Մատչելի հղումներ

Պատերազմ Ուկրաինայում և Մայիսի 9. իրադարձությունների զարգացման հնարավոր հետևանքներ 


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային, հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների աղբյուրներին։

Փորձագետների կարծիքով, դա Ռուսաստանին հիմք կտա հայտարարելու ընդհանուր կամ մասնակի զորահավաք՝ ուկրաինական պատերազմի ժամանակ իր զինված ուժերի ծանր կորուստները փոխհատուցելու և շրջադարձային պահին մարտի դաշտ հասնելու համար:

Ըստ արևմտյան հետախուզության գնահատականների՝ Ուկրաինա ներխուժումից հետո ռուսական բանակը կորցրել է մոտավորապես տասը հազար մարդ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մեկ ամսից ավելի է, չի թարմացնում զոհերի և վիրավորների մասին հաղորդագրությունները։

Ավելի վաղ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը նախազգուշացրել է, որ Մոսկվան մինչև մայիսի 9-ը կարող է Ուկրաինայի արևելյան տարածքների մի մասը միացնելու որոշում կայացնել, դրանց թվում են Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջանները։ Սակայն, Կրեմլի կողմից ընդհանուր զորահավաքի ծրագրերը հերքվում են:

Դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, քանի որ նախագահ Պուտինից ամեն ինչ սպասելի է,- «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տրված իր մեկնաբանություներում նշել է Մոսկվայի Հելսինկյան խմբի համանախագահ, Սախարովի կենտրոնի հիմնադիր Վյաչեսլավ Բախմինը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարելու տարբերակն այնքան անխոհեմ է թվում, որ այդ մտքին լուրջ վերաբերվելու անհրաժեշտություն չկա։ «Ամեն դեպքում, հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա»,- հավելել է նա։ - «հակառակ դեպքում, դա աղետի եզրին կհասցնի և՛ երկիրը, և՛ Եվրոպան, և նույնիսկ ամբողջ աշխարհը: Այդ ամենը կնշանակի է, որ որոշում է կայացվել պատերազմը հաղթանակի տանել ցանկացած միջոցներով, դա պարզապես սարսափելի կլինի: Հուսով եմ, որ այս իրավիճակից դեռ ավելի քիչ արյունալի ելք կա»։

Վյաչեսլավ Բախմինը նաև հիշեցնում է, որ բոլորս հույս ունեինք, որ Ուկրաինայի վրա հարձակումը նույնպես տեղի չէր ունենա. «Ընդհանուր զորահավաք հնարավոր է միայն պատերազմ հայտարարելուց հետո: Միևնույն ժամանակ, պարզ է, որ զորահավաքը բոլորովին այլ մակարդակի կոնֆլիկտ է, և այստեղ «հատուկ գործողության» մասին խոսելն անիմաստ է։ Դա կարող է ամբողջովին փոխել վերաբերմունքը երկրի ներսում ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Ի վերջո, մի բան է հեռուստացույցի առջև նստած՝ աջակցել ռուս լրատվամիջոցների կողմից անվանվող «հատուկ օպերացիան», մեկ այլ բան ‘ լայնամասշտաբ պատերազմ սկսել հարևան պետության հետ։ Զարմանալի չէ, որ երկրում արգելված է «պատերազմ» բառը։ Բնակչության արձագանքն այս բառին կարող է չափազանց բացասական լինել»։

Իրավապաշտպանը պնդում է, որ քաղաքացիների որոշակի մասի համար «հատուկ օպերացիա»-ն դեռ համակարգչային խաղի բնույթ է կրում։ «Սրա հետևում տեսնել իրադարձությունների ամբողջ արյունահեղությունը, բավական դժվար է շատ մարդկանց համար: Հետևաբար, վիրտուալ պայքարից իրական պատերազմի անցումը զորահավաքի միջոցով, անխուսափելիորեն կբացահայտի մեծ թվով զոհեր և Կրեմլի համար անկանխատեսելի հետևանքներ կունենա։ Այս ամենը կարող է արմատապես փոխել կատարվածի ընկալումը բնակչության մեծամասնության կողմից»,- ամփոփել է Մոսկվայի Հելսինկյան խմբի համանախագահը։

Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը նշել է, որ զորահավաքի հայտարարությունը սկզբունքորեն հնարավոր է։ Սակայն դա, նրա կարծիքով, մեծ խնդիրներ առաջ կբերի։ «Այդ ժամանակ դե ֆակտո կընդունվի, որ եղած կարողություններով պայքարելն անհնար է, ուստի պետք է վերադառնալ հին խորհրդային մոդելին և պայքարել քանակով»,- ընդգծել է նա «Ամերիկայի Ձայն»-ին տված մեկնաբանությունում: «Բայց այդպես շարժվելը այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ Ժամանակակից պատերազմում բանակի չափը որոշիչ գործոն չէ։ Մեր օրերում ամեն ինչ որոշում են ժամանակակից զենքի տեսակները, հետախուզության մակարդակը, հաղորդակցությունը և այլն»:

Դմիտրի Օրեշկին վստահ է, որ մեծ թվով անպատրաստ ժամկետային զինծառայողները իրավիճակը փրկել չեն կարող: «Եթե զորահավաքը իսկապես տեղի ունենա, դա ցույց կտա Կրեմլի անկարողությունը ժամանակակից պատերազմի համատեքստում: Ուկրաինան զորակոչիկ չունի, այնտեղ զինվորականները վարձատրվում են մեծ գումարներ, և զինվորների պակաս չկա: Զինված ուժեր են տանում միայն լավ պատրաստված մարտիկների, ովքեր արդեն որոշակի փորձ և պատրաաստություն ունեն: Այդ պատճառով էլ Ուկրաինան հաղթելու ավելի շատ շանսեր ունի»։

Քաղաքագետը կարծում է, որ պատերազմ հայտարարելը Պուտինի համար աղետալի կլինի: «Մոտ երեք ամիս է Ռուսաստանում այս հարձակումը պարզապես անվանում էին հատուկ գործողություններ և հիմա միանգամից պատերազմ հայտարարելը մեծ փոփոխություն կլինի։ Սա կնշանակի հատուկ գործողության ձախողման ճանաչում, իսկ եթե հայտարարվի Լուգանսկի և Դոնեցկի տարածքները Ռուսաստանին միացնելու մասին որոշում, ապա պարզ չի լինի, թե ինչ սահմաններում: Ի վերջո, Լուգանսկի և Դոնեցկի շրջանների վարչական սահմաններին հասնելու խնդիրը դեռ ավարտված չէ: Սա հավանաբար կարելի է բացատրել քարոզչական տեսանկյունից, բայց գլխավորն այն է, որ եթե նման սցենարն իրականանա, ապա Ռուսաստանը անխուսափելիորեն կբախվի ամելի բուռն ու երկարատև պատժամիջոցների,» եզրափակել է Դմիտրի Օրեշկինը։

Հոդվածը պատրաստվել է Վիկտոր Վլադիմիրովի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG