Ռուսաստանում ամեն օր քննում են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի «վարկաբեկման» վերաբերյալ մոտ 40 գործ են: Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր հարուցվել է ավելի քան 2000 գործ։ Այս մասին նախօրեին հայտարարել էր «Ագորա» իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը։ Այս հոդվածով նախատեսված տուգանքը կազմում է 30-ից 50 հազար ռուբլի: Իսկ կրկնակի խախտման դեպքում քաղաքացիներին սպառնում է քրեական պատիժ։ Հանրապետության տարբեր քաղաքներում մի քանի նման դեպքեր արդեն իսկ գտնվում են նախաքննության փուլում։
Հիշում ենք նաև, որ մարտի 4-ին՝ Ուկրաինայի վրա հարձակումից անմիջապես հետո, նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց «Զինված ուժերի մասին կանխամտածված կեղծ տեղեկատվության հրապարակային տարածման մասին» օրենքը։ Օրենքի խախտման համար նախատեսվում է տուգանք՝ մինչև 5 մլն ռուբլի կամ ազատազրկում՝ մինչև 10 տարի ժամկետով։ Ծանր հետևանքներ պարունակող «ֆեյքերի» տարածման համար կարելի է ազատությունից զրկել 10-ից 15 տարի ժամկետով։
Այսօր Ռուսաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ չեն հասկանում, թե ինչու է անհնար խոսել իրենց անհանգստացնող թեմաների մասին, և ինչու պետք է պատժվեն դրա համար, նույնիսկ եթե մարդը չի ընդունում Կրեմլի կարծիքը: Այս մասին է «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել Մոսկվայի Հելսինկյան խմբի համանախագահ, Սախարովի կենտրոնի հիմնադիր Վյաչեսլավ Բախմինը։ Նրա կարծիքով՝ պատերազմին դեմ արտահայտվողների ու իշխանություններին «սխալ» հարցեր տվողների մեջ կա երկու կատեգորիա. «Մեկն ամեն ինչ անում է գիտակցաբար՝ իր համոզմունքներին համապատասխան, քանի որ չի ուզում լռել, իսկ մյուսն անգիտակցաբար է արձագանքում տեղի ունեցողին»,- պարզաբանում է նա։ «Պարզապես մարդիկ հակված են խոսել այն մասին, թե ինչն է իրենց զայրացնում կամ ինչը չեն հասկանում… Եվ հանկարծ դրա համար ծանուցագիր են ստանում, հետո` առնվազն տուգանք և այլն»:
Սա շատ տհաճ արդյունքներ է խոստանում, առաջին հերթին հենց իշխանությունների համար, ասում է Վյաչեսլավ Բախմինը։ Որովհետև, նրա կարծիքով, այս կերպ մոբիլիզացվում են նրա մեծ թվով ընդդիմախոսները։
Ռուսաստանի Դաշնության և՛ վարչական, և՛ քրեական օրենսդրությունն օգտագործվում է պատերազմին ընդդիմացողներին «դնչկալ» հագցնելու և հակապատերազմական շարժումը սկզբից ի վեր խեղդելու համար, կարծում է Amnesty International-ի Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Նատալյա Պրիլուցկայան։ Նրա խոսքով, այս կերպ իշխանությունները փորձում են համոզել բոլորին, այդ թվում՝ իրենք իրենց, որ հասարակության մեջ կա Ուկրաինայի դեմ ագրեսիային հարյուր տոկոսով կողմ լինելու հարցում որոշակի կոնսենսուս:
«Հետևաբար, Կրեմլը վախենում է, որ ցանկացած հայտարարություն, ինչպես օրինակ «Ոչ պատերազմին», «Խաղաղություն աշխարհին» կամ նման այլ կոչեր, կարող են վնաս հասցնել այս կոնսենսուսին, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Պրիլուցկայան: ‘’Դա արդեն բավականին մոտ է մոլագարությանը: Սակայն այն, որ ռուսները, չնայած ամեն ինչին, շարունակում են ընդդիմանալ պատերազմին, լավ նշան է այն առումով, որ մարդկանց մի զգալի մասը դեռ չի կորցրել պատիվն ու խիղճը’’, ասում է նա։
Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը միշտ իրեն համարել է որպես Խորհրդային Միության իրավահաջորդ և պնդում է, որ ռուսներն, առավել քան որեւէ այլ ժողովուրդ, պատերազմ չեն ցանկանում, երկրում ստեղծել է բացարձակ անհեթեթ իրավիճակ, ասում է Նատալյա Պրիլուցկայան։
Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ ռուսական ագրեսիայի սկզբից ի վեր ռուսական բանակի կողմից հանցագործությունների ավելի քան 13000 դեպք է գրանցվել, որոնց հարցով սկսվել է հետաքննություն։ Դրանք ներառում են հանցագործություններ, որոնք հիմնականում կապված են խաղաղ բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների և բռնաբարությունների հետ: Երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի խոսքով՝ «ամեն օր ռազմական հանցագործությունների 100, 200, 300 նոր ապացույցներ են գրանցվում»։
Փաստորեն, Ռուսաստանի իշխանությունը վարկաբեկեց ինքն իրեն և բանակին հենց այս պատերազմի բռնկման փաստով, իսկ հետո սրեց իրավիճակը այն մեթոդներով, որոնցով իրականացվում է այսպես կոչված «հատուկ օպերացիան», վստահ է Նատալյա Պրիլուցկայան։ «Ինչպես թվում է, իշխանությունների գլխավոր խնդիրն է այժմ ապահովել, որ պատերազմի իրական մեթոդների մասին տեղեկատվությունը, այն, թե իրականում ինչ է կատարվում Ուկրաինայում, չհասնի ռուսներին»,- պնդում է նա։
Նա այն կարծիքն է հայտնում, որ Ռուսաստանում բռնաճնշումները հետագայում միայն կուժեղանան։ ‘’Առայժմ չկան դրանց մարելու համար նախադրյալներ’’, ասում է նա։ ‘’Իշխանություններն իրենց թիկունքն ուղղել են դեպի անկյուն, եւ Կրեմլը չգիտի, թե ինչպես պիտի ընդունի իր սխալները, առավել ևս ընդհանրապես չգիտի, թե ինչպես է ապաշխարելու», - ասում է վերլուծաբանը:
Եվ ամենամեծ բացթողումներից մեկն այն է, ասում է Վյաչեսլավ Բախմինը, որ իշխանությունները չունեն պաշտոնական կուրսի հետ չհամաձայնվող մարդկանց հետ զրուցելու համար որեւէ այլ գործիք, քան բռնաճնշումների միջոցը:
Սույն հոդվածը կազմված է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի Ռուսական ծառայության աշխատակից Վիկտոր Վլադիմիրովի համանուն վերնագրով հոդվածի հիման վրա: