Բիզնեսի ներկայացուցիչները և կառավարության մի շարք անդամներ դժգոհ են, որ նախագահը սկսել է պատերազմ՝ չմտածելով պատժամիջոցների ծավալի մասին.
Այսօր 3 ամիս է լրանում Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր, որը Կրեմլը դեռ անվանում է «հատուկ ռազմական գործողություն»։ Ինչպես հայտնում է Meduza-ն՝ վկայակոչելով ռուսական իշխող շրջանակների աղբյուրները, վերջին երեք ամսվա ընթացքում ռուսական էլիտայի շատ ներկայացուցիչներ մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումը պատերազմի և երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այժմ, ըստ հրապարակման, էլիտայի շատ անդամներ՝ և՛ պատերազմի շարունակման կողմնակիցները, և՛ խաղաղության կողմնակիցները, դժգոհ են նախագահ Վլադիմիր Պուտինից։
Ընդհանուր առմամբ, իրավիճակի գնահատականներում հոռետեսությունը գերակշռում է, պնդում է Meduza-ն։ Գործարարները և կառավարության մի շարք անդամներ «դժգոհ են, որ նախագահը սկսել է պատերազմը՝ չմտածելով պատժամիջոցների ծավալի մասին»։ Մեկ այլ հատված էլ դժգոհ է «հատուկ գործողության» տեմպերից՝ կոչ անելով ավելի վճռական գործողություններ իրականացնել՝ ընդհուպ մինչեւ լայնածավալ մոբիլիզացիա ու պատերազմ` «մինչեւ հաղթանակ»։ Meduza-ի աղբյուրների համաձայն՝ Կրեմլը պատրաստ չէ մոբիլիզացիայի, քանի որ այդ գաղափարը չի վայելում հասարակության աջակցությունը։ Խաղաղության կողմնակիցներն էլ իրենց հերթին մատնանշում են տնտեսության մեջ առկա խնդիրները, որոնք, նրանց կարծիքով, ժամանակի ընթացքում կսրվեն։
Meduza-ի աղբյուրները պնդում են նաեւ, որ իշխանության ամենաբարձր օղակներում գնալով ավելի հաճախ է քննարկվում «Պուտինի իրավահաջորդի» թեման։ Խոսքը նախագահի դեմ դավադրության մասին չէ, «բայց կա ըմբռնում կամ ցանկություն, որ տեսանելի ապագայում նա չի կառավարի պետությունը»։ Քննարկվող անունների թվում, որոնք, ըստ որոշ աղբյուրների, կկարողանան «բանակցել Արևմուտքի հետ», Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն է, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Արգումենտի ի Ֆակտի»-ին տված հարցազրույցում, ի պատասխան «հատուկ գործողության ձգձգման» հարցին, ասել է, որ Ռուսաստանը «ժամկետներ չի դնում» և կրկին հայտարարել է, որ «նախագահի սահմանած բոլոր նպատակները կիրականացվեն»։ Միաժամանակ նա ընդգծեց, այսպես կոչված, «դենացիֆիկացիայի» նպատակը, այլ նպատակների կողքին, որոնք Պուտինը նշել է պատերազմ սկսելիս: Դրանք են Ուկրաինայի «ապառազմականացումը», ինչպես նաև, այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության և Ղրիմի անեքսիայի ճանաչումը։ Պատրուշեւի խոսքով՝ «Ուկրաինայի ճակատագիրը որոշելու են նրա տարածքում ապրող մարդիկ»։ Թե ինչ է դա նշանակում գործնականում, Պատրուշևը չբացատրեց:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ասել է, որ կավելացվի «հայրենասիրական» արվեստի գործերի և ֆիլմերի ստեղծման պետպատվերը։
3 ամսվա ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի հարավային շրջանների մի մասը, ինչպես նաև Խարկովի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանները։ Մեկ շրջանային կենտրոն՝ Խերսոնը, իսկ մեծ քաղաքներից Մարիուպոլը, որը գրեթե ամբողջությամբ ավերվել էր մարտերի ընթացքում, անցան Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ռուսական զորքերը նահանջեցին Կիևից: Հազարավոր, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ դարձել են ռազմական գործողությունների զոհ։ Ըստ Ուկրաինայի՝ ռուս զինվորականները բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարել, որոնք հետաքննում է Միջազգային քրեական դատարանը։
Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա