Մատչելի հղումներ

Ինչպես է Չինաստանը տարածում կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ Կրեմլի կեղծ պնդումները


Մարտի 8-ին չինական պետական «Շենժեն» հեռուստաընկերության լրագրողը դիմել էր Չինաստանի արտաքին գործերի նախարարություն «Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների» մասին մեկնաբանություն տալու խնդրանքով՝ նշելով, որ «Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը, ըստ հաղորդումների, շտապ կերպով հեռացրել է նման լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվությունը»։

Խնդրո առարկա պնդումների միակ աղբյուրը Ռուսաստանի կառավարությունն էր, որը պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ փետրվարի 24-ին երկիր ներխուժելուց հետո։

Այդ ժամանակից ի վեր ռուսական պետական լրատվամիջոցները ակտիվ տարածում են կեղծ պնդումներ այն մասին, որ ռուսական զորքերը հայտնաբերել և որոշ դեպքերում ոչնչացրել են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո գործող կենսաբանական զենքի ուկրաինական լաբորատորիաներ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Polygraph.info վեբկայքը, Կրեմլը տարիներ շարունակ կենսաբանական զենքի հետ կապված ապատեղեկատվություն է տարածում, ինչը բազմիցս հերքվել է։

Սակայն այժմ Չինաստանի կառավարությունը և պետական լրատվամիջոցները կրկնում են այդ կեղծ պնդումները։

«Ըստ ամերիկյան կողմի հրապարակած տվյալների՝ ԱՄՆ-ն Ուկրաինայում տիրապետում է 26 կենսալաբորատորիաների և հարակից այլ օբյեկտների, որոնք լիովին վերահսկվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից», նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

«Ուկրաինայում ԱՄՆ-ի կենսաբանական ռազմական գործողությունները միայն սառցաբեկորի գագաթն են», հավելել է նա։ «Կենսաբանական անվտանգության ռիսկերի նվազեցման և համաշխարհային հանրային առողջապահության ամրապնդման պատրվակով ԱՄՆ-ն վերահսկում է 336 կենսալաբորատորիաներ 30 երկրներում»։

Չժաոյի պնդումները ապակողմնորոշիչ են կամ կեղծ։

Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաներից ոչ մեկը չի գործարկվում կամ վերահսկվում ԱՄՆ-ի կողմից։ Բացի այդ, ուկրաինական կենսալաբորատորիաները օրինական հետազոտական աշխատանք են իրականացնում և գաղտնի չեն։ Դրանք «կենսաբանական ռազմական գործունեություն» չեն ծավալում։

Սպառնալիքի նվազեցում

Ուկրաինան միացել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրին 2005 թվականին։ Ծրագիրը մեկնարկել է Խորհրդային Միության փլուզումից հետո զանգվածային ոչնչացման զենքերի, այդ թվում՝ կենսաբանական, քիմիական, միջուկային և ճառագայթային սպառազինության անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում ավելի քան 30 օտարերկրյա գործընկերների՝ ընդլայնելու ազգային, տարածաշրջանային և գլոբալ կենսաանվտանգության, կենսաապահովության և կենսահսկողության կարողությունները», ասվում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալության հաղորդագրության մեջ։

Օտարերկրյա գործընկերների թվում են նաև Ռուսաստանի բարեկամ նախկին խորհրդային հանրապետությունները, ինչպիսիք են Ադրբեջանը և Ղազախստանը։

«Մենք աշխատում ենք Ուկրաինայի կառավարության հետ պետական հաստատություններում առկա վտանգավոր ախտածինների և թունանյութերի անվտանգության ուղղությամբ, ինչպես նաև ֆինանսավորում ենք ուկրաինացի գիտնականների կողմից պատվաստանյութերի մշակման հետազոտությունները», ասել է Կիևում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության սպառնալիքների նվազեցման գրասենյակի նախկին ղեկավար Ջոաննա Ուինթրոլը 2020 թվականի օգոստոսին տված հարցազրույցում։

Այս հաստատություններին ուղղված ամերիկյան աջակցությունը գաղտնիք չէ, և ԱՄՆ-ի հետ կապված ուկրաինական այս կենսալաբորատորիաները Պենտագոնի կողմից կամ դրա «բացարձակ վերահսկողության» տակ գործարկվող ամերիկյան լաբորատորիաներ չեն։

«Ուկրաինայում Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի ներկայիս պատասխանատուներն են Առողջապահության նախարարությունը, Ուկրաինայի սննդի անվտանգության և սպառողների պաշտպանության պետական ծառայությունը, Ագրարային գիտությունների ազգային ակադեմիան և Պաշտպանության նախարարությունը», ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում։

«Իրականում դա մեր երկու երկրների համատեղ ծրագիրն է՝ հիմնված իրավական համաձայնագրերի վրա։ Իսկ բոլոր մասնակից լաբորատորիաները և հաստատությունները վերահսկվում և կառավարվում են Ուկրաինայի կառավարության կողմից։ Այդ լաբորատորիաներում որևէ ամերիկացի գիտնական չի աշխատում», նշել է Ուինթրոլը։

Նույնը հաստատել է ուկրաինական կառավարությունը։

Kyiv Post պարբերականը 2020 թվականին հաղորդել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է Ուկրաինայում կենսալաբորատորիաների դեմ «ծրագրված տեղեկատվական արշավի» մասին։

«Վերջերս լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում «կեղծ լուրեր» են տարածվել Ուկրաինայում ամերիկյան ռազմակենսաբանական լաբորատորիաների ենթադրյալ գործունեության մասին… Ուկրաինայում օտարերկրյա կենսաբանական լաբորատորիաներ չեն գործում», ասվում է երկրի անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջում։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ «Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև կենսաահաբեկչության հակազդմանն ուղղված համագործակցությունը բացառապես ուկրաինական օրենսդրության շրջանակներում է և բխում է Ուկրաինայի շահերից», հաղորդել է Kyiv Post-ը։

«Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի համաձայնագրի շրջանակներում արդիականացվել են մի շարք պետական լաբորատորիաներ, որոնք տեղակայված են Օդեսայի, Խարկովի, Լվովի, Կիևի, Վիննիցայի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի մարզերում»։

«Հարկ է ընդգծել, որ այդ լաբորատորիաները ֆինանսավորվում են պետական բյուջեից, գործում են Առողջապահության նախարարության և սննդի անվտանգության և սպառողների պաշտպանության պետական ծառայության ենթակայության ներքո», հավելել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ կապված կենսալաբորատորիաների վերաբերյալ ռուսական մշտական ապատեղեկատվությանը՝ Պենտագոնը հունվարին հրապարակել է բացատրական տեսանյութ։

Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի մասնակից բոլոր լաբորատորիաները «պատկանում, շահագործվում և ղեկավարվում են տվյալ երկրի կառավարության կողմից՝ տեղական կարիքները բավարարելու համար», ասվում է տեսանյութում։

Կենսալաբորատորիաներում կենսաբանական զենք չի մշակվում

Ուկրաինական կենսալաբորատորիաների մասին ռուսական և չինական ապատեղեկատվությունը կեղծ և միտումնավոր կերպով կենսաբանական հետազոտությունները նույնացնում է կենսաբանական զենքի մշակման հետ։ Մինչդեռ Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի նպատակն է վերացնել կենսաբանական զենքերը և կանխել դրանց մշակումները։

«Սպառազինությունների վերահսկման ընկերակցություն» կազմակերպությունը, որը հանդես է գալիս հօգուտ սպառազինությունների վերահսկման համաշխարհային քաղաքականության, ողջունել է Ուկրաինայի մասնակցությունը Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրին։

«Նոր համաձայնագրով համագործակցությունը չի սահմանափակվի ախտածինների դեմ պայքարով։ Միջոցներ կտրամադրվեն նաև այնպիսի գիտնականների ներգրավման համար, որոնք իրենց հմտությունների և ֆինանսական անապահովության պատճառով կարող են թիրախ դառնալ կենսազենքի ստեղծման հնարավորությունների ձգտող պետությունների կամ անկախ խմբերի համար», գրել է կազմակերպությունը 2005 թվականին։

«Բացի այդ, համաձայնագիրը ներառում է հիվանդությունների բռնկումների ախտորոշման գործում ամերիկյան և ուկրաինական համաճարակաբանական լաբորատորիաների համագործակցության դրույթներ», հայտնում է Սպառազինությունների վերահսկման ընկերակցությունը։

Ըստ «Ատոմային գիտնականների տեղեկագիր» կազմակերպության՝ «ԱՄՆ-ի հետ կապված լաբորատորիաների գործառույթներից է Խորհրդային Միության հիմնած կենսազենքի ծրագրից մնացած պաշարների վերահսկումը, ինչպես, օրինակ, Ղազախստանի կենտրոնական ռեֆերենս լաբորատորիայի դեպքում։ Այդ ժամանակից ի վեր լաբորատորիաների գործունեության հիմնական ուղղությունը եղել է հիվանդությունների վերահսկումը և հանրային առողջապահությունը»։

«Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի շրջանակներում Ուկրաինայի պետական գերատեսչությունների համար ստեղծվել են լաբորատորիաներ՝ օգնելու պայքարել ՔՈՎԻԴ-19-ի դեմ և աջակցելու ամերիկա-ուկրաինական գիտական համագործակցությանը», նշված է Տեղեկագրում։

Միացյալ Նահանգների հավաքական գիտական ազգային ակադեմիան 2012 թվականին հրապարակել է «Ուկրաինայում անվտանգության բարձր մակարդակ ապահովող լաբորատորիաների» կարգավիճակի մասին փաստաթուղթ։

Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանից կենսաանվտանգության ոլորտի երկու ուկրաինացի գիտնականներ հոդվածում գրել են, որ Ուկրաինան չունի ամենաբարձր անվտանգության պահանջներին բավարարող BSL-4 տիպի լաբորատորիաներ, որոնք թույլ են տալիս աշխատել առավել վտանգավոր ախտածինների հետ։

Ըստ Foreign Policy պարբերականի՝ Ուկրաինան չունի BSL-4 տիպի լաբորատորիա։ Այն ունի միայն BSL-3 տիպի ընդամենը մեկ լաբորատորիա։

Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը, Պենտագոնը և ԱՄՆ հետախուզական հանրությունը հանդես են եկել Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող՝ կենսաբանական զենքի հետազոտությունների վերաբերյալ Մոսկվայի պնդումների դեմ։

Մարտի 9-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանի «կեղծ պնդումները Ուկրաինայում կենսաբանական զենքի ենթադրյալ ամերիկյան լաբորատորիաների և քիմիական զենքի մշակման մասին անհեթեթ» են և կարող էին արվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ զանգվածային ոչնչացման այդպիսի զենքի կիրառման համար հիմքեր ստեղծելու նպատակով։

Պետքարտուղարությունը ռուսական հայտարարությունն անվանել է «կատարյալ անհեթեթություն» և այն համարել է «կեղծ պատրվակ՝ փորձելու արդարացնել Ուկրաինայում իր սարսափելի գործողությունները»։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշել է. «Մենք նաև տեսնում ենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտոնատար անձինք կրկնում են այդ դավադրության տեսությունները»։

Չինական Weibo սոցիալական հարթակում բազմաթիվ նյութեր՝ կապված Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին Չժաոյի կեղծ մեղադրանքների հետ, հարյուր միլիոնավոր դիտումներ են հավաքել։

Հիրավի, Ուկրաինա ներխուժումից հետո ռուսական ապատեղեկատվությունը մեծ տարածում է ստացել չինացիների շրջանում։

Մարտի 8-ին Axios լրատվական կայքը հաղորդել է, որ Չինաստանի կառավարությունը «զտում է երկրի լրատվամիջոցները Ուկրաինայի մասին կարեկցող կամ ճշգրիտ լուսաբանումից և տարածում է պուտինինամետ կարծիքներ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման մասին»։

Փետրվարի 22-ին տեղեկատվական արտահոսքի արդյունքում բացահայտվեց գրաքննության հրահանգ, ըստ որի՝ չինական պետական լրատվամիջոցի աշխատակիցները պետք է խուսափեն «Ռուսաստանի համար անբարենպաստ կամ արևմտամետ որևէ նյութ» տեղադրելուց իրենց սոցիալական ցանցերում։ Հրահանգը պատահաբար հայտնվել էր լրատվամիջոցի Weibo էջում։

XS
SM
MD
LG