Մատչելի հղումներ

Ուկրաինան պատրաստ չէ զիջել որեւէ տարածք


Ռուսաստանը հայտարարում է, թե Մարիուպոլ նավահանգստային քաղաքում տարել է հաղթանակ, քաղաք, որը գրեթե երեք ամիս տևած պաշարումից հետո վերածել է ավերակների: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե իրենց օդուժը հաջողությամբ է հարվածներ հասցրել ուկրաինական ուժերին, կիրառելով նաեւ հրետանային հարձակումներ:

Ուկրաինային մայրաքաղաք ժամանելով` Լեհաստանի նախագահ Անդրժեյ Դուդան այս երկրի խորհրդարանում ուկրաինացիներին հորդորել է շարունակել պայքարը և չտրվել

Ռուսաստանի պահանջներին: Դուդան օտարերկրյա առաջին առաջնորդն է, որն այս օրերին ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էլ, Ասիա կատարած այցի ընթացքում գտնվելով նախագահական Air Force One օդանավում, ստորագրել է Ուկրաինային ռազմական և մարդասիրական օգնության նոր` 40 միլիարդ դոլարի չափով փաթեթը:

Ինչպես ‘’Ռոյթերս’’-ն է հաղորդում, Ուկրաինայի նախագահի գլխավոր խորհրդականը բացառել է կրակի դադարեցման դիմաց երկրի տարածքներ զիջելու հնարավորությունը: Մի բան, որը մեծաթիվ ռազմագետների խոսքերով, խոսում է պատերազմը դեռ երկար շարունակվելու հնարավորության մասին:

ԱՄՆ-ի միացյալ հրամանատարական անձնակազմի նախկին նախագահ, պաշտոնաթող ծովակալ Մայք Մալենը, ելույթ ունենալով կիրակի օրը, ABC-ի «Այս շաբաթ» հաղորդաշարի ընթացքում ասել է. ‘’Կարծում եմ Պուտինը ամենասկզբում ուզում էր վերցնել Կիևը, տապալել կառավարությունը, այն փոխարինել խամաճիկ կառավարությամբ: Բայց դա նրան չհաջողվեց: Սակայն կարծում եմ, որ նա կանի հնարավոր ամեն ինչ արևելքում հնարավորին չափ քիչ կորուստներ տալու համար’’: Մայք Մալենն այնուհետեւ հիշեցրել է այդ տարածքների շուրջ Զելենսկիի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան պատրաստ չէ զիջել որեւէ հատված:

Ուկրաինայում պատերազմը շարունակում է ցնցել Եվրոպան: Դրա վառ օրինակներից են Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք տասնամյակներ շարունակ մնալով որպես չեզոք պետություններ, որոշեցին անդամակցել ՆԱՏՕ-ին: Պուտինն ի պատասխան, ասել է, թե այդ դեպքում միջուկային զենք կտեղակայի այդ տարածաշրջանում: ‘’Իսկ անկյունում հայտնվելու դեպքում Պուտինը կարող է գնալ այդ քայլին’’, ասում է ծովակալը:

Այլ հաղորդագրությունների համաձայն, իրենց տներ են վերադառնում Կիեւի արվարձաններից հեռացած բնակիչները: Վերադառնում են ու արդեն սկսում վերականգնել:

«Մենք կվերականգնենք ամեն ինչ և կապրենք այնպես, ինչպես նախկինում էինք ապրում։ Մենք այն ժողովուրդը չենք, որը վախենում է դժվարություններից. Մենք մեր հողը չենք տալու: Ռուսաստանը թող միայն երազի դրա մասին: Բայց որքան շատ երազի, այնքան ավելի անկատար կմնան նրա երազանքները’’, ասում են վերադարձած անձինք:

Վերադարձած ուկրաինացիների հույսն ավելի է մեծանում, երբ մթության մեջ վերականգնվում է էլեկտրասնուցումը ու վառվում են լույսերը:

XS
SM
MD
LG