Թեքսաս նահանգի Յուվալդի քաղաքը ողբում է երեքշաբթի օրը տարրական դպրոցում արձանագրված զանգվածային սպանության դեպքը, որը խլեց առնվազն 19 երեխաների և երկու մեծահասակի կյանք: 18-ամյա հրաձիգը տեղում մահացել է իրավապահների հետ հրաձգության արդյունքում:
Մոտ 16000 բնակիչ ունեցող քաղաքում գրեթե բոլորը գիտեն զոհերից գոնե մեկին:
Այս կինը գիտի սպանված և վիրավորված երեխաներից մի քանիսի ընտանիքներին: Մեկ այլ կնոջ որդին՝ Ֆերնանդո Ռոդրիգեսը, Ռոբբի տարրական դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ է։ Նա դպրոցում էր, երբ հրաձիգը հայտնվեց այնտեղ, բայց ուսուցիչների և այլ աշակերտների հետ կարողացավ փախչել պատուհանից: Մահացածների թվում էիննրա ընկերները մեկ այլ դասարանից:
Այս կնոջ ծոռնուհին՝ Մոնիկ Ալվարեսը, դպրոցից փախած ու ողջ մնացած երեխաների թվում է։ Կնոջ եղբայրը՝ Մենի Ալվարեսը, հարց է բարձարցնում, թե ինչպես է ստացվել, որ դեռահաս հրաձիգին հաջողվել է այդքան հեշտությամբ զենք ձեռք բերել։
«18 տարեկան դառնալուց հետո, նրանք կարող են գնել զենք: Ես դա ճիշտ չեմ համարում»,- ասում է Յուվալդի բնակիչ Մանի Ալվարեսը:
Նիգերիացի այս ներգաղթյալը մեքենայով այստեղ է եկել Թեքսաս նահանգի Օսթին քաղաքից՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին:
Նա փրկվել է 2019 թվականին Թեքսաս նահանգի Միդլենդ և Օդեսսա բնակավայրերում արձանագրված զանգվածային հրաձգության ժամանակ: Նրա ուղղությամբ երեք անգամ կրակել են: Բարեբախտաբար նա ողջ է մնացել, սակայն յոթ այլ անձ զոհվել են:
«Շատ ազդվեցի, երբ լսեցի այս ողբեգական լուրը: Անցած երկու-երեք օրը չէի կարողանում քնել: Որոշեցի գալ և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին »,- ասում է հրաձգություն վերապրած Իֆ Օբայագբոնը:
Նա մեղադրում է քաղաքական գործիչներին երեխաներին չպաշտպանելու մեջ, իսկ վշտացած համայնքը հարցնում՝ ինչ՞ու:
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Մայք Օսալիվանի նյութի հիման վրա