Մատչելի հղումներ

Փորձագետները ստուգում են Ռուսաստանի Դաշնության հայտարարությունները Ուկրաինայում արևմտյան զենքի խմբաքանակի ոչնչացման վերաբերյալ


Ի պատասխան Կրեմլի մեղադրանքների՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ պատրաստէ «մինչև վերջ» աջակցել Ուկրաինային՝ հակազդելու ռուսական չարդարացված ագրեսիային։

Ռուսական հրամանատարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ռուսական զորքերը ոչնչացրել են արևմտյան արտադրության զենքի մեծ խմբաքանակ Ուկրաինայի Ժիտոմիրի շրջանում՝ օգտագործելով Caliber ծովային թեւավոր հրթիռներ։

Reuters-ը և արևմտյան այլ լրատվամիջոցներ այժմ ստուգում են այս հաղորդումների իսկությունը:

ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը ոչնչացրել է «ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից առաքված զենքի և ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ» և նախատեսված է ուկրաինական զորքերի համար Դոնբասի արևելյան շրջանում, որտեղ այժմ ընթանում են ռազմական գործողություններ։

Զեկույցում նշվում է նաև, որ ռուսական հրթիռները հարվածել են Օդեսայի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստներին և խոցել ուկրաինական երկու Սու-25 ինքնաթիռ և 14 անօդաչու թռչող սարք։

Ռուսական ներխուժման սկզբից ի վեր Արևմուտքն իսկապես կտրուկ մեծացրել է զենքի մատակարարումները Ուկրաինա, և ռուսական զորքերը փորձում են որսալ և ոչնչացնել դրանք, գրում է Reuters-ը։ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները պայմանավորվել են Ուկրաինային ՀՕՊ համակարգեր, նավեր, ավիացիա և զրահատեխնիկա ստանալու կամ գնելու հնարավորություն տալ։

Մոսկվան ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրում է այն բանում, որ Կիևին զենք մատակարարելով և ռուսական տնտեսության դեմ արմատական պատժամիջոցներ սահմանելով՝ նրանք, փաստորեն, «պատերազմ» են մղում Ռուսաստանի դեմ։

Ի պատասխան Կրեմլի նման հայտարարությունների՝ Սպիտակ տունը բազմիցս նշել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ «անարդար» է և «անհիմն», իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի «աջակցել Ուկրաինայի խիզախ ժողովրդին, որը պաշտպանում է իր երկիրը ռուսական շարունակական ագրեսիայից»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես ավելի վաղ հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում, նույնիսկ եթե դա տարիներ պահանջի։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG