան։ Միևնույն ժամանակ, ռուսական պետական տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ Արևմուտքը թույլ չի տալիս Զելենսկիին փախչել, որ Արևմուտքը լքել է նրան, կամ որ նա լքել է Ուկրաինան ու փախել Լեհաստան կամ այլ վայր։

Բոլոր այդ հաղորդումները կեղծ են, որում կարող է համոզվել պատերազմի և Զելենսկիի գործողությունների մասին անկախ լրատվամիջոցներին հետևող յուրաքանչյուր ոք։ Իրականում Զելենսկին մերժել է անվտանգ ելք ապահովելու ԱՄՆ-ի առաջարկը՝ ասելով. ինձ ոչ թե փոխադրամիջոց, այլ զինամթերք է հարկավոր»։

Ռուսական լրատվամիջոցներում կեղծիքի հոսքը երբեք չի դադարում։

Ամենաաղաղակող դեպքերից մեկում Ռուսաստանի Պետդումայի (ստորին պալատի) նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը փետրվարի 26-ին հայտարարել էր. «Բոլոր տեսանյութերը, որոնք Զելենսկին հրապարակում է սոցիալական ցանցերում Կիևից, նախապես ձայնագրված են», և որ Զելենսկին, որը հրեա է, «իրականում թաքնվում է նացիստական անվտանգության ուժերի պաշտպանության ներքո»։

Պատերազմի սկզբից ևեթ Զելենսկին կանոնավոր կերպով տեսաթարմացումներ է հրապարակում իր տելեգրամյան ալիքում։ Փետրվարի 26-ին նա ուղերձով դիմել է ուկրաինացիներին Կիևից՝ նախագահի գրասենյակի հարևանությամբ գտնվող շենքի առջևից։

«Ցանցում շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել, թե իբր ես կոչ եմ անում վայր դնել զենքերը, և իբր տարհանում է ընթանում», ասել է Զելենսկին։ «Ես այստեղ եմ։ Մենք զենքը վայր չենք դնի։ Մենք կպաշտպանենք մեր երկիրը»։

Polygraph.info-ն դուրս է բերել փետրվարի 26-ի տեսանյութի մետատվյալները։ Ստեղծման ամսաթիվը ցույց է տալիս 1903 թվականի դեկտեմբերի 31-ը, հավանաբար, անվտանգության նկատառումներից ելնելով։ Զելենսկին նշել է, որ դարձել է ռուսական ուժերի թիվ մեկ թիրախը։ Ըստ արևմտյան պաշտոնյաների՝ Պուտինի ծրագիրն է նրան հեռացնել և խամաճիկ կառավարություն հաստատել։ Զելենսկին գիտակցում է վտանգը, սակայն պնդում է, որ չի պատրաստվում հեռանալ։

Վկայակոչելով հետախուզության աղբյուրները՝ բրիտանական The Times թերթը փետրվարի 28-ին հաղորդել է, որ Կիևում գործում են 400 ռուս վարձկաններ՝ Զելենսկիին սպանելու հրամանով։

Ուկրաինայում ռազմական գործողության մեջ գտնվող ռուսական զինտեխնիկան նշվում է «Z» տառով։ Առեղծվածային տարբերանշանը սոցիալական ցանցերում բուռն ենթադրությունների տեղիք է տվել, որ այն խորհրդանշում է Զելենսկիի ազգանվան առաջին տառը և նշանակում է նրա կործանումը։

Սակայն փետրվարի 28-ին Tablet Magazine պարբերականում գրող և կինոռեժիսոր Բեռնար-Անրի Լևին «Ուկրաինայի հերոս նախագահ Z.» վերտառությամբ հոդվածում պատմել է Զելենսկիի՝ կատակերգուից քաղաքական նորելուկի, նախագահ դառնալու, պատմական գործչի փոխակերպման մասին, որը կարող է վերափոխել Եվրոպան։

«Այս մարդը, որը գերադասում է մեռնել մարտում, քան կրել բռնի հանձնման անարգանքը, այս կատակերգու դերասանը, որը երեկ կարծես ասում էր՝ «ամեն ինչ կորած է, բացի պատվից», բայց որն այսօր առավոտյան, ռմբակոծությունների հերթական գիշերից հետո, իր մեջ ուժ է գտնում ոգեշնչելու իր ժողովրդին և ասելու նրանց, որ նրանք դեռ ազատ են, Պուտինի մղձավանջն է»։

XS
SM
MD
LG