ԵՄ գագաթնաժողովում ակնկալվում է, որ որոշում կկայացվի Ուկրաինային 9,9 մլրդ եվրոյի լրացուցիչ վարկեր տրամադրելու մասին
Բրյուսելի գագաթնաժողովի առաջին օրը ԵՄ-ը չկարողացավ նավթային էմբարգո սահմանել Ռուսաստանի դեմ։
Երկուշաբթի առավոտյան ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունման հարցում փոխզիջմանը հասնելու փորձ է արվել։
Reuters-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի փաստաթղթերի նախագծերում խոսվում է նավթի էմբարգո սահմանելու բոլոր 27 երկրների սկզբունքային համաձայնության մասին, բայց միայն ընդհանուր գծերով։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից ԵՄ-ն արդեն ընդունել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների հինգ փաթեթ՝ ցույց տալով ռեկորդային արագություն և միասնություն՝ հաշվի առնելով ձեռնարկված միջոցառումների բարդությունը։ Բայց նավթի էմբարգոյի շուրջ համաձայնություն ձեռք բերել չի հաջողվում արդեն շաբաթներ շարունակ, քանի որ ԵՄ որոշ երկրներ, ավելի շատ, քան մյուսները, կախված են ռուսական նավթի մատակարարումներից:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ում երկիրը էմբարգոյի հիմնական հակառակորդն է, Բրյուսել ժամանելուն պես ասել է, որ «այս պահին ընդհանրապես փոխզիջումներ չկան»։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով մայիսի սկզբին առաջարկել էր պատժամիջոցների վերջին՝ 6-րդ փաթեթը, նույնպես ասաց, որ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։
ԵՄ 27 երկրների միջև կա կոնսենսուս փաթեթի մնացած կետերի վերաբերյալ, որը ներառում է, մասնավորապես, «Սբերբանկ»-ի անջատումը SWIFT համակարգից, ԵՄ երկրներում ռուսական հեռարձակողների գործունեության արգելքը և ԵՄ-ում ակտիվների սառեցմամբ անձնական պատժամիջոցների ցանկի ընդլայնումը:
Եվրահանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ասել է, որ պատժամիջոցների ամբողջ 6-րդ փաթեթը պետք է միայն ամբողջությամբ հաստատվի, որը ներառում է ռուսական նավթի ներկրման արգելք։
Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսը հիշեցրեց իր գործընկերներին, որ «մենք մի փոքր խճճվում ենք... մանրամասների մեջ և մոռանում մեծ պատկերը: Դա միայն փող է, իսկ ուկրաինացիներն իրենց կյանքով են վճարում».
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, գնահատելով փոխզիջման հասնելու հնարավորությունը, ասաց, որ ավելի իրատեսական է նավթի էմբարգոյի շուրջ համաձայնություն ակնկալել միայն մի քանի շաբաթից, հնարավոր է ԵՄ հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 23-24-ը։
Գագաթնաժողովի փաստաթղթերի նախագծերում, որոնց ծանոթացել է Reuters-ը, ասվում է, որ նավթի էմբարգոն ներառելու է ծովային ճանապարհով ռուսական նավթի ներմուծման արգելք: Նախատեսվում է, որ դեպի ծով ելք չունեցող Հունգարիան, Սլովակիան և Չեխիան ավելի ուշ կմիանան պատժամիջոցներին:
Այնուամենայնիվ, ԵՄ առաջնորդները որոշեցին խնդրել իրենց նախարարներին և դիվանագետներին վերջնական տեսքի բերել համաձայնագիրը: Օրբանը միաժամանակ ասել է, որ Հունգարիան կաջակցի համաձայնությանը «միայն այն դեպքում, եթե լինեն Հունգարիայի էներգամատակարարման անվտանգությունն ապահովելու երաշխիքներ, որոնք... այժմ հասանելի չեն»։
Բրյուսելում այս գագաթնաժողովի շոշափելի արդյունքներից մեկը պետք է լինի Ուկրաինային ԵՄ 9 միլիարդ եվրոյի վարկային փաթեթի շուրջ համաձայնագիրը՝ փոքր դրամաշնորհային բաղադրիչով, որը հնարավորություն կտա Ուկրաինային ապահովել իր կառավարության գործունեությունը և վճարել աշխատավարձերը երկրում առաջիկա երկու ամիսների ընթացքում:
ԵՄ 27 երկրների ղեկավարները կաջակցեն նաև պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի վերականգնման միջազգային հիմնադրամի ստեղծմանը, որի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, և կանդրադառնան այս նպատակով ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման հարցին:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա