Մատչելի հղումներ

ԵՄ-ն շարունակում է ռուսական նավթի դեմ պատժամիջոցների շուրջ բանակցությունները


Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատումը բախվում է ԵՄ որոշ անդամների, մասնավորապես՝ cունգարիայի առարկություններին

Երկուշաբթի օրը կայացավ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի նպատակն էր համաձայնության հանգումը ռուսական նավթի ներկրման դեմ պատժամիջոցների շուրջ այդ օրը ավելի ուշ կայանալիք պետությունների ղեկավարների հանդիպումից առաջ: ԵՄ ձգտում է խուսափել ուկրաինական պատերազմի շուրջ դաշինքի պառակտումից:

Գագաթնաժողովի եզրակացության նոր նախագծի համաձայն՝ 27 երկրների ղեկավարները պետք է համաձայնեն, որ պատժամիջոցների հաջորդ փուլը կանդրադառնա նաև ռուսական նավթին բացառությամբ խողովակաշարերով ներկրվող էներգակիրների։ Սա այն փոխզիջումն է, որի շուրջ կիրակի օրը չկարողացան համաձայնության գալ դեսպանները։

Տեքստը, որին ծանոթացել է Reuters-ը և որը ենթակա է փոփոխման, հաստատում է ծովով առաքվող նավթի նկատմամբ պատժամիջոցների մասին համաձայնագիրը։ Միաժամանակ, դեպի ծով ելք չունեցցող Հունգարիային, Սլովակիային և Չեխիային մատակարարվող նավթը նույնպես ինչ-որ պահին կհայտնվի պատժամիջոցների ներքո։

Այնուամենայնիվ, տեքստից հետևում է, որ պետությունների ղեկավարները, որոնք կհանդիպեն Բրյուսելում կեսօրին, վերջնական համաձայնության չեն հանգել այս ժամանակավոր դրույթների ժամկետների շուրջ։

Փոխարենը նրանք դիվանագետներին ու նախարարներին կխնդրեն գտնել այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն արդար մրցակցություն ռուսական նավթ ստացողների և դրանից հրաժարվողների միջև։

ԵՄ դիվանագետն ասաց, որ այս տարբերակն իրենից ներկայացնում է «սահմանափակ մի առաջընթաց»: Նրա խոսքով՝ չափազանց շատ մանրամասներ դեռ չեն պարզվել, որպեսզի առաջնորդները երկօրյա գագաթնաժողովի ընթացքում լիարժեք համաձայնության գան։ Գագաթնաժողովը մեծ արդյունքներ չի գրանցի, եթե նավթի էմբարգոյի շուրջ ստեղծված փակուղին դանդաղեցնի պատժամիջոցների ավելի լայն փաթեթի ընդունումը:

ԵՄ առաջնորդները կխոստանան շարունակական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ օգնելու նրան կանխել Ռուսաստանի առաջխաղացումը: Նրանք նաև կփորձեն ելքեր գտնել էներգակիրների գների աճի,սննդի մատակարարման խափանման և այլ ճգնաժամերի հարցում:

Սակայն բանակցությունների հիմնական հարցը շարունակում է մնալ Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլի շուրջ համաձայնության խնդիրը, որը ձգձգում է Հունգարիան։

«Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո մենք տեսանք, թե ինչ կարող է լինել, երբ Եվրոպան միավորվի», - կիրակի օրը հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։ -Վաղվա գագաթնաժողովին ընդառաջ, հուսանք, որ այդպես կշարունակվի։ Բայց [միասնությունը] արդեն սկսում է քանդվել»։

Պատժամիջոցների նոր փաթեթի մյուս տարրերն են՝ Ռուսաստանի ամենամեծ բանկի՝ Սբերբանկի SWIFT համակարգից անջատումը, ԵՄ-ում ռուսական հեռարձակողների արգելումը և այն մարդկանց ցուցակի ընդլայնումը, որոնց ակտիվները ենթակա են սառեցման:

Գագաթնաժողովի ամենաշոշափելի արդյունքը կլինի ԵՄ 9 միլիարդ եվրոյի վարկային փաթեթի համաձայնագիրը՝ փոքր դրամաշնորհային բաղադրիչով, որը կփակի տոկոսների մի մասը, որպեսզի անխափան գործի Ուկրաինայի կառավարությունը և երկրում վճարվեն աշխատավարձեր մոտակա երկու ամիսների ընթացքում: Այդ միջոցները հայթայթելու վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ:

Համաձայն գագաթնաժողովի եզրակացության նախագծի, որին ծանոթացել է Reuters-ը, ԵՄ առաջնորդները կաջակցեն նաև պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնմանը՝ միջազգային հիմնադրամի ստեղծմամբ, ինչպես նաև կանդրադառնան այս նպատակների համար ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման իրավական դժվարին խնդրին:

Ղեկավարները խոստանում են արագացնել աշխատանքը՝ օգնելու Ուկրաինային երկաթուղով և ավտոմոբիլային ճանապարհով իր հացահատիկը օտարերկրյա գնորդներին հասցնելու հարցում, քանի որ ռուսական նավատորմը փակում է սովորական ծովային ուղիները, և քայլեր կձեռնարկեն ռուսական էներգիայից ավելի արագ անկախանալու համար:

Փաստաթղթի նախագծում ասվում է, որ առաջնորդները կուսումնասիրեն էներգիայի գների աճը զսպելու ուղիները, ներառյալ գների ժամանակավոր սահմանափակումների սահմանումը, վերականգնվող էներգիայի հարցում բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը և ազգային էլեկտրացանցերի փոխկապակցման մեջ ներդրումների կատարումը, որպեսզի երկրներն ավելի արդյունավետ օգնեն միմյանց:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG