Արդարադատության նախարարությունը կքննի Թեքսասի դպոցում հրաձգության ժամանակ ոստիկանության գործողությունները

Շատերի կարծիքով՝ իրավապահները չեն կարողացել ադեկվատ դիմակայել հրաձիգին

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ կուսումնասիրի իրավապահ մարմինների արձագանքը Թեքսաս նահանգի Յուվալդե քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության միջադեպին:

Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով զոհվել են 19 երեխաներ և երկու ուսուցիչ։

Քննությունը տեղի կունենա հասարակության աճող զայրույթի պայմաններում առ այն, որ ոստիկանությունը չկարողացավ արագ արձագանքել հրաձգությանը:

Քաղաքի իրավապահները թույլ են տվել հրաձգին գրեթե մեկ ժամ մնալ Ռոբբի տարրական դպրոցի դասասենյակում։ Այդ ժամանակ միջանցքում ոստիկանները սպասում էին, իսկ երեխաները դասասենյակներից խուճապահար զանգահարում էին 911։

Թեքսաս նահանգի պաշտոնյաներն ասում են, որ իրենք իրենց հետաքննությունն են անցկացնում:

Արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Էնթոնի Քոուլին ասել է, որ Յուվալդեի քաղաքապետի խնդրանքով կանցկացվի միջադեպի մանրամասն հետաքննություն՝ կապված իրավապահների արձագանքի հետ:

«Արդարադատության դեպարտամենտի աուդիտի ավարտից հետո կհրապարակվի բացահայտումների վերաբերյալ զեկույց»,- ասել է արդարադատության նախարարության ներկայացուցիչը։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա