Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող ռուս զինվորը չորեքշաբթի օրը, մայիսի 18-ին իրեն մեղավոր է ճանաչել տարեց անզեն քաղաքացիական անձի սպանության մեջ: Տանկի անձնակազմի 21-ամյա ռուս հրամանատար Վադիմ Շիշիմարինը ներկայացել է Կիևի շրջանային դատարան՝ փետրվարի 24-ի Մոսկվայի ներխուժմանը մասնակցած ռուս զինվորականի դեմ առաջին ռազմական հանցագործությունների գործի դատավարությանը:
Կիևի համար մեծ նշանակություն ունեցող դատավարությունում, Շիշիմարինին մեղադրում են փետրվարի 28-ին Ուկրաինայի հյուսիսարևելյան Չուպախիվկա գյուղում 62-ամյա քաղաքացիական անձի սպանության մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում, Շիշիմարինին սպառնում է ցմահ ազատազրկում:
Ուկրաինան մեղադրել է Ռուսաստանին ներխուժման ընթացքում խաղաղ բնակիչների նկատմամբ բազում դաժանությունների մեջ և հայտարարել է, որ բացահայտել է ավելի քան 10,000 հնարավոր պատերազմական հանցագործություն:
Ռուսաստանը հերքել է քաղաքացիական անձանց թիրախավորումը կամ ռազմական հանցագործությունների մեջ իր մասնակցությունը և մեղադրել է Կիևին ռուսական ուժերին զրպարտելու մեջ:
Դատի ժամանակ դատավորը Շիշիմարինին հարցրել է թե արդյո՞ք ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, որին նա դրական պատասխան է տվել:
Ուկրաինայի պետական դատախազությունը հայտնել է, որ Շիշիմարինն ու ևս չորս ռուս զինծառայողներ գողացել են մասնավոր մեքենա որպեսզի փախչեն այն բանից հետո, երբ նրանց շարասյունը ուկրաինական ուժերի թիրախ է դարձել:
Դատի ժամանակ ասվել է, որ ռուս զինվորները մեքենայով մտել են Չուպախիվկա գյուղ, որտեղ տեսել են անզեն մի բնակչի, ով հեծանիվ էր քշում և խոսում հեռախոսով: Այդ պահին Շիշիմարինին մեկ այլ զինծառայող հրամայել է սպանել քաղաքացիական անձին, որպեսզի նա չկարողանա հայտնել ռուսների ներկայության մասին: Շիշիմարինը մի քանի կրակոց է արձակել քաղաքացու գլխին մեքենայի բաց պատուհանից, ինչի արդյունքում նա անմիջապես մահացել է:
Հոդվածը պատրաստվել է «Reurters» լրատվականի նյութի հիման վրա: