Մենք ականատես ենք Երկրորդ աշխարհամարտի պատմության բռնագրավմանը. վերլուծաբանի տեսակետ

Հաղթանակի տոնի կապակցությամբ զորահանդես, Մոսկվա, 9 մայիսի, 2022թ.

Մայիսի 9-ին Center for European Policy Analysis հաստատությունը կազմակերպել էր «Պուտինի հաղթանակի առասպելների բացահայտում» անունը կրող քննարկում Հաղթանակի օրվա միֆականացման ու Ուկրաինայի շուրջ զարգացումների մասին

Մենք ականատես ենք Երկրորդ աշխարհամարտի պատմության բռնագրավմանը, երբ Պուտինը ձգտում է այն ներկայացնել որպես միայն Ռուսաստանի հաղթանակ առանց որևէ արևմտյան կամ ամերիկյան օգնության, առանց ուկրաինացիների, բելառուսների կամ այլ ազգերի մասնակցության, պնդում է վերլուծաբան Դեյվիդ Քրամերը մայիսի 9-ի քննարկմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի պատմությանն ու Մոսկվայի որդեգրած քաղաքականությանը: Ըստ նրա՝ զոհերի թվաքանակի տոկոսային հարաբերակցությունը վկայում է այն մասին, որ ավելի շատ ուկրաինացիներ կամ բելառուսներ են տուժել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, քան ռուսներ:

«Պուտինը փորձում է դա ներկայացնել որպես ռուսական հաղթանակ՝ միաժամանակ ռեաբիլիտացնելով Ստալինին։ Կարծում եմ, որ սրանում արտացոլված են նրա ջանքերը` ուղված այս առասպելի ու իր անձի պաշտամունքի ստեղծմանը: Դա նաև արտացոլված է նրա մոտեցման մեջ, ըստ որի՝ ԱՄՆ-ը գործնականում որևէ դերակատարություն չի ունեցել, և որ Ռուսաստանը ինքնուրույն է հասել հաղթանակի»,- ասում է Քրամերը:

Անդրադառնալով Պուտինի ելույթին Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ Քրամերն ընդգծում է, որ ելույթը ոգեշնչող չէր, չէր պարունակում ուկրաինական ռազմաճակատում որևէ հաղթանակի մասին հիշատակում: Այն, ըստ վերլուծաբանի, ավելի շատ պարտվողական էր՝ արտացոլելով Մոսկվայի անհաջողությունները Ուկրաինայում:

«Այն արտացոլում է, հավանաբար, Պուտինի ուշացած ընկալումը, որ այս հատուկ գործողությունը, որը Ռուսաստանում արգելված է կոչել պատերազմ, լավ չի ընթանում: Կարծում եմ, որ Պուտինն այժմ անխուսափելիորեն գիտակցում է դա»,- նշում է Քրամերը:

Ամերիկյան The Daily Beast առցանց պարբերականի սյունակագիր Ջուլիա Դևիսի կարծիքով էլ այս տարվա մայիսի 9-ի զորահանդեսի Պուտինի ելույթը միտված էր արդարացնելու ներխուժումը Ուկրաինա՝ այն կրկին կապելով այսպես կոչված նացիզմի դեմ պայքարի կեղծ մոտեցման հետ: Ըստ նրա՝ այսօր Ռուսաստանում փորձ է արվում խեղաթյուրել պատմությունն ու «նացիզմ» եզրը՝ այն հարմարեցնելով Պուտինի քաղաքական օրակարգին: Դևիսը շեշտում է՝ այդ իմաստով նրանք պնդում են, որ ցանկացած ոք, ով դեմ է ռուսական ագրեսիային, ներառյալ ուկրաինացիները, և բոլոր նրանք, ովքեր օգնում են Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիայից, որակվում են որպես նացիստներ:

«Այսպիսով Պուտինը փորձում է գողանալ ոչ միայն սեփական ժողովրդի և ուկրաինացիների ապագան, այլ նաև նրանց անցյալը` ձգտելով վերաշարադրել այն, խեղաթյուրել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «նացիզմը» կամ «ցեղասպանությունը»,- պնդում է ամերիկացի սյունակագիրը:

Նա նշում է, որ այսօր Ռուսաստանում փորձ է արվում Խորհրդային Միության կամ Ռուսաստանի վրայից հանել պատասխանատվությունը որևէ հակամարտության համար, ներառյալ ԽՍՀՄ-ի սանձազերծած 1939 թ.-ի պատերազմը Ֆինլանդիայի դեմ:

Միջոցառման բանախոս, Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարար Թութի Թուփերայնենը, իր հերթին անդրադարձավ Ֆինլանդիայի դեմ ԽՍՀՄ-ի հրահրած պատերազմին՝ շեշտելով՝ մենք զգում ենք այսօր ուկրաինացիների ցավը, քանի որ այս պատերազմն ունի շատ նմանություններ Ֆինլանդիայի դեմ պատերազմի հետ, երբ Ռուսաստանից շատ ավելի փոքր երկիր խիզախորեն պայքարում է մեծ զավթիչի դեմ:

«Ուկրաինայի վարած պատերազմը ևս կապ ունի գաղափարախոսության և արժեքների հետ, այլ ոչ միայն տարածքների: Հետևաբար մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին, քանի որ նրանք արժանի են ունենալ ժողովրդավարություն, ինքնիշխանություն և ազատություն»,- հայտարարել է Ֆինլանդիայի նախարարը:

Իր հերթին միջոցառման մեկ այլ բանախոս, The New Yorker պարբերական լրագրող Սուզան Գալսերի կարծիքով՝ Պուտինի որդեգրած մոտեցումներն այսօր պատերազմի հարցում հույս չեն ներշնչում, որ ուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել բանակցությունների միջոցով: Նրա կարծիքով այսօր Վաշինգտոնում չկա հստակ պատկերացում, թե իրականում ինչ է կատարվում Վլադիմիր Պուտինի հետ: